Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյանը առանց կանոնների մարտերո՞ւմ

Փետրվար 19,2010 00:00

\"\"«BoxingScene.com»-ը, մեջբերելով WBA/WBC վարկածներով առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի պրոումոթեր Գերի Շոուի խոսքերը, տեղեկացնում է, որ վերջինն սկսել է նախապատրաստել Նոնիտո Դոների հետ ռեւանշ մրցամարտի կազմակերպումը եւ այդ մասին տեղյակ է պահել ֆիլիպինցու մենեջեր Կեմերոն Դանկինին: Բռնցքամարտիկների միջեւ 2007 թվականին կայացած մարտից հետո, ըստ լրատվամիջոցի, երկուսն էլ բազմիցս կրկին ռինգում հանդիպելու ցանկություն են հայտնել, սակայն պրոումոթերները չեն շտապել նոր մենամարտ կազմակերպել: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Գերի Շոուն խոստովանել է, որ դրանում ինքն իր մեղքի բաժինն ունի, որովհետեւ զայրացած էր Դոների վրա այն բանի համար, որ նա Դարչինյանին հաղթելուց հետո գնացել էր մեկ այլ պրոումոթերի՝ Բոբ Արումի մոտ: «Վախթանգը ոչ մի անգամ չի ասել, թե Դոների հետ ռեւանշ մրցամարտ չի ուզում անցկացնել: Դա իմ պատճառով է եղել: Ես հարգում եմ Վախթանգին այն բանի համար, որ նա այլ բռնցքամարտիկների հետ հանդիպելու իմ առաջարկներին հարգանքով է վերաբերվում: Ես Վախթանգին ասել եմ, որ կկազմակերպեմ այդ մենամարտը: Այդ նպատակով խոսել եմ Կեմերոն Դանկինի հետ եւ ասել, որ մենք ռեւանշ ենք ուզում»,- ասել է Գերի Շոուն:

Սակայն միայն Շոուի ցանկանալը կարող է բավարար չլինել, քանի որ Բոբ Արումը Դոների հետագա ճակատագրի հետ կապված իր պլաններն ունի: «Sportinfo»-ն այդ առիթով գրում է, որ Մանուել Վարգասին հաղթելուց հետո Արումը հայտարարել է, թե ցանկանում է Դոների համար մենամարտ կազմակերպել թեթեւագույն քաշային կարգում WBO-ի չեմպիոն Ֆեռնանդո Մոնտիելի հետ: «Դա Դոների համար լավագույն մարտն է, որը կազմակերպելու ուղղությամբ ես աշխատելու եմ»,- տեղեկացրել է fanhouse.com-ին Արումը: Բայց նաեւ ավելացրել, որ 1-ին թեթեւագույն քաշային կարգում Վախթանգից բացի ուրիշ մրցակից չկա, որի հետ հնարավոր լինի շահավետ մենամարտ կազմակերպել:

Իրենք՝ բռնցքամարտիկները շարունակում են մեկմեկու հրապարակային մարտահրավերներ անել: Մասնավորապես, Դարչինյանը Վարգասի հետ մարտից առաջ Դոներին դիմել էր հետեւյալ խոսքերով. «Բռնցքամարտի սիրահարները ցանկանում են իմանալ, թե քո բախտը երկրորդ անգամ կբերի՞: Խնդիրն այն է, որ դու գիտես, թե այդ ամենն ինչով կավարտվի: Դու նոկաուտի կենթարկվես… Դու բռնցքամարտիկ ես, ուրեմն քեզ բռնցքամարտիկի պես պահիր»: Դոնին իր հերթին Վարգասին հաղթելուց հետո խոսքի տակ չի մնացել. «Ես բանի տեղ չէի դնում Դարչինյանին: Սակայն նա շարունակ բարբաջում է: Դա ինձ արդեն զզվեցրել է, եւ ես ցանկանում եմ նրա բերանը փակել: Հույս ունեմ, որ այդ առիթն ինձ կընձեռվի: Ես ուզում եմ այդպիսի մենամարտ, առավել եւս, որ դա ինձ կարող է չեմպիոնական երկու գոտի բերել»:

Մինչ բռնցքամարտիկների պրոումոթերները զբաղված են ռեւանշ մրցամարտի կազմակերպման խնդիրներով, ԶԼՄ-ները նոր, ավելի հետաքրքիր լուրեր են հայտնում: Մասնավորապես, Ավստրալիայի «Daily Telegraph»-ը տեղեկացնում է, որ Վիկը մտածում է այս կամ հաջորդ տարի ուժերը փորձել MMA-ում՝ մարտեր առանց կանոնների մրցումներում: Լրատվամիջոցի փոխանցմամբ, Դարչինյանն ասել է, թե երիտասարդ տարիքում ինքը նաեւ ըմբշամարտով է զբաղվել եւ կարծում է, որ կկարողանա հաջող հանդես գալ նաեւ վանդակում: Ըստ «Daily Telegraph»-ի, Վիկը լուրջ է տրամադրված եւ արդեն երկար ժամանակ մարզվում է UFC-ի մարզիկ Ջեյմս Տե Հունայի հետ:

Ուլի Վեգները գոհ է Աբրահամից

Աշխարհի վեց ուժեղագույն գերմիջին քաշային (72,6 կգ) բռնցքամարտիկների միջեւ անցկացվող «Super Six» մրցաշարի առաջատար Արթուր Աբրահամը եւ 90,7 կգ՝ ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մարկո Հուկը ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Ամերիկայի Պալմ Սփրինգս քաղաքում: Աբրահամը նախապատրաստվում է մարտի 6-ին կայանալիք Անդրե Դիրելի հետ մարտին, իսկ Հուկը մարտի 13-ին հանդիպելու է Ադամ Ռիչարդսի հետ: Այս երկու բռնցքամարտիկների մարզիչը Ուլի Վեգներն է: Նա խոսելով մարզումների ընթացքի մասին՝ գոհունակություն է արտահայտել կատարվող աշխատանքից: «Մենք դեռ շատ անելիք ունենք, սակայն այսօրվա դրությամբ ես բավարարված եմ նախապատրաստության արդյունքով: Արթուրին ու Մարկին ծանր մենամարտեր են սպասվում: Եվ այս հավաքը վճռորոշ նշանակություն ունի: Եթե երկու մարզիկներն էլ շարունակեն աշխատել այնքան լավ, ինչպես հիմա, ես կասկած չունեմ, որ մարտի 6-ին եւ 13-ին մենք կնշենք հաղթանակները»,- լրագրողներին ասել է փորձառու մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել