Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է թանկանում գազը

Փետրվար 20,2010 00:00

\"\"«ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ պատասխանեց «Առավոտի» եւ
4 այլ լրատվամիջոցների հարցերին:

 Ինչո՞ւ է ռուսական կողմը խոսում գազի գինը 20%-ով թանկացնելու մասին, իսկ մեզ մոտ այդ թանկացումը կազմելու է 40-41% («Առավոտ»):
– Սակագնի թանկացումն ինքնանպատակ չէ: Դրա հիմքում ընկած են տնտեսական օբյեկտիվ իրողություններ: Դրանց թվում են՝ Հայաստան ներկրվող բնական գազի գնման գնի շուրջ 17% աճը, ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքի 27% աճը, գազամատակարարման համակարգում 2009թ. կատարված շուրջ 11.2 մլրդ դրամի ներդրումները եւ դրանցով պայմանավորված՝ շահագործման եւ սպասարկման որոշ ծախսային հոդվածների փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ներդրումներից ակնկալվող հիմնական միջոցների մաշվածությունը եւ շահույթը, բնական գազի սպառման ծավալների նվազումը (2009-ին, նախորդ տարվա համեմատ, առկա է բնական գազի սպառման ծավալների 20% նվազում): Համաձայն կանխատեսումների եւ սպառողների կողմից ներկայացված հայտերի, նվազման միտումը կպահպանվի նաեւ 2010թ. ընթացքում: 2009թ.-ին ներկրվող բնական գազի գնման գնի 40%-ով աճի պարագայում, երբ $110/հազ.խմ-ից դարձավ $154/հազ.խմ, բնակչությանը վաճառվող բնական գազի գինն աճել է ընդամենը 14.3%-ով՝ 84000 դրամ/հազ.խմ.-ից դառնալով 96000 դրամ/հազ.խմ, որի հաշվարկման հիմքում դրված է $ 1/303,69 դրամ փոխարժեքը: 2010թ.-ին ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի 17%-ով աճի պարագայում ($154/ հազ.խմ-ից՝ $180/հազ.խմ) ընկերության կողմից առաջարկվել է բնակչությանը վաճառվող գազի գինը բարձրացնել 41,7%-ով՝ 96000 դրամ/հազ.խմ.-ից 136000դրամ/հազ.խմ, որում հաշվի են առնված բնակչության հատվածին բաժին ընկնող ծախսերի համամասնությունը եւ կատարված ներդրումները:
– Մարդիկ չափազանց դժգոհ են գների բարձրացումից, մտավախություն ունեն, թե այսպես շարունակվելու դեպքում ստիպված են լինելու անցնել փայտե վառարանների. չե՞ք անհանգստանում, որ գազի գնի այս բարձրացումը սոցիալական բողոքի տեղիք կտա, գիտե՞ք, որ մարդիկ այսօր վճարունակ չեն («Առավոտ») :
– Այո, մենք անհանգստացած ենք իրավիճակով եւ հետեւանքներով: Մեր ծառայությունն ունի սոցիալական լուրջ բաղկացուցիչ, եւ գազի գնի բարձրացումից մենք չենք կարող մեզ լավ զգալ: Մենք շահագրգիռ ենք, որպեսզի բնական գազը մատչելի լինի սպառողների համար: Բայց շուկայում ամեն ապրանք իր գինն ունի, եւ հնարավոր չէ ապրանքը վաճառել իր ինքնարժեքից էժան: Նույնը նաեւ կառավարությունը. ոչ մի իշխանության ցանկալի չէ անհարկի լարվածություն: Կառավարությունն այսօր մեխանիզմներ է մշակում սակագնի հետեւանքները մեղմելու համար: Մեր հաշվարկներով՝ գազի գնի բարձրացումը շարքային սպառողի համար կունենա միջին ամսական կտրվածքով մոտ 2000 դրամի ազդեցություն: Միաժամանակ դա շուրջ 5 մլրդ դրամի լրացուցիչ մուտք կապահովվի ՀՀ բյուջե, ինչի հաշվին հնարավոր կլինի մեղմել սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի համար:
– Ինչո՞ւ է գազը թանկանում բնակչության համար՝ 40%, խոշոր սպառողների համար՝ կրկնակի քիչ:
 – Ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ սպառողների այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը: Բնակչությանը գազ մատակարարվում է ցածր ճնշման գազատարերից, եւ նրա վաճառքի սակագնում ներառվում են նաեւ բարձր եւ միջին ճնշման գազատարերի շահագործման եւ սպասարկման ծախսերի մասնաբաժինները, ինչով պայմանավորված է եղել տվյալ սպառողական խմբի մանրածախ եւ մեծածախ գների տարբերությունը: Ինչ վերաբերում է բնակչության համար մոտ 40% աճին, ապա ես կուզեի հիշեցնել, որ երբ հանձնաժողովը որոշում ընդունեց գործող 96 հազ. դրամ/1000խմ սակագնի համար, հաշվարկման հիմքում դրված էր դոլարի 303,69 դրամ փոխարժեքը, որի դեպքում գինը կազմել է $316: Եթե հանձնաժողովը որոշում ընդուներ տառացիորեն մի քանի օր հետո, երբ փոխարժեքը բարձրացավ մինչեւ 370 դրամ, ապա կունենայինք ոչ թե 96 հազ. դրամ/1000խմ, այլ 117 հազ. դրամ/1000խմ, իսկ ներկայիս 385 դրամ փոխարժեքի պայմաններում՝ 122 հազ. դրամ/1000խմ: Ստացվում է, որ մեր բնակիչը փոխարժեքի աճի հետեւանքով պետք է վճարեր 21-26 հազար դրամից ավելի գումար: Առաջարկված 136 հազար դրամ սակագնի պարագայում իրական աճը կազմում է ոչ թե 41.7%, այլ ընդամենը 11.4%: Քանի որ հանձնաժողովը, որպես կանոն, մեր առաջարկածից ցածր է ընդունում սակագինը, պարզ է դառնում, որ բարձրացումը կարող է լինել 10%-ի սահմանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել