Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ ե՞րբ

Փետրվար 19,2010 00:00

«Խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է, հատկապես խեղդվելու պահին»

 ՀայԳլխԽեղդՓրկԸնկ

Բնաբան ընտրելով հայտնի ասույթի մեր կողմից լրամշակված ձեւակերպումը՝ անդրադառնում ենք «Առավոտի» 2009թ. դեկտեմբերի 11-ի՝ «Թիվ 11 դպրոցի առեղծվածը» եւ դեկտեմբերի 15-ի՝ «Ուսուցիչների նամակը» հոդվածներին, ինչպես նաեւ՝ դրանց հետեւած զարգացումներին:

«Ուսուցիչների նամակն» այնքան լեցուն էր կցկտուր նախադասություններով, մտքի սխալներով, բառերի անհարկի օգտագործմամբ, որ մատնացույց էր անում դրա իրական «հեղինակին», սակայն փորձենք հասկանալ, թե ինչը կարող էր դրդել մեծ թվով ուսուցիչների՝ ստորագրել այդ՝ պիտակներով հարուստ, փաստերից գրեթե զուրկ, կիսագրագետ ձեւակերպումներով լի նամակը: Պատասխանը միանշանակ է. աշխատատեղը կորցնելու Նորին մեծություն վախը:

Դատեք ինքներդ. ուսուցիչ Նաիրա Եղիազարյանն ազատվել է աշխատանքից 2008թ. դեկտեմբերի 25-ին՝ միայն այն բանի համար, որ հրաժարվել էր ստորագրել Մ. Իսպիրյանի դեմ ուղղված զրպարտագիրը: Մեջբերում ենք Կրթության պետական տեսչության գլխավոր տեսուչ Խ. Մուրադյանի՝ ազատման օրինականության վերաբերյալ 2009թ. հունվարի 23-ին Ն. Եղիազարյանին ուղղված պատասխան նամակից. «Խախտվել է ՀՀ ԱՕ 94 հոդվածի պահանջը… Խախտվել է ՀՀ ԱՕ 115 հոդվածի 1-ին մասի պահանջը… Խախտվել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 1-ին մասի «զ» կետի պահանջը…»: Վաստակաշատ ուսուցիչ Գոհար Բարսեղյանն ազատվել է աշխատանքից 2008թ. դեկտեմբերի 27-ին՝ նույն պատճառով: Ներկայացնում ենք նույն պաշտոնյայի կողմից Գ. Բարսեղյանին ուղղված նամակից մի հատված. «Հաշվի առնելով ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների բնույթը եւ կատարման համար պարտադիր հանձնարարականի ոչ պատշաճ կատարումը՝ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է քննարկել Ռուզան Ազիզյանի (թիվ 11 դպրոցի տնօրենի- խմբ.)՝ զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցը»:

Տեղեկացնենք. որ առայսօր ոչ Գ. Բարսեղյանը, ոչ էլ Ն. Եղիազարյանը չեն վերականգնվել աշխատանքում, իսկ Ն. Եղիազարյանը, որն իր խնամքի տակ ունի երեք անչափահաս երեխա, իր աշխատելու իրավունքը պաշտպանելու համար 13 ամիսների ընթացքում հարկադրված էր 1-ին ատյանի-վերաքննիչ-վճռաբեկ դատարաններում ապացուցել իր՝ աշխատանքից ազատման ապօրինության ակնհայտ փաստը, եւ այսօր հայցը նորից քննվում է Մալաթիա–Սեբաստիա 1-ին ատյանի դատարանում (հերթական նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 19-ին, ժ.11-ին): Դե եկ, ուսուցիչ, ու մի վախեցիր…

Երբ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, մարդու իրավունքները հարգելու եւ քաղաքացիական հասարակություն կերտելու մտադրության մասին, մենք պատրաստ ենք ընդառաջ գնալու: Հոռետեսները կասեն՝ որպեսզի երկիրը երկիր դառնա, պետք է մի քանի սերունդ փոխվի… Թույլ տվեք հարցնել, թե որտե՞ղ պետք է ձեւավորվի այդ մի քանի սերունդը, կասեք՝ առաջին հերթին դպրոցում, իսկ ո՞վ պիտի կատարի այդ պատասխանատու աշխատանքը, կասեք՝ առաջին հերթին ուսուցիչը, իսկ ինչպիսի՞ պայմաններում է գտնվում ուսուցիչը, կասենք՝ անիրազեկ եւ իրավազուրկ: Տրամաբանական շղթան փակվեց՝ դառնալով մի յուրօրինակ սկյուռի անիվ:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ եղավ հետո, երբ մի քանի ուսուցիչներ կատարեցին դեպի քաղաքացիական հասարակություն տանող փշոտ ճանապարհի առաջին քայլերը: Հակազդեցությունը չուշացավ. արժանացանք «գործ տվող» եւ «գրող» կոչումներին: Որպեսզի լիովին ըմբռնեինք այդ պիտակների իմաստը, դիմեցինք հեղինակին՝ տնօրեն Ռ. Ազիզյանին, որն էլ պարզաբանեց. «Գործ տվողը եւ գրողը նա է, ով գրավոր բողոք է ներկայացնում պետական որեւէ ատյան, անկախ այն բանից՝ ճի՞շտ է, թե՞ սխալ»: Պատասխանը մեզ չբավարարեց, ուստի դիմեցինք ՀՀ Սահմանադրությանը, որն ուներ բոլորովին այլ «կարծիք». «Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի նկատառումներից ելնելով՝ իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք»: Ստացվում է՝ չնայած «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն» (Հոդված 6), Ազիզյանին “հատկացված կենսատարածքում” այն ունի ընդամենը աղքատ ազգականի կարգավիճակ:

Հիմա տեսնենք, թե քաղաքացիական հասարակության կարեւոր բաղադրիչ հանդիսացող արհմիությունն իրեն ինչպես է զգում վերոնշյալ «կենսատարածքում»: 2008թ. սեպտեմբերին փորձեցինք աջակցություն ստանալ արհկոմից, սակայն պարզվեց, որ ոչ նախագահ կա, ոչ էլ օրենքին համապատասխանող կազմակերպություն, ուստի, որպես նախաձեռնող խումբ՝ փորձեցինք հիմնադրել այն: Սակայն 5 ամիս շարունակ տնօրենը պնդում էր, թե գոյություն ունեցողը օրինական է՝ բերելով սարքովի տեղեկանքներ, անմիտ հիմնավորումներ եւ նույնիսկ 1,5 էջանոց մի ծիծաղաշարժ կանոնադրություն, իսկ երբ «մախաթը պարկում այլեւս հնարավոր չէր թաքցնել», առանց հայտարարության, առանց կանոնադրության քննարկման եւ առանց հիմնադիր ժողովի անցկացման, 2009թ. հունվարի 26-ին իրականացրեց արհեստակցական կազմակերպության պետական գրանցման «գաղտնի օպերացիան»: Մեր նպատակը օրինական կազմակերպություն ունենալն էր, եւ մենք դիմեցինք արհկոմի նախագահի կոչմանն արժանացած Ժ. Սարգսյանին՝ պահանջելով կանոնադրության մեկ օրինակ: Վերջինս, անշուշտ, մերժեց՝ պատճառաբանելով, թե մենք տնօրենի հետ տարաձայնություններ ունենք: Հարկադրված դիմեցինք պատվիրված նամակով, դարձյալ ապարդյուն: Պատասխան նամակը՝ կշտամբանքներից ու դարձի գալու անհեթեթ կոչերից բացի, այլ բան չէր պարունակում, իսկ կանոնադրություն բառն ընդհանրապես բացակայում էր: Տեղին ենք համարում հիշեցնել ՀՀ Արհմիությունների մասին օրենքից երկու դրվագ. «Հոդված 3. Արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքներն են՝ ա) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպություններից անկախությունը: Հոդված 15. Արհեստակցական միության նպատակներն են՝ ա) ներկայացնել եւ պաշտպանել աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը եւ իրավունքները գործատուի եւ (կամ) երրորդ անձի մոտ»: Իսկ մեզ նույնիսկ կանոնադրություն չեն տալիս մեկ տարի շարունակ, ինչպես նաեւ չեն տալիս մեր աշխատավարձերի հաշվարկային թերթիկները՝ խախտելով ՀՀ ԱՕ 93 հոդվածի պահանջները: Զանազան սուտ պատրվակներով վերցնում են ուսուցիչների աշխատանքային պայմանագրերի երկրորդ օրինակները՝ նրանց դնելով պատանդի կարգավիճակի մեջ՝ խախտելով ՀՀ ԱՕ 85 հոդվածի 3-րդ կետի պահանջները: Իսկ այս մասին տեղեկացված ատյանները «ոսկե» լռություն են պահպանում, կամ լավագույն դեպքում դատարանի դուռն են մատնացույց անում: Տնօրենը, մեզ ամեն կերպ վնասելու մոլուցքով, աշակերտին կանչելով իր մոտ հորդորում է մի քանի հոգի էլ գտնել եւ Իսպիրյանի դեմ դիմում-բողոք գրել (այս մասին ծնողական ժողովի ժամանակ վրդովված հայտարարեց տվյալ աշակերտի մայրը): Փոխտնօրենը դրդում է աշակերտին ուսուցչից գողանալ իր իսկ ձեռքով գրված բացատրությունը, որպեսզի Իսպիրյանին տրված անհիմն խիստ նկատողությունը հնարավոր չլինի դատական կարգով վիճարկել: Տնօրենը ծնողներին դպրոցի դռնից ետ է ուղարկում՝ թույլ չտալով մասնակցել Իսպիրյանի կազմակերպած «Պոեզիայի ժամ» մշակութային բաց դասին՝ միայն այն բանի համար, որ իրեն տեղեկացնելու փոխարեն փոխտնօրենին էր տեղեկացրել… Բնաբանին անդրադառնալով, պիտի ասենք, որ խեղդվելու մտադրություն, իհարկե, չունենք, ուղղակի անհասկանալի է իրավասու ատյանների «անհողդողդ» անտարբերությունը: Մինչեւ ե՞րբ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել