Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարություն՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից մեկի՝ Մահմուդ ալ- Մահուբի սպանությունն իրականացրած անձանց կողմից բրիտանական անձնագրերի օգտագործման առնչությամբ բացատրություններ տալու համար: Իսրայելցի դիվանագետի հետ հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդը: Հիշեցնենք, որ ալ-Մահուբը սպանվել էր հունվարի 20-ին, Արաբական Միացյալ Էմիրությունների հյուրանոցներից մեկում: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին էլեկտրաշոկի հարվածի եւ խեղդամահ անելու հետքեր: Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ ալ-Մահուբին խեղդել են:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, թե իրենց առաջնորդի սպանությունը իսրայելական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Դուբայի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել, որի արդյունքում պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվող 11 անձինք, այդ թվում՝ մեկ կին, եվրոպական երկրների անձնագրեր են ունեցել: Ալ-Մահուբի «լիկվիդատորներից» 6-ը ունեցել են բրիտանական անձնագրեր, թեեւ մշտական բնակություն են հաստատել Իսրայելում եւ երկքաղաքացիներ են հանդիսանում, 3-ը՝ Իռլանդիայի, եւ մեկական մարդ Գերմանիայի ու Ֆրանսիայի անձնագրեր են ունեցել: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվողների, մասնավորապես՝ բրիտանացիների անձնագրերը կեղծ են եղել: Մեծ Բրիտանիայի իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Գորդոն Բրաունի, BBC-ի մատուցմամբ, հայտարարել են, թե անձնագրերի կեղծման փաստին իրենք ավելի քան լուրջ են վերաբերվում եւ այդ գործով հետաքննություն են սկսում: Իսրայելում ապրող եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի հանդիսացող մարդիկ, որոնց անուններն օգտագործվել էին կեղծ անձնագրերում եւ որոնք կասկածվում էին սպանության մեջ, հայտարարել էին, թե իրենք սպանության հետ որեւէ առնչություն չունեն: Պարզվել էր, որ հանցագործները կեղծ անձնագրերում օգտագործել էին միայն նրանց անունները, իսկ տարիքը, ստորագրությունն ու լուսանկարը կեղծվել էին:
Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր Մահուբի սպանությանը Իսրայելի հատուկ ծառայությունների՝ «Մոսսադի» առնչություններ ունենալու պնդումը՝ հայտարարելով միայն, թե դա ապացուցող փաստեր չկան, եւ որ նման դեպքերում այդպիսի փաստերը չեն հերքվում եւ չեն հաստատվում:
Փոխարենը Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ սըր Մենզիս Կեմպբելլը հայտարարել է, թե անհրաժեշտ է հարցաքննել Լոնդոնում Իսրայելի դեսպանին, որովհետեւ Իսրայելի ԱԳՆ-ի այդ բարձրաստիճան ներկայացուցիչը պետք է որ իմանա այդ սպանությանը «Մոսսադի» առնչությունների հետ կապված հարցի պատասխանը: