Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Փետրվար 19,2010 00:00

Նախկին հայաստանցի դիրիժոր Հայկ Դավթյանն ու դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը՝ «դրսում» ու «ներսում» կարիերա անելու մասին:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հերթական համերգը «Առավոտին» հետաքրքրեց երկու առիթով. ՀՊՖՆ-ն ղեկավարելու է Երեւանի Կոմիտասի եւ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիաներում ուսում առած, 1991-ից Փարիզում ստեղծագործող դիրիժոր Հայկ Դավթյանը, որը հարցազրույցներում մշտապես ասել է, թե առաջին իսկ առիթի դեպքում կվերադառնա հայրենիք: Մյուս առիթն այն է, որ առաջին անգամ հայաստանյան մենահամերգով հանդես կգա 1994-ից Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 9-րդ դասարանից Մադրիդի Թագավորական կոնսերվատորիա տեղափոխված, արեւմուտքում ճանաչված դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը:

Համերգի գլխավոր փորձին հանդիպեցինք երաժիշտներին:

Սոֆյան հայտնեց իր երախտիքի խոսքը պրոֆեսոր Անահիտ Շահբազյանին, այնուհետեւ մեր խնդրանքով ներկայացնելով իր հետագա ստեղծագործական ճանապարհը, հայտնեց, որ բարձրագույն պարգեւով է ավարտել Մադրիդի Թագավորական կոնսերվատորիան՝ Գալինա Եղիազարովայի եւ Բրիգիտ Էնգերերի դասարաններում (վերջինիս մոտ՝ Փարիզում), շահելով «գրին քարտ», այսօր ապրում է Նյու Յորքում եւ այնտեղ ստացել է Master of Music աստիճան: «Մասնակցել եմ աշխարհահռչակ Վիտալի Մարգուլիսի, Ջոն Օ`Քոնորի, Ֆեննի Սոլթըրի, Մենահեմ Պրեսլերի եւ այլոց վարպետության դասերին ու հարյուրավոր միջազգային մրցույթների (ժպտում է- Ս. Դ.): Վերջերս Նյու Յորքի Կարնեգի սրահում կայացավ մենահամերգս, մինչ այդ բեմ եմ բարձրացել նաեւ Իսպանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Սերբիայի եւ այլ երկրների հեղինակավոր համերգասրահներում… Ինձ համարում եմ կամերային երաժշտության նվիրյալ, ինչի առիթով հաճախ ելույթներ եմ ունենում տարբեր անսամբլների հետ»,- իր գործունեությունն այսպես ներկայացրեց դաշնակահարուհին:

Հետաքրքրվեցինք՝ կարիերայի իմաստով ավելի դյուրին է Եվրոպա՞ն, թե՞ Ամերիկան: Մեր զրուցակցի խոսքերով՝ «Աշխարհում ընդհանուր հաշվով ամեն ինչ դարձել է կոմերցիա: Ցավում եմ, բայց փաստ է, որ արվեստում էլ է դոմինանտում այն: Կարծես անհրաժեշտ պայման են ծանոթությունները, հովանավորությունը: Մյուս կողմից էլ, ԱՄՆ-ը միակ երկիրն է, որտեղ տաղանդավոր մարդը կհասնի իր ուզածին»: Սոֆյան հայտնեց նաեւ, որ դաշնակահարների «մասով» այսօր գրեթե անհնար է կարիերա ստեղծել. «Աշխարհում ճանաչված անուններ ունեցող դաշնակահարների թվով առաջին տեղում Չինաստանն է՝ 2 միլիոն»:

Հիշեցնենք, որ ջութակահար եւ դիրիժոր Հայկ Դավթյանն էլ Ստրասբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եւ 15 տարի է՝ ինչ ղեկավարում է իր հիմնադրած «Նաիրի» կամերային նվագախումբը: Մեր դիտարկմանը, թե քանիցս հավաստիացրել է, որ առաջին իսկ առիթի դեպքում կտեղափոխվի հայրենիք, ու այսօր կարծես թե նման հնարավորություն կա, օրինակ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի դիրիժորի տեղը վաղուց թափուր է, մեր զրուցակիցը ասաց. «Երբեւէ նման քաղաքականություն չեմ վարել, ստեղծագործական կյանքիս ընթացքում որեւէ մեկի «տակը փորելով» չեմ զբաղվել: Իսկ եթե ստանամ հրավեր՝ կմտածեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել