Ո՞րն է դրա պատճառը
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված է. «Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձեւավորվում են խորհրդակցական մարմիններ՝ մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձեւավորման կարգը եւ իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ»:
Թեեւ «ծնողական խորհուրդ» արտահայտությունը ներմուծվել է նաեւ կրթական օրենսդրություն, սակայն դրանից ոչինչ չի փոխվել. ՀՀ դպրոցների մեծամասնությունում ծնողական խորհուրդները կամ «կիսատ-պռատ» են կազմավորված, կամ ընդհանրապես գոյություն չունեն, կամ էլ ֆիկտիվ գործում են, սակայն իրականում ֆոնդի, կավիճի, ավելի, «մաստիկայի», մարտի 8-ի եւ այլ «անհրաժեշտ» բաների համար փող հավաքելուց բացի, ուրիշ ոչնչով չեն զբաղվում: Այլ է իրավիճակն այն դպրոցներում, որտեղ կա միջազգային կազմակերպությունների գրանտների բերած «շունչը»: Օրինակ՝ Երեւանի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի 40 դպրոցներում, որոնք «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի» անդամ են, ծնողխորհուրդներն ավելի ակտիվ են: Սակայն ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռուզաննա Հակոբյանի հետ զրույցից տպավորություն ստացանք, որ այս ծնողխորհուրդները հիմնականում բարձրացնում են դպրոցի նյութատեխնիկական բազային, շենքային պայմաններին վերաբերող խնդիրներ, այլ ոչ այնքան ծնողների կամ աշակերտների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
2005-ին հիմնադրված եւ հիմնականում ֆրանսիական «Կարիտասի» հատկացրած ֆինանսավորմամբ տարբեր ծրագրեր իրականացնող ասոցիացիան, ըստ էության, կախված է ֆինանսավորումից. եթե չլինի ֆինանսավորում, ծնողական խորհուրդների հետ տարվող աշխատանքները կկասեցվեն՝ այլեւս չեն կազմակերպվի ծնողների կրթությանն ուղղված սեմինարներ, ծնողների բարձրացրած հարցերը, որոնք առնչվում են ֆինանսական կողմին, այլեւս չեն լուծվի:
Տիկին Հակոբյանը նշեց. «Ուզում ենք դպրոցի կառավարման գործում ծնողների ներգրավվածության, աշակերտների ուսումնառության հետ կապված խնդիրների բարձրացման առումով ծնողների հնարավորությունները զարգացնենք, որպեսզի նրանք պասիվ դիտորդների դերում չլինեն, իրենց առաջարկություններն անեն»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են անում ծնողների մեջ իրենց երեխաների իրավունքների պաշտպանության հարցում նախաձեռնող լինելու գիտակցությունը բարձրացնելու առումով: Զրուցակիցս պատասխանեց. «Կարծես ծնողներն ավելի ուզում են համագործակցել տնօրինության հետ, քան խնդիրներ բարձրացնել ու տնօրինության դեմ գնալ: Իհարկե, եթե լինում են աշակերտների, ուսուցիչների հետ կապված խնդիրներ, ծնողներն անպայման միջամտում են, իրավունք ունեն այդ դեպքում դասալսումներ կազմակերպել: Ծնողները մեծ ուժ ունեն, իսկ նրանց կրթությունը կարեւոր է, որ իրենք էլ հասկանան՝ ինչ պահանջեն: Օրինակ՝ շատ ծնողների պետք է հասկացնել, որ շատ ավելի կարեւոր է գիտելիքը, քան գնահատականը, ինչը հաճախ խնդրի առարկա է դառնում»: Տիկին Հակոբյանի խոսքով՝ ավելի ակտիվ են հատկապես այն ծնողները, որոնք շփումներ են ունեցել արտասահմանի հետ:
Զրուցեցինք նաեւ մի քանի դպրոցների ծնողխորհուրդների ներկայացուցիչների հետ:
Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ հաճախ ծնողխորհուրդների գործունեությունն արդյունավետ չէ, թիվ 34 դպրոցի ծնողխորհրդի ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե ծնողխորհուրդը կազմված է նույն դպրոցում դասավանդող ուսուցիչ-ծնողներից, ապա այն, կարելի է ասել, պաշտոնական դիրքերից է գործում, քանի որ ոչ մի մանկավարժ իր տնօրենին դեմ չի գնա: Իսկ դպրոցներում, որտեղ ծնողխորհուրդների անդամները միայն ծնողներ են, տնօրենի եւ ծնողխորհրդի աշխատանքն ավելի ակտիվ է: Օրինակ՝ մեր դպրոցում այդպես է»: Մեր դիտարկմանը, թե նման թրեյնինգներ կազմակերպում են միայն մասնավոր կազմակերպությունները, ոչ թե՝ ԿԳՆ-ն, զրուցակիցս հակադարձեց. «Իսկ ընդհանրապես ի՞նչ է անում ԿԳՆ-ն՝ ապականեց ամբողջ կրթությունն ու հիմա, չկարողանալով այդ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնել, ավելի ու ավելի է ապականում»: Նկատեցինք, որ մեղքը միայն ԿԳՆ-ի վրա գցելն էլ է սխալ, երբեմն ծնողներն էլ նախաձեռնող չեն, տիկին Հովհաննիսյանն արձագանքեց. «Այն դպրոցները, որոնք պատկանում են քաղաքապետարանին, ակտիվ են, ի տարբերություն ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվողների»:
Թիվ 72 դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայկուշ Առաքելյանին էլ հարցրինք՝ դպրոցի կառավարման խորհրդում լսելի՞ է ծնողների ձայնը: Նա պատասխանեց. «Ավելի շատ մեր ու մանկավարժների ձայնն է լսելի, քան՝ քաղաքապետարանի կամ կառավարման օղակների ներկայացուցիչներինը»: Իսկ հարցին, թե որքանո՞վ են ծնողներն ակտիվ ուսումնական գործընթացի կազմակերպման մեջ տեղ գտած թերությունները շտկելու հարցում, Հ. Առաքելյանը պատասխանեց. «Բնականաբար, ծնողը չի կարող ակտիվ գործունեություն ցուցաբերել թեստավորման, ծանրաբեռնվածության, ոչ ճիշտ ծրագրերի հարցում»: Զարմացանք՝ ինչո՞ւ ոչ, կարող են առաջարկություն ներկայացնել նախարարություն: Զրուցակիցս ասաց. «Լա՜վ, էլի, եթե ծրագիրը մտնում է ԿԳՆ, դպրոցներն էլ հրահանգավորվում են այդ ծրագրով, ոչ մի ծնողխորհուրդ, ոչ մի օրաթերթ, ոչ ոք չի կարող հարցը լուծել, մինչեւ իրենց փորձագետները չորոշեն՝ ծրագիրը հաջո՞ղ է, թե՝ ոչ»: