Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԴԵՄՔԸ ՉԻ ՓՈԽԵԼ

Փետրվար 20,2010 00:00

\"\"Ոստիկանությունը երեկ բռնություն գործադրեց ոչ միայն երիտասարդ ընդդիմադիրների, այլեւ «Մարտի 1»-ի զոհերի ծնողների՝ կանանց նկատմամբ:

Երեկ, ինչպես ամեն ուրբաթ օր, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները բողոքի երթ էին կազմակերպել: Ի տարբերություն նախորդ ակցիաների, այս անգամ երթը նվիրված էր 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների կեղծման տխուր տարեդարձին: Այս անգամ երիտասարդները հիշեցրել են, որ չեն հաշտվել ընտրությունները կեղծելու եւ իշխանության բռնազավթման փաստի հետ եւ պահանջել են այդ կեղծիքը վավերացրած ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրաժարականը:
Երթը, ավանդույթի համաձայն, մեկնարկել էր Կորյունի փողոցի վրա գտնվող ՀԱԿ կենտրոնական գրասենյակի մոտից: Երիտասարդների բողոքի ակցիային մասնակցում էին Կոնգրեսի նաեւ ոչ այնքան երիտասարդ ներկայացուցիչներ եւս, մասնավորապես՝ ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, մարտիմեկյան զոհերի հարազատներ, նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի համերկրացիները՝ Վանատուրի բնակիչների մի խումբ: Ակցիայի մասնակիցների նկատմամբ երեկ ոստիկանության ցուցաբերած ագրեսիվության պատճառը, թերեւս, հենց այն է եղել, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում հաստատելու տարեդարձը ոչ թե դհոլ-զուռնայով, այլ բողոքի ակցիայով են նշել: Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանները սկսել են արհեստականորեն լարել իրավիճակն ու բողոքի ակցիան խոչընդոտել՝ մարդկանց հրել, քաշքշելով ստիպել բացառապես մայթերով քայլել, ինչին ի պատասխան՝ երիտասարդներից մի քանիսը նստել են գետնին եւ հրաժարվել տեղից շարժվել: Նրանց կողքին, որդու լուսանկարը ձեռքին պահած, նստել էր նաեւ «Մարտի 1»-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը: Ոստիկանության եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախման արդյունքում ոստիկանության աշխատակիցները դաժանորեն ծեծել ու հարվածել էին ոչ միայն երիտասարդներին, այլեւ կանանց, այդ թվում՝ «Մարտի 1»-ի սպանդի զոհ դարձած զինծառայող Տիգրան Աբգարյանի տարեց մորը՝ տիկին Ռուզանին, ու Տիգրան Խաչատրյանի մորը՝ Ալլա Հովհաննիսյանին: Ոստիկաններին եւ ցուցարարներին իրարից բաժանելու փորձեր եւ հանդարտության կոչեր էին արել դարձյալ «Մարտի 1»-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ու Արամ Մանուկյանը: Բախման արդյունքում ՀԱԿ ակտիվիստներից մեկը՝ Սարգիս Գեւորգյանը, տեղափոխվել էր Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ժամեր անց, իհարկե, նա արդեն Կոնգրեսի գրասենյակում էր եւ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե՝ ոստիկանության հետ ընդհարման ժամանակ կարմիր բերետավորներից մեկը բռունցքով ուժեղ հարվածել էր որովայնին, որի արդյունքում ինքն ուշագնաց ընկել էր եւ չէր էլ հասկացել, թե ինչպես էր հայտնվել հիվանդանոցում: Նրա ասելով, հիվանդանոցում բժիշկները նրան հետազոտել ու եզրակացրել էին, որ ամեն ինչ կարգին է: Նրա ետեւից էլ ոստիկաններ էին գնացել, բացատրություն էին վերցրել, բայց ոստիկանության բաժին չէին տարել:
Փոխարենը հենց Աբովյան-Սայաթ-Նովա փողոցներից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել բողոքի ակցիայի մասնակիցներ՝ «Լինենք տեր պետությանը» հ/կ-ի մեկ ներկայացուցիչ՝ Վարագ Նահապետյանը, Արեգ Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Վահագն Գեւորգյանն ու Տիգրան Առաքելյանը, որոնց, մինչեւ բաժին հասցնելը, ըստ որոշ տեղեկությունների, «իրավապահները» ոստիկանական մեքենայում նաեւ ծեծի էին ենթարկել: Ի դեպ, Վահագն Գեւորգյանն ու Տիգրան Առաքելյանը մինչ այս էլ մի քանի անգամ հասցրել են իրավապահների թիրախ դառնալ եւ ոստիկանության բաժին բերման ենթարկվել: Ավելին, նրանց նկատմամբ անցյալ տարի հարուցվել էին քրեական գործեր, իբր, իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Տ. Առաքելյանը 4 ամիս կալանավորված էր եւ ազատ էր արձակվել միայն հոկտեմբերին՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով: Նրանց երկուսի նկատմամբ հարուցված քրգործերն էլ կարճվել էին ապացույցների անբավարարության հիմքով:
Երեկ, ուշ երեկոյան, բերման ենթարկված հինգ երիտասարդները դեռ ոստիկանության Կենտրոնի բաժնում էին, այնտեղ էին նաեւ փաստաբաններ Ստեփան Ոսկանյանն ու Գիվի Հովհաննիսյանը: Ոստիկանության դիմաց հավաքվել էին նաեւ նրանց համախոհ եւ ընկեր երիտասարդները, Կոնգրեսի ներկայացուցիչները՝ բերման ենթարկվածներին զորավիգ լինելու համար:
Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ այս հերթական միջադեպը պայմանավորվա՞ծ է արդյոք մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքով, ու կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունները երեկ, ատամ ցույց տալով, փորձել են վախեցնել քաղաքացիներին մասնակցել մարտի 1-ին նշանակված ընդդիմության միջոցառմանը: «Ես կասեի, որ սա իշխանությունների՛ վախի հերթական դրսեւորումն է: Ո՞ւմ վախեցնեն՝ Սարգիս Գեւորգյանի՞ն, Տիգրան Առաքելյանի՞ն, թե՞ մյուսներին: Որ նախագահը իր պապու ձեռքն էլ բռնած գա, էդ երիտասարդներից որեւէ մեկին վախեցնել չի կարող՝ ո՛չ ծեծելով, ո՛չ ձերբակալելով, ո՛չ էլ դատելով»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ բերման ենթարկված բոլոր հինգ ակտիվիստներին ազատ են արձակել: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ նրանցից մեկը՝ Տիգրան Առաքելյանը, ասաց, որ իրենցից բացատրություններ են վերցրել, մեղադրանք, գոնե երեկվա դրությամբ, չէր առաջադրվել, բայց իրենց բոլորին այսօր նորից կանչել են ոստիկանություն: Նա հաստատեց, որ ոստիկանության բաժին բերման ենթարկելու ճանապարհին մեքենայում ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել, բայց հերքեց լրատվական գործակալությունների կայքում հայտնված տեղեկությունը, թե իրեն ոստիկանության բաժնից տեղափոխել են հիվանդանոց:
Միջադեպի առնչությամբ կեսգիշերին մոտ հայտարարությամբ հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսը՝ արձանագրելով, որ «ոստիկանությունը հերթական անգամ գերազանցել է իր լիազորությունները»՝ ուրբաթօրյա երթի մասնակիցների նկատմամբ դիմելով ապօրինի գործողությունների:«Երթն ուղեկցելու ու նրա անվտանգությունն ապահովելու փոխարեն՝ հատուկ ջոկատայինները ցուցարարներին ապօրինի պահանջներ են ներկայացրել, դիմել սադրանքների:Այնուամենայնիվ, բողոքի երթը, հաղթահարելով խոչընդոտները ու շարունակվող բռնությունները, հաջողությամբ ավարտել է իր երթուղին:Արդեն վերջնակետին հասնելուց հետո ոստիկանությունը շուրջկալ է կազմակերպել ու վեց երիտասարդների՝ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին, Վարագ Նահապետյանին, Վահագն Գեւորգյանին եւ Արեգ Գեւորգյանին բերման ենթարկել ոստիկանություն:Արտաքին քաղաքական ձախողումների ծանրացող բեռի տակ, ներսում սոցիալական ընդվզման բարձրացող ալիքից տագնապած՝ վարչախումբը կորցրել է ինքնատիրապետումը ու դիմում է հոգեվարք ենթադրող ոչ ադեկվատ քայլերի:«Սիլ» կոնցեռնի գրասենյակ ներխուժելուց հետո սա արդեն երկրորդ նմանօրինակ դեպքն է:Նման գործողություններով նա փորձում է ահաբեկչական մթնոլորտ ստեղծել՝ հնարավորինս նվազեցնելու համար Մարտի 1-ին նշանակված համահանրապետական հանրահավաքի մասնակիցների թիվը:Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, դա հանգեցնում է տրամագծորեն հակառակ արդյունքի»,- ասված է Կոնգրեսի տարածած հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել