Ընթացիկ տարին նույնպես Հայաստանի ծանրորդների համար հագեցած է պաշտոնական մրցումներով, որոնցից յուրաքանչյուրը կարեւոր նշանակություն է ունենալու եւ հանրապետությունում մարզաձեւի հեղինակության բարձրացման, եւ առանձին մարզիկների կարիերայի համար: Ասվածը վերաբերում է թե պատանիներին, թե երիտասարդներին եւ թե մեծահասակներին:
Վաղը Երեւանում մեկնարկում է հանրապետության մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով կընտրվի ազգային հավաքականի հիմնական կազմը, որը կսկսի նախապատրաստվել արդեն ապրիլի սկզբին Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հաջորդ կարեւոր մրցումը՝ Հայաստանի գավաթի առաջնությունը, նշանակված է օգոստոսի սկզբին, որտեղ մեր առաջատար ծանրորդները պետք է անեն ամեն բան՝ ազգային հավաքական ընդգրկվելու համար, որպեսզի իրավունք ստանան մոտ մեկուկես ամիս հետո իրենց կարողություններն առավելագույն չափով ցուցադրել Թուրքիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունում, որը, ի դեպ, օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի:
Պատանի ծանրորդների համար 2010 թվականը նախորդներից առանձնանում է նրանով, որ օգոստոսի 14-26-ը Սինգապուրում անցկացվելու են պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերը, որին Հայաստանը թույլատրվող առավելագույն կազմով՝ երկու հոգով, ներկայանալու իրավունք է նվաճել: Ովքե՞ր կլինեն այդ երկու երջանիկները, հայտնի կդառնա միայն ապրիլի կեսերին կազմակերպվող Հայաստանի պատանեկան առաջնության եւ մայիսին Իսպանիայում կայանալիք այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության ավարտից հետո:
Մեր երիտասարդ ծանրորդներին այս տարի սպասում է չորս կարեւորագույն մրցում: Առաջինը հանրապետության առաջնությունն է՝ մայիսին, որին մասնակցելու արդյունավետությունից է կախված լինելու, թե մարզիչները ո՞ւմ կվստահեն Սոֆիայում հունիսի 7-15-ը աշխարհի առաջնությունում պաշտպանել Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Դրանից մոտ մեկ ամիս հետո մեկնարկելու է ուսանողների աշխարհի առաջնությունը (Թայպեյ), իսկ տարին այս տարիքային խմբի համար կավարտվի հոկտեմբերին Կիպրոսում կայանալիք Եվրոպայի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների առաջնություններով:
Գերծանրաբեռնված այսպիսի մրցաշրջանում կայուն ելույթներ ունենալու համար, հասկանալի է, նախապատրաստական լուրջ եւ ամենօրյա աշխատանք է հարկավոր: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ «Առավոտին» ասաց. «2010 թվականը, իսկապես, շատ լարված է լինելու: Մեր նախորդ նվաճումները պարտավորեցնող են, եւ մենք անում ենք ամեն բան՝ մարզասերներին հուսախաբ չանելու համար: Այ, հենց հիմա ծանրորդները ուսումնամարզական հավաքներում են. տղաները՝ Աբովյանում, աղջիկները՝ Գյումրիում: Անելիքները շատ-շատ են թե աշխատանքները ճիշտ պլանավորելու, թե կազմակերպական հարցերը ժամանակին լուծելու առումով: Մեր ամբողջ աշխատանքը գտնվում է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ նա ցանկացած հարցի անհապաղ լուծում է տալիս: Մնում է, որ բոլոր տարիքային խմբերում նախապատրաստությունն անցնի առանց անցանկալի անակնկալների, եւ ծանրորդները մրցահարթակներում կատարեն այն, ինչի ունակ են»: