ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագիրը, որով նախատեսվում է Վրաստանից անջատված այդ տարածքում ռուսական զորքերի՝ ամենաքիչը 3 հազարանոց հետեւակային ուժերի տեղակայում, իրավական ուժ չունի: «ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել՝ պահպանելու հրադադարի մասին համաձայնագիրը, որը կնքվել է Եվրամիության միջնորդությամբ: Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի տարածաշրջանների միջեւ կնքված որեւէ համաձայնագիր իրավական ուժ չունի»,- BBC-ի մատուցմամբ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոն:
Հյուսիսատլանտյան դաշինքը առաջվա նման հույս ունի, որ Կրեմլն ու Աբխազիան կվերադառնան մինչ 2008թ. օգոստոսյան ռազմական հակամարտությունը եղած ստատուս քվոյին: «Հյուսիսատլանտյան խորհուրդը՝ ՆԱՏՕ-ի ղեկավար մարմինը, դատապարտել է ՌԴ-ի՝ վրացական Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչելու քայլը եւ նրան կոչ է անում վերանայել այդ որոշումը»,- հիշեցրել է Ռոմերոն:
ՆԱՏՕ-ի այս հայտարարությունը մեկնաբանելով՝ Աբխազիայի՝ Մոսկվայում գտնվող նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարել է, թե դրան ինքը առանձնակի նշանակություն չի տալիս:
Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կնքված պայմանագիրը դատապարտել է նաեւ Վրաստանը: Այդ երկրի ԱԳՆ-ն հերթական անգամ մեղադրել է Մոսկվային՝ «Վրաստանի օկուպացված տարածքներում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու փորձերի համար»: Վրաստանի ԱԳՆ-ն շեշտել է, թե նման քայլերով Կրեմլը փորձում է լեգիտիմացնել Վրաստանի տարածքների զավթումն ու անեքսիան: