Վերջերս ՀՀ կառավարությունն ԱԺ ներկայացրեց հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով տարանջատվում են պետական եւ տեղական հարկերը, ինչպես նաեւ սահմանվում են ութ նոր հարկատեսակներ:
Նախագիծն ԱԺ-ում բուռն քննարկումների, անգամ «փոխհրաձգությունների» տեղիք տվեց, ինչի արդյունքում հայրենի կառավարությանը լրացուցիչ 15 օր տրվեց՝ այն ԱԺ-ի քվեարկությանը ներկայացնելու բարելավված տարբերակով: Մանր եւ միջին գործարարության ջատագով՝ Հայաստանի ժողովրդավարական-ազատական միության ղեկավար Վահրամ Մկրտչյանը, «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով կառավարության առաջարկները, նկատեց. «Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ միտում կա համայնքներն ուժեղացնելու, բայց երբ սկսում ես հասկանալ, թե այդ լրացուցիչ ութ հարկատեսակներն ինչ հետեւանքներ կունենան մանր եւ միջին բիզնեսի հետագա զարգացման վրա՝ շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ըստ իս, այս առաջարկները ոչ միայն չեն խթանելու մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը, այլեւ շատ-շատ խանգարելու են»: Մեր զրուցակցի համոզմամբ՝ առավել ծանր կացության մեջ է ընկնելու գյուղացիությունը. մարդիկ, ովքեր հողի սեփականատերեր են, բայց այս կամ այն պատճառներով չեն կարողանում մշակել այդ հողերը: Այս համատեքստում պարոն Մկրտչյանն անդրադառնում է, մասնավորաբար, «Գյուղատնտեսական նշանակության անմշակ հողի հարկ» նորամուծություն-հասկացողությանը եւ սեփական օրինակով ներկայացնում խնդիրը. «Ծնողներս գյուղում են բնակվում, եւ ունենք 8 հեկտար հող, որի մի մասը չենք մշակում: Ընդհանրապես, մեր տարածաշրջանում՝ բարձր լեռնային, գյուղնշանակության շատ հողեր թողնվում են որպես խոտհարքեր, որովհետեւ արդյունավետ չէ: Վերցնենք՝ Գեղարքունիքի տարածաշրջանը, որտեղ նախորդ տարի կարտոֆիլ շատ քիչ է մշակվել, քանի որ գյուղացին նորմալ գնով ավելցուկ ապրանքի սպառման խնդիր ունի, դրա համար էլ օպտիմիզացնում է իր տարածքը՝ մշակում է այնքան հող, որ իր կարիքները բավարարի: Մի մասը մնում է անմշակ»: Ըստ մեր զրուցակցի, այս հարկատեսակն իր մեջ թերեւս գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը խթանելու տարրեր է պարունակում, ինչի արդյունքում նաեւ անմշակ հողեր չեն մնա, բայց քանի որ կառավարությունը չի ներկայացնում այս հարկատեսակի վերաբերյալ այլ մանրամասներ, հետեւաբար մտահոգություններ են առաջանում. «Ուրեմն, որոշակի մարդկանց հողերը պետք է խոշորացնել, դրա համար էլ գյուղացիությանն այդ վիճակի մեջ են գցում, որպեսզի ստիպված լինեն հող վաճառելու: Ի դեպ, Երեւանից հեռու գտնվող վայրերում հողի մեկ հեկտարի արժեքը ընդամենը մի քանի հարյուր դոլար է»: Վ. Մկրտչյանի համոզմամբ, այսպիսով նորից հստակ բեւեռացում է գնալու, ու եթե հողի սեփականատիրոջն այսօր որպես միջին խավ ենք դիտարկում, այս հարկատեսակների ոչ ճիշտ, ոչ նպատակային կիրառման դեպքում միջին խավի տոկոսը կնվազի:
Մեր զրուցակցին բավականին կասկածելու տեղիք է տալիս նաեւ «Վաճառքի հարկ» հասկացողությունը: Քանի որ սա տեղական հարկատեսակների մեջ է մտցված, եւ մնացյալ բոլոր վաճառքները կարգավորվում են մյուս օրենքներով, ենթադրվում է, որ այս հարկատեսակը նախատեսված է գյուղմթերքների վաճառքի համար: «Մինչ այժմ գյուղացին իր ապրանքը վաճառում էր գյուղմթերքների շուկայում եւ ոչ մի հարկ չէր վճարում: Այժմ քանի որ վերահսկողությունը դրվում է գյուղապետերի վրա, իսկ գյուղապետը լավ գիտի, թե որ գյուղացին իր որ հողակտորից ինչքան բերք ստացավ, հենց բերքը հավաքեց՝ տեղում հարկը կվերցնի: Այսինքն՝ սա կբերի գյուղմթերքների թանկացման»: Ոչ պակաս զավեշտական է «Տրանսպորտային միջոցի կայանատեղի հարկը», որն, ի դեպ, շատ պետություններում սահմանված է՝ ելնելով այն նկատառումից, որ յուրաքանչյուրն ըստ իր ցանկության կամ ճաշակի մեքենան չկայանի՝ տեղական ինքնակառավարման մարմնից վարձակալվում է հողակտորը: «Արդյոք սա դրա՞ համար է»,- տարակուսում է մեր զրուցակիցը՝ հավելելով. «Օրինակ, ես տրանսպորտային միջոց ունեմ, որն իմ բազմաբնակարան շենքի բակում կանգնում է: Կարո՞ղ են ասել՝ այստեղ կայանում ես՝ հարկ տուր: Եթե այդպես է՝ մտահոգիչ է, քանի որ մարդն իր տրանսպորտային միջոցի համար արդեն գույքահարկ վճարում է»: ՀԺԱՄ նախագահը չի հասկանում նաեւ, թե ինչ ասել է՝ «Հանրային տարածքները զբաղեցնելու հարկ»: «Հանրային տարածք են փողոցները, մայթերը եւ այլն. ենթադրենք, հանրահավաք է արվում՝ պիտի հա՞րկ վճարվի»,- հարցնում է Վ. Մկրտչյանը՝ հավելելով. «Եթե ներկայացված լիներ փաթեթ, որտեղ կբերվեր առաջարկվող հարկատեսակների ողջ տրամաբանությունը՝ կկարողանայինք հասկանալ՝ դրանք խթանո՞ւմ են, թե՞ վնասում են, ի՞նչ նպատակ ունեն, ինչի՞ն են միտված: Իսկ այսպես՝ օդի մեջ, բավականին խոցելի եւ քննադատելի է: Եթե մեր կուսակցությունը խորհրդարանում լիներ՝ սրան անպայման «դեմ» կքվեարկեր: Կոչ ենք անում խորհրդարանականներին՝ չընդունել այս թերի օրենքը»: Ինչ վերաբերում է «Անավարտ շինարարության» կամ «Ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի» հարկերին՝ մեր զրուցակիցը նկատում է, որ մարդիկ հիմնականում կիսատ են թողնում շինարարությունը՝ ֆինանսական խնդիրների պատճառով, հետեւաբար, նմանօրինակ հարկատեսակի սահմանումը պարզապես անհեթեթ է համարում, մանավանդ, որ գույքահարկի տեսքով արդեն իսկ հարկ վճարում է:
Մեկ մտահոգություն էլ կա՝ կապված տեղական հարկերի սահմանումը, դրանց դրույքաչափերի որոշումը, բացի գույքահարկից եւ հողի հարկից, ՏԻՄ մարմինների վրա դնելուց. «Մեր փոքր համայնքների չկազմակերպված եւ չկայացած լինելու հանգամանքը կբերի նրան, որ այդ մարդիկ որոշակի գայթակղությունների կտրվեն եւ շատ-շատ օրենքներ կխախտեն՝ իրենց գցելով քրեական պատասխանատվության դաշտը»: