Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՔ ՎԱՐԿԱԾ

Փետրվար 20,2010 00:00

\"\"Երեքն էլ՝ իրար հակասող

Երեկ «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել: Սարիբեկ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերի հատկանիշներով՝ անձին ապօրինի ազատությունից զրկելը, իսկ Արտաշես Ստեփանյանը, բացի այդ հոդվածից, մեղադրվում է նաեւ ՔՕ 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու համար: Այդուհանդերձ, նրանց նկատմամբ փետրվարի 15-ին ընտրված խափանման միջոց՝ բնակավայրից չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը ուժի մեջ է մնում:
Երեկ Սարիբեկ Սուքիասյանը կրկին՝ այս անգամ իրեն առաջադրված մեղադրանքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, թե ինքը հրաժարվել է որեւէ փաստաթուղթ ստորագրել եւ ծանոթանալ դրանց, քանի որ առաջադրված բոլոր մեղադրանքները անհիմն են, եւ քրեական գործը հարուցվել է շինծու հիմքերով: «Դրա նպատակը մեզանից մեր նոր գործարանը խլելն է եւ մեր բարի համբավը վնասելը: Քաղաքական դրդապատճառները բոլորին հայտնի են: Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելով, այդ թվում նաեւ մեղադրանք առաջադրելով, ոչ ոք չի կարող խլել մեր ունեցվածքը եւ կոտրել մեր կամքը: Հուսով եմ, չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակելու մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անունները: Մենք առաջնորդվում ենք միայն բիզնես-մտածելակերպով»,- ասված է Սարիբեկ Սուքիասյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նա եւ Արտաշես Ստեփանյանը ձերբակալվել էին փետրվարի 12-ին եւ, իբր, սպանության սպառնալիքի տակ հարկադրել էին «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանին ստորագրել որոշակի փաստաթղթերի տակ: Հատուկ ջոկատայինները ներխուժել էին «Սիլ» կոնցեռնի գրասենյակ եւ կոտրելով դռները՝ բերման էին ենթարկել ե՛ւ Սուքիասյանին, ե՛ւ Ստեփանյանին:
Իսկ երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե՝ մի քանի տասնյակի հասնող հատուկ ջոկատայինները «Սիլ» կոնցեռնի գրասենյակ էին ներխուժել, իր ձեւակերպմամբ՝ եթե ոչ փրկելու, «բայց այնտեղից դուրս բերելու մարդու (խոսքը Գոռ Դավթյանի մասին է -Ն. Մ.), որը դիմել է, որ իր նկատմամբ ուժ է կիրառվում»: Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է, եւ դա են վկայում փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, դրանից հետո ոստիկանության լրատվության պատասխանատու Սայաթ Շիրինյանի եւ երեկ Ներսես Նազարյանի արած՝ իրար միանգամայն հակասող հայտարարությունները: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին էր դիմել անձամբ «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը՝ հայտարարելով, որ իրեն մահվան սպառնալիքի տակ ստիպել են փաստաթղթեր ստորագրել: Հետո երբ պարզվեց, որ Գ. Դավթյանը հայտարարությունը տվել է ոստիկանության կողմից Սուքիասյանների գրասենյակն ասպատակելուց եւ մարդկանց բերման ենթարկելուց հետո, Ս. Շիրինյանը հայտարարեց, թե մինչեւ ոստիկանությունում հայտարարություն տալը Դավթյանը հեռախոսով է sms ուղարկել ոստիկանություն, որի հետքերով էլ հատուկ ջոկատայինները գնացել են: Ներսես Նազարյանը երեկ սրբագրել է նաեւ այս հայտարարությունը՝ ասելով, թե ոստիկանությանը դիմել է Գոռ Դավթյանի ընկերը՝ Գեւորգ Ղազարյանը, եւ ասել, թե ինքը Դավթյանից «մեսիջ» է ստացել, որ գտնվում է Սուքիասյանների օֆիսում եւ այնտեղ իր նկատմամբ ուժ է կիրառվում, բռնություն է կիրառվում, եւ իրեն այնտեղ պահում են, ստիպում են թղթեր ստորագրել, որին ինքը համաձայն չէ: Ստացվում է, որ ուժ էին կիրառում, սպառնում էին կյանքը խլել, բայց, միաժամանակ, թույլ էին տալիս «մեսիջ» գրել:
Այն, որ միեւնույն պատմության մասին ոստիկանության կողմից հրամցվող ու օրումեջ փոփոխվող-սրբագրվող վարկածներից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում, վկայում է այն փաստը, որ գոնե «Սիլ» կոնցեռնի գրասենյակ ներխուժելու պահին Գոռ Դավթյանը այնտեղ չի եղել, եւ նրան ոստիկանությունը ո՛չ փրկել եւ ո՛չ էլ «դուրս է բերել», նրան, ըստ ամենայնի, ոստիկանությունն ինքն է բերման ենթարկել Էրեբունու բաժին՝ արդեն բերման ենթարկված Սուքիասյանի եւ Ստեփանյանի դեմ ցուցմունքներ տալու համար:
Այս պարագայում ավելի ճշմարտանման է թվում Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությունն առ այն, որ ե՛ւ ինքը, ե՛ւ Արտաշես Ստեփանյանը, ե՛ւ Գոռ Դավթյանը ընդամենը «բանդայի զոհ» են:
Հիշեցնենք, որ Սուքիասյանների ընտանիքի եւ նրանց ունեցվածքի դեմ իշխանությունների պարբերական ոտնձգությունները սկիզբ առան այն ժամանակ, երբ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու նրա ընտանիքը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ աջակցեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել