Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուտով՝ օրենքի իշխանություն

Փետրվար 20,2010 00:00

Երեկ Մարալիկում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ այսպես հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Գագիկ Ջհանգիրյանը:

Մարալիկցիներն ու հարեւան համայնքի՝ Ձորակապի բնակիչները բողոքի էին դուրս եկել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Հարություն Ուռուտյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի: Հիշեցնենք, որ թե՛ մեկը եւ թե՛ մյուսը արդեն 2 տարի ազատազրկման մեջ են: Հ. Ուռուտյանը 1-ին քաղբանտարկյալն էր, որին ազատազրկեցին հենց նախագահական ընտրությունների օրը՝ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության աշխատակից Սուրեն Ավետիսյանին իբրեւ թե խփելու համար, ինչի համար Հ. Ուռուտյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման եւ հիմա գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում: Նրա ավագ որդու՝ Բաբկենի խոսքերով, իր հոր առողջական վիճակն այնքան էլ նորմալ չէ, հաճախակի է ճնշումը բարձրանում, որը կապված է նյարդային վիճակի հետ: Նմանապես անառողջ վիճակում է գտնվում 5 տարի ազատազրկման դատապարտված ու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մուշեղ Սաղաթելյանը: Նրա որդի Սեւակը մեզ փոխանցեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստուգման ենթարկվելուց հետո այժմ հորը տեղափոխել են «Վարդաշենի» բուժմաս, սակայն նրա ճնշումը հաճախակի է տատանվում, ունի ստամոքսի էրոզիա, բարձր է խոլեստերինը:
Նշենք, որ այս ամենով հանդերձ, 2 քաղբանտարկյալին ազատ արձակելու մտադրություն ամենեւին չկա, նույնիսկ համաներումը նրանց վրա չի տարածվում: Երեկ ՀԱԿ-ի ակտիվիստները` Մյասնիկ Մալխասյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը եւ այլք, Մարալիկի ՀԱԿ-ի գրասենյակի մոտ հանդիպեցին բողոքի դուրս եկած բնակչության հետ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին: Իսկ վերջիններս հետաքրքրված էին թե՛ ՀԱԿ-ի երկարատեւ լռությամբ, թե՛ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալ-չգալով, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի «խաղերով» եւ թե՛ տնտեսական ճգնաժամով: Ժողովրդի հետ հիմնականում հարց ու պատասխանի մեջ մտել էր Գ. Ջհանգիրյանը: Նա դեռեւս քաղբանտարկյալներ ունենալու փաստը մեկնաբանեց այսպես. «Եթե իշխանություններն այդքան ամուր են, ուժեղ են, ապա մեր տղաներին, առավել եւս ընտրություններից հետո 2 տարի դրսերում պահելը լրիվ անիմաստ է, իրենք առայժմ վախեցած են, հիմա ավելի շատ են վախեցած, քան առաջ, որովհետեւ տնտեսական անկումը՝ մի կողմից, քաղաքական լարվածությունը՝ մյուս, իրենց բերել-հանգեցրել է շատ ծանր իրավիճակի: Հարկային բարեփոխումների փաթեթը, որ ուզում են մտցնել, կադաստրային գների բարձրացումը՝ հողերի, անշարժ գույքի, բյուջեն չեն կարողանում հավաքել, փաստ է, իհարկե, ես տնտեսագետ չեմ, որ ավելի մանրամասն ձեզ ասեմ, բայց ես կարող եմ ասել՝ էդ միասնությունը ֆորմալ, որ 2 տարի առաջ կար կոալիցիայի մեջ, հիմա էդ միասնությունը չկա, իրար միս են ուտում, գզվռտոց է ընկել մեջները, արդեն մի քանի ներիշխանական նախագահի թեկնածու ունեն»:
Գ. Ջհանգիրյանը, չհամաձայնելով ՀԱԿ-ի հասցեին հնչեցրած այն քննադատություններին, թե հանրահավաքները ուշ-ուշ են անում, հիշեցրեց, որ իրենց առաջնորդի այս քաղաքականությունը կապված է ներքին եւ արտաքին մարտահրավերներով. «Կարծում եմ, մեր քաղաքականությունը իրեն արդարացրել է, մենք չենք խոչընդոտել, երկրին վնաս չենք հասցրել, Ղարաբաղի հարցում մեր պայքարը չի բերել Հայաստանի դիրքերի թուլացման, այլ հակառակը՝ մենք մեր զսպվածությամբ ապահովել ենք, որպեսզի հայկական կողմը բանակցություններում ուժեղ լինի, բայց, ինչպես տեսնում եք, ղարաբաղյան բանակցությունները վատ ընթացք են ունենում, Թուրքիան դարձավ, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի չհայտարարված 4-րդ կողմը: Ես կարծում եմ, որ այս քաղաքականությունը բերելու է վարչակազմի կրախի, հուսով եմ, որ ձեզ հետ  մենք շուտով էս երկրում հաստատելու ենք օրենքի իշխանություն, որպեսզի 10 տարում նախագահը չկարողանա ազգային հարստության մեծ մասը թալանել կամ Ղարաբաղից մի կոստյում-շալվարով եկած պաշտոնյան էստեղ դառնա միլիարդատեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել