Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են առանց պատառաքաղի ուտել մեզ»

Փետրվար 19,2010 00:00

Բանաստեղծուհի Մետաքսեն երեկ Ե. Չարենցի տուն-թանգարանում հայ ժողովրդին որակեց իբրեւ համեղ պատառ՝ աշխարհի սկուտեղին: «Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»՝ այս խորագրով գրքերի ցուցահանդեսը բացվեց երեկ Ե. Չարենցի տուն-թանգարանում:

«Քանի որ փետրվարի 19-ը հանրապետությունում հայտարարված է գիրք նվիրելու օր, այդ կապակցությամբ որոշեցինք մեկնարկը սկսել մեր թանգարանից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Նրա խոսքով, ցուցահանդեսը յուրահատուկ է եւ նախադեպը չունեցող. «Թանգարանը բացվել է 1975 թվականին: Ցուցահանդեսում ներկայացված են այդ ժամանակից մինչ օրս դասական գրականագետների, ժամանակակից, սփյուռքահայ գրողների, Չարենց թարգմանած օտարալեզու թարգմանիչների նվիրած գրքերը»: Լիլիթ Հակոբյանը նաեւ նշեց, որ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) օգնությամբ թանգարանի նվիրատվության ֆոնդից մեծ թվով գիրք է ուղարկվել մարզեր: «Չարենցի անվան միջնակարգ դպրոցում վաղը «բաց դաս» է նախատեսված, որի ընթացքում գրքեր կնվիրենք ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին»,- հավելեց նա:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը խոստովանեց, որ առաջին անգամ է նման ընծայագրերով գրքերի ցուցադրության ականատես լինում. «Շատ կարեւոր է, որ ցուցադրությունը հենց Եղիշե Չարենցի տուն-թանգարանում է: Չարենցը մեր 20-րդ դարի պոեզիայի բռնկումներից է: Նա այսօր էլ մնում է թերեւս ամենաընթերցվող պոետը, եւ դա իր տրամաբանությունն ունի՝ այն ամբողջ հզոր լավան, որ եռում է նրա ստեղծագործության ակունքներում, ազգային ոգու պահպանության խնդիր ունի… Այս ցուցադրությունը մեծ լրջություն է տալիս գիրք մակագրելու մշակույթին»:

Բանաստեղծուհի Ռուզան Ասատրյանն ասաց. «Չարենցի տուն-թանգարանը հոգեւոր եկեղեցի է: Գիրքը մշակույթ է, պատմություն, գիտություն, կրթություն, քաղաքակրթություն: Այսօր գիրք շատ քիչ է կարդացվում: Իսկ առանց կարդալու՝ դժվար է հասկանալ Չարենցին»:

Բանաստեղծուհի Մետաքսեն էլ կարեւորեց ցուցահանդեսը, ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումներով ապագա սերնդին պետք է դաստիարակել. «Սա կարեւոր ցուցահանդես է եւ նմանօրինակ միջոցառումներին պետք է զարկ տալ: Մենք համեղ պատառ ենք աշխարհի սկուտեղի վրա որպես ազգ, դրա համար բոլորն ուզում են առանց պատառաքաղի ուտել մեզ: Բայց չեն կարող ուտել, որովհետեւ Աստված է մեզ տվել ստեղծագործելու հնարավորություն»:

Չարենցի տուն-թանգարանն այժմ գտնվում է վերանորոգման մեջ, եւ կվերաբացվի մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել