Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԲԱՑՎԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Փետրվար 20,2010 00:00

Ոլորտի խնդիրները թեթեւացնելու համար

Հայերն էկոլոգիապես անկիրթ են, քանի որ դպրոցներում եւ բուհերում այդ առարկան այնքան էլ լավ չի դասավանդվում: Դա է վկայում այն, որ բնապահպանությունն այդպես էլ չի դարձել մեր կյանքի մի մասը: Ըստ մասնագետների՝ բնապահպանությունը ոչ թե պարզապես առարկա է, այլ ապրելակերպ:
Այս տեսակետի հետ համամիտ է նաեւ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը: Նա, պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե էկոլոգիա առարկան ուսումնական հաստատություններում իսկապես ճիշտ չի դասավանդվում, ասաց. «Չեմ կարծում, որ էկոլոգիան իսկապես վատ է դասավանդվում, ուղղակի ինչ-որ տեղ մոտեցումները հնացած են: Եթե այդ ամենը ճիշտ ձեւով մատուցվի, լավ կլինի: Իմ կարծիքով, պրոբլեմն այն է, որ այս առարկային երկուստեք լուրջ չեն վերաբերվում՝ ոչ դասավանդողը, ոչ էլ սովորողը: Դեռեւս սովետական ժամանակաշրջանից մեծ խնդիր էր այն, որ քաղաքացու սովորած էկոլոգիան, որպես կիրառելի առարկա, չէր օգտագործվում առօրյայում: Այդ խնդիրը կա նաեւ հիմա: Մեր խնդիրը հենց դա էր, որ մենք սովորեցնենք բնապահպանությունը կիրառել: Դեռ 2006 թվականին էր, որ մեր այդ ծրագիրը թղթի վրա գրված ներկայացրինք «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը: Մեր գաղափարն էր դպրոցին կից ստեղծել էկոակումբներ, որտեղ դպրոցից հետո երեխաները պետք է գային եւ տարբեր առարկաներ սովորեին: Այդ դասընթացները շատ օգնեցին երեխաներին բնության մեջ նկատել այն ամենը, ինչ մինչ այդ չէին տեսնում: Սկսեցին իրենց կարծիքն արտահայտել տարբեր բնապահպանական խնդիրների մասին: Այս ամենը նաեւ անհատի կայացմանը, պատասխանատու քաղաքացի դառնալուն շատ լավ հիմքեր է տալիս»:
Բացի էկոակումբներից, բնապահպանություն ուսուցանելու բացը լրացնելու համար հիմնադրամը որոշել է բացել էկոլոգիական կրթության քոլեջ. «Այդ գործում էլ մեր մեջքին կրկին կանգնած է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն: Քոլեջը մեր տարածաշրջանում միակն է լինելու, որտեղ սովորողները ուսումնասիրելու են տարբեր էկոլոգիական առարկաներ, սկսած վիդեոօպերատորությունից մինչեւ վայրի բնության մեջ աշխատելը, պատրաստելու ենք մասնագետներ, որոնք տարբեր բիզնեսոլորտների աշխատողներին խորհուրդներ են տալու՝ ինչպես ավելի բնապահպանական աշխատել արտադրական շղթայում: Դա շատ ակտուալ մասնագիտություն է: Եթե ամեն ինչ մեր նախատեսածով գնա, ապա 2 տարի հետո Երեւանում այդ քոլեջը մենք արդեն կունենանք»: Այստեղ դիմողները, ըստ պարոն Խաչատրյանի, պետք է ունենան նվազագույնը միջնակարգ կրթություն, իսկ դասավանդման ծրագիրը իրենք հիմա մշակում են. «Ունենք նաեւ գործընկերներ ԱՄՆ-ում, որոնց հետ խորհրդակցում ենք: Այս քոլեջի ուսանողների համար նախատեսում ենք նաեւ հնարավորություն ստեղծել արտասահմանում որոշ ժամանակով ուսանելու նույն առարկաները: Այստեղ ուսուցումը լինելու է նաեւ անգլերեն, որպեսզի տարածաշրջանի այլ պետությունների քաղաքացիներն էլ կարողանան մասնակցել դասընթացներին: Դասավանդող մասնագետներին վերապատրաստելու ենք այս 2 տարվա ընթացքում, եւ ներգրավելու ենք նաեւ արտասահմանյան մասնագետների»: Ռ. Խաչատրյանն ասաց, որ ընդհանուր ուսումնական պրոցեսը լինելու է 3 փուլով՝ մեդիայի առարկաները, էկոլոգիական մասնագիտական առարկաներ, էկոլոգիական դիզայն, PR ուղղություններով: Նա համոզված է, որ քոլեջի բացման առաջին իսկ տարվանից ունենալու են 300 ուսանող. «Ճիշտն ասած, այդ քոլեջի բացումը լինելու է մեր մեծ պրոյեկտի միայն մի մասը, որի շուրջ դեռ շատ մանրամասն չեմ ցանկանում խոսել, բայց ասեմ, որ մենք մեր ծրագիրը ներկայացրել ենք նաեւ Երեւանի քաղաքապետին, որը շատ հետաքրքրված է ու ոգեւորված այս պրոյեկտով: Ինչ վերաբերում է քոլեջի շենքին, հիմա այդ առնչությամբ քննարկումներ են գնում»: Նա ասաց, որ այս ուսուցումը մատչելի է լինելու բոլորի համար:
Անդրադառնալով էկոլոգիական կրթությանն ընդհանրապես, նա ասաց, որ աշխարհում միտում կա, որ էկոլոգիական կրթությունը դարձնեն «առաջինը դարակում». «Սա նկատվում է մասնավորապես Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, որտեղ այդ կրթությանը շատ մեծ տեղ է հատկացվում: Այնտեղ արդեն կան համալսարաններ, որտեղ, շատ այլ առարկաների հետ, ուսումնասիրվում են նաեւ էկոլոգիական շատ կոնկրետ առարկաներ: Դա շատ լավ է, որ անհատի կայացման մեջ դրվում է նաեւ այս հարցը: Հայաստանում, ինչպես նաեւ բոլոր հետխորհրդային երկրներում այդ գործընթացը ոչ կարեւոր է համարվում, կարծում եմ, որ դա կապված է հատկապես տնտեսական դրության հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել