Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախագահի հայտարարությունները իրականացվում են»

Փետրվար 20,2010 00:00

Վստահ է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը երեկ որոշեց դիմել ԱԺ նախագահին՝ առաջարկելով չքննարկել հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ գլխադասային հանձնաժողովը չի տվել եզրակացություն:

Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստը աննախադեպ մարդաշատ էր: Հանձնաժողովը ուղիղ երկու ժամ քննարկում էր ԱԺ հերթական նստաշրջանում ընդգրկվելիք տարաբնույթ հարցեր, լրագրողները ելումուտ էին անում՝ սպասելով հարցերի հարցի քննարկմանը, իսկ այդ հարցը հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը թողել էր նիստի ավարտին: Վերջում քննարկվեցին նաեւ երկու այլ, ոչ ուղղակիորեն հայ-թուրքականին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ՝ Ազգային ժողովի հայտարարությունը՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին», որը հեղինակել է դաշնակցական Արմեն Ռուստամյանը, նաեւ՝ կառավարության ներկայացրած, անհետաձգելի համարված «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վերջինիս քննարկման ժամանակ հանձնաժողովի փոքրաթիվ անդամներն ակտիվացան:
Հարցը կառավարության կողմից պետք է ներկայացներ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, սակայն վերջինիս փոխարեն խորհրդարան եկավ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ուզեց իմանալ՝ արդյո՞ք այս օրենսդրական փոփոխությունը իրականացվում է զուտ այն նպատակով, որ ժամանակին ՀՀ նախագահը հայտարարել էր, թե կհանձնարարի համապատասխան ատյաններին հարկ եղած դեպքում իրականացնել օրենսդրական որոշակի փոփոխություններ, եւ նաեւ ուզեց իմանալ, թե այս օրենքի փոփոխությունն արդյո՞ք որեւէ առնչություն ունի հայ-թուրքական արձանագրությունների հետ:
Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ. «Այս փոփոխությունը չի վերաբերում որեւէ կոնկրետ պայմանագրի, սա ընդհանուր փոփոխություն է մեր օրենսդրության մեջ, ինչը ենթադրում է կիրառում, եթե դա անհրաժեշտ է, ցանկացած պայմանագրի համար: Ձեր հարցը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ ՀՀ նախագահը հանձնարարական է տվել: Կարող եք համարել, որ նաեւ սա ապացույց է, որ նախագահի հայտարարությունները իրականացվում են»:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նկատեց. «Սա անհետաձգելի ճանաչված հարց է, բնականաբար, մենք օրակարգ մտցնել-չմտցնելու հետ կապված խնդիր չենք կարող հարուցել, հարցը օրակարգ մտնում է»: Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ օրենքները փոփոխվում են՝ կախված այն իրավիճակից, որի մեջ հայտնվել է երկիրը. «Չեմ էլ կարծում՝ ինչ-որ բան պետք է թաքցնենք իրարից, այո, սա պայմանավորված է Հայաստան-Թուրքիա արձանագրությունների գործընթացով: Այո, եթե այս գործընթացն այս լրջությամբ, այս հնչեղությամբ չընթանար, մենք նույն միջազգային պայմանագրերի մասին օրենքի հետ կապված գուցե այս խնդիրները չհայտնաբերեինք»:
Ի վերջո, երբ հանձնաժողովի նիստում հերթը հասավ հայ-թուրքական արձանագրություններին, արդեն իսկ պարզ էր, որ այս հարցը չի քննարկվելու: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հայ-թուրքական արձանագրությունների քննարկումների մասին հայտարարեց, որ առաջարկում է դիմել Ազգային ժողովի նախագահին՝ այս արձանագրությունների քննարկումը չկազմակերպել խորհրդարանում այնքան ժամանակ, քանի դեռ արտաքին հարցերի հանձնաժողովը իր եզրակացությունը չի ներկայացրել այդ արձանագրությունների մասին: Հանձնաժողովականները համամիտ էին: Որոշվեց նաեւ առաջիկայում քննարկել այս հարցով լսումներ անցկացնելու հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել