Հանրի Ներսիսյանի լուսանկարչական անդրադարձները
Հանրի Ներսիսյանը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է, ճանաչված մաթեմատիկոս, ծնունդով դսեղցի, մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ազգականը: Մարդ, որն իր ապրած տարիների ընթացքում երբեք չի կտրել կապը հայրենի Լոռուց եւ Դսեղից: Դեռ ավելին, միշտ գյուղ ու հայրենի եզերք է գնացել լուսանկարչական ապարատը ձեռքին՝ բնականաբար, իր հետ Երեւան բերելով պատառիկներ թումանյանական աշխարհից: Նրա արխիվում կուտակվել են հարյուրավոր լուսանկարներ, որոնցում Դսեղն է, նրա շրջակայքը, Լոռվա անդնդախոր ձորերն ու սարերը, անհանգիստ Դեբեդը, մեծ ու փոքր գետերն ու գետակները եւ, իհարկե, իր համագյուղացիները՝ իրենց անկեղծ, պարզ ու անմիջական կերպարներով:
Հանրի Ներսիսյանը ոչ միայն ճանաչված գիտնական է, այլեւ անհանգիստ մարդ, որի համար անհարիր է անարդարությունը, խաբեությունը եւ այնպիսի հատկանիշներ, որոնք որեւէ կերպ չեն տեղավորվում մարդկային պատվի եւ արժանապատվության մեջ: Օրինակ, նա չի հասկանում, թե ինչպես կարող են քարհանք բացել Դսեղից ոչ հեռու գտնվող Քառասնից մանկանց եկեղեցու շրջակայքում, որտեղ հնագույն դամբարանադաշտ է: Այս եւ նման դեպքերում Հանրի Ներսիսյանը երբեք հանգիստ նստել չի կարող:
Ու այսօր՝ Լոռեցի մեծ բանաստեղծի ծննդյան օրը, նրա ազգականը՝ Հանրի Ներսիսյանը, մեզ է վերադարձնում թումանյանական աշխարհը՝ նորովի, մաքուր ու տաք գույներով ու նրբերանգներով: Այսպիսին էր նաեւ անմահ մեծ Լոռեցին՝ Թումանյանը:
«Լոռվա ձոր» հայրենակցական միություն
Հ. Գ. Հանրի ՆԵրսիսյանի «Թումանյանի աշխարհը» թեմայով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը կբացվի «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 12-ին, Վանիկ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում: