Մանկապատանեկան գրքի երեւանյան 3-րդ տոնավաճառի մեկնարկին պետությանը կոչ արեցին հրատարակիչները:
Այսօր մեկնարկում է «Հրատարակիչների ազգային ասոցիացիայի» (ՀԱԱ) եւ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվող մանկապատանեկան գրքի երեւանյան 3-րդ տոնավաճառը: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Մինչեւ փետրվարի 21-ը տեւող միջոցառումների շրջանակում 3-18 տարեկան երեխաների համար կլինեն գրքերի շնորհանդեսներ, կինոդիտումներ, կքննարկվեն ընթերցանության խնդիրները: Փետրվարի 19-ը նաեւ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է ու հայտարարված է գիրք նվիրելու օր: Կազմակերպիչները հայտնեցին, որ ցուցահանդեսի շրջանակում տոնի առիթով այցելուներին նաեւ շատ անակնկալներ են սպասվում: Տոնավաճառը 2012 թվականին հայկական գրատպության 500-ամյակի նախապատրաստական աշխատանքների մասն է կազմում: Բացի հայերից, տոնավաճառին մասնակցելու են Հայաստանում ԱՄՆ-ի, Իրանի դեսպանատները: Ցուցահանդես-վաճառքին գրքերը վաճառվելու են մոտ 30% էժանացված արժեքով:
ՀԱԱ-ի նախագահ, «Էդիթ-Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ այս տարի նախատեսել են կազմակերպել միջոցառումներ՝ նաեւ հանրապետության 10 մարզերում եւ ԼՂՀ-ում: Հրատարակչությունների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման առիթը բաց չթողեցին եւ անդրադարձան ոլորտի բազում խնդիրներին: «Համակարգիչն ու հեռուստացույցը խանգարում են մեր մանկագիրների գրքերի տարածմանը, գրադարանների վիճակն անմխիթար է, շատ գրքեր չեն հասնում գրադարաններին»,- դժգոհեց Մ. Կարապետյանը:
«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրեց. «Հաճախ մարզեր ուղարկված գրքերը փակվում են գյուղապետի տանը»: Նա նշեց նաեւ, որ ցուցահանդեսի շրջանակում փորձելու են խոսել գրքի շուրջ ստեղծված մթնոլորտի, իշխանությունների հետ էլ՝ մաքսային ծառայությունների, հրատարակչությունների վրա դրված հարկային բեռի մասին: «Պետությունը ֆինանսավորում է բազմաթիվ միջակ գրողների գործերի հրատարակումը……Գրահրատարակչություններում ստեղծվում են ոչ հավասար պայմաններ, տիրում է գարշահոտ: Մշակույթի նախարարությունն այս իմաստով վեր է ածվում սուտ ինտելիգենտների սոցիալական հարցերը լուծող մի օրգանի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Նրա խոսքով, օրինակ՝ Ուկրաինայում հրատարակչություններն ազատված են ոչ միայն ԱԱՀ-ից, այլեւ շահութահարկից. «Ուկրաինան 50 մլն դոլար գումար է տրամադրել հրատարակիչներին, որպեսզի դրսում գտնվող իրենց սփյուռքի համար գրքեր տպագրեն, իսկ Ադրբեջանը՝ 21 մլն դոլար: Մենք մեր պետությունից գումար չենք ուզում, միայն ասում ենք՝ մի՛ խանգարեք, թողե՛ք աշխատենք»: Հրատարակիչները կարծում են, որ Հայաստանում ելքը հիմնադրամ ստեղծելն է, այդ դեպքում լավագույն հեղինակների գրքերը հնարավոր կլինի թարգմանել տարբեր լեզուներով: