Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

Փետրվար 20,2010 00:00

Թուրքիայով տարանցումը մեզ վրա անհամեմատ ավելի թանկ կնստի, քանի Վրաստանով տարանցումը՝ այն պարզ պատճառով, որ մինչեւ Թրապիզոնի նավահանգիստ երկաթուղի չկա, իսկ դեպի Եվրոպա ամենաէժան ճանապարհն անցնում է Բաթումով. «ԱրմԻնֆոյին» երեկ տված հարցազրույցում կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Ամեն ինչ պարզ է, քանի որ Հայաստանից դեպի նույն Թուրքիա ամենաէժան ճանապարհն անցնում է Բաթում տանող երկաթուղով, իսկ հետո՝ կամ ավտոխճուղով, կամ ծովային ճանապարհով դեպի Անկարա, Ստամբուլ եւ այլն: Ուշադիր ուսումնասիրելով բոլոր հիմնավորումները, որոնք այսօր բերում են իշխանությունները, մենք կտեսնենք, որ դրանք խրթին են, չհիմնավորված եւ անբացատրելի: Կայացնելով այդպիսի որոշում՝ հարկավոր էր ամեն ինչ հաշվարկել՝ թե դրական, թե բացասական կողմերը, թե՝ ինչ ենք ստանուն եւ ինչ կորցնում: Եվ եթե տնտեսական շահերը այնքան մեծ են, որ հարկավոր  է գնալ ինչ-ինչ քաղաքական զիջումների, ապա դրանք պետք է տեսանելի լինեն, իսկ այդպիսիք, վերջնական արդյունքում, մեզ համար չկան: Իսկ Թուրքիայի աղքատ, սահմանամերձ շրջանների համար կան»,- նշել է նա: Նախկին նախարարի կարծիքով, հայ-թուրքական գործընթացի պարագայում Ռուսաստանի շահագրգռվածությունը հենց մասնակցությունն է, սեփական շահերը պաշտպանելու հնարավորությունը, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը տարածաշրջանում համընկնում են, հետեւաբար, ղարաբաղյան հարցը եւ հայ-թուրքական սահմանի բացումը ուղղակիորեն փոխկապակցված են, թեեւ ՀՀ իշխանությունները դա հերքում են՝ գործը չփչացնելու նկատառումներով: Ընդ որում, ըստ նախկին նախարարի՝ թե ԱՄՆ-ը, թե Թուրքիան մեկ շահ ունեն՝ ՆԱՏՕ-ի, հետեւաբար նաեւ՝ իրենց դերի բարձրացումը տարածաշրջանում եւ, վերջնական արդյունքում, ՌԴ-ի առավելագույն դուրս մղումը տարածաշրջանից: «Օրինակ, Թուրքիայի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում արդեն հայտարարել է, որ իրենց խնդիրը Հայաստանն արեւմտյան ուղուն հակելն է՝ լիովին դուրս մղելով Ռուսաստանին ու Իրանին Հարավային Կովկասից»,- ամփոփել է Վաղարշակ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել