Տեսարան Սարի թաղից:
– Ասում են՝ եթե Աստված կա, թող մի հրաշք գործի, որ տեսնենք ու հավատանք,- ասաց գեղանկարիչը,- եթե մարդը խոսում է, ապա դա արարչագործություն է: Ուշադիր զննեք բույսը, մի՞թե դա Աստծո ստեղծածը չէ: Նոր էինք Սարի թաղ տեղափոխվել, հարեւան Սուրեն Մանուկյանը, որը ասորի է, մինչեւ մեր դուռը ասֆալտապատեց ու ասաց. «Քո գեղեցիկ նկարչության, քո արվեստի համար եմ անում դա»: Հասկացա, որ քաղաքացին, հասարակությունը, հայ մարդը տեր է իր մշակույթին: Աշխատանքներս ցուցադրվում են աշխարհի թանգարաններում: Չգիտեմ, ինչպես է գրականության վիճակը:
– Ինքս բողոքելու առիթ չունեմ,- ասացի ես,- քանի որ իմ գրքերը, մանավանդ «Արցախյան գոյամարտի համահավաք» մատենաշարի հատորները գնում եւ ընթերցում են մարդիկ: Սակայն, ընդհանուր առմամբ, հասարակությունը կտրված է իր մշակույթից, որն էլ հանգեցնում է բարոյահոգեւոր անկման: Իսկ դրա հետեւանքն էլ համատարած կոռուպցիոն դաշտն է… Ճիշտն ասած, քիչ առաջ Սարի թաղում զրուցում էի երկրի նախագահի հետ:
– Ինչպե՞ս, Սերժ Սարգսյանի՞: Նա Սարի թա՞ղ է եկել…
– Դե չէ, Մայիս, մի ոգեւորվիր, մտովի էի զրուցում: Ինքնամոռաց քայլում էի թաղի փողոցներով, ու ինքս ինձ բռնեցի այն պահին, որ մտովի երազում եմ նախագահի հետ:
– Ուր է, թե մի օր գար ու տեսներ ժողովրդի վիճակը: Լավ, գանք մեր Սարի թաղին,- ասաց գեղանկարիչը,- երկրորդ տարին էր, որ Սարի թաղում ենք, գնորդներ եկան, երկու կտավ էին ուզում գնել: Էլեկտրացանցից լույսերն անջատել էին՝ վճարի ուշացման պատճառով: Գնորդները, տեսնելով այս վիճակը, որոշեցին կես գին տալ, ակնարկելով, որ աղքատ ենք ու ստիպված կհամաձայնենք: Կինս՝ Պերճանուշը, վիրավորվեց ու մերժեց: Որոշեցինք նման մարդկանց ոչինչ չվաճառել: Իսկ դրան հակառակ՝ ինձ շատ լավ ընդունեցին Սարի թաղում: Հիշում եմ, կոշկակար Ռուբենը սայլերով քար էր կրում ու տուն կառուցում: Նա պատմեց, որ ինձ հյուր էին եկել թիֆլիսեցի իմ ընկերները՝ Գեորգի Հովակիմյանը, Աիդա Բաբաջանյանը եւ Ալբերտ Սաֆարյանը, տեսնելով, որ տանը չեմ, պատուհանից ներս են մտել, տանը եղած տոլման տաքացրել խոհանոցում, լավ սեղան պատրաստել, նստել, եղած անուշահամ գինիով խնջույք սարքել, իմ ու ընտանիքիս կենացը խմել ու հեռացել: Երբ Ռուբիկին նախատում եմ, թե ինչու չմիացավ նրանց, թե՝ «Տեսա, իրենց ինչպես սեփական տանն են զգում, հասկացա ամեն ինչ ու որոշեցի չխանգարել»: Մի անգամ մեր տանը խնջույքի էինք նստել, Ռուբիկի որդին՝ Հակոբը, ներս մտավ, ապա ամաչեց ու ետ գնաց: Հայրը ետ կանչեց, թե՝ «Թող հացից ամաչի էն մարդը, որը ոչ հաց է կերել, ոչ էլ հաց է տվել: Նստիր ու մասնակցիր Մայիսի խնջույքին»: Ռուբիկը սիսիանցի էր, բայց արդեն Սարի թաղցու հավաքական կերպար էր դարձել: Մեր տան դիմաց՝ մյուս մայթին 80- ամյա մի կին էր ապրում՝ հունաստանցի հայրենադարձ Նեռվիկը: Արդեն մեջքից կորացած կին էր, դիմացն էլ չէր տեսնում: Հիշում եմ, թթենու ճյուղը մոտեցնում էր դեմքին, լեզվով շոշափում հասուն թութը, լեզվով էլ պոկում, ըմբոշխնում: Գարնանը յասամանի մեծ ծաղկեփունջ բերեց, հետեւին ինքը չէր երեւում, տվեց Պերճանուշին: Մի օր եկավ, թե՝ «Ուզում եմ քեզ համար երգել»: Հին, աննման շարականներ երգեց: Ասացի, որ ես կյանքումս նման գեղեցիկ երգեր չէի լսել: Պատասխանեց, որ այս շարականներով ուզում է իր շնորհակալությունը հայտնել իմ բաց պատուհանից լսած Մոցարտի, Ռախմանինովի, Շուբերտի համար: Ես նկարելիս միշտ երաժշտություն եմ միացնում, որը նա լսում էր իր բակում: Երբեմն գալիս էր, կլանված հետեւում, թե ինչպես եմ նկարում, ինչպես եմ ապրում նկարով: Նա չէր տեսնում բնորդուհուն: Նա նայում էր նկարի ծնունդին ու հուշեր ապրում: Հետո հիշողությամբ «Հավատ» նկարով կերտել եմ այդ հրաշալի կնոջ կերպարը:
Ես ինձ երջանիկ էի զգում, որ Սարի թաղն իր բնակիչներով ամենեւին էլ միօրինակ չէ, այլ լեցուն է ամենատարբեր կերպարներով: Միայն ափսոսում եմ, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում օգտագործել թաղամասի այս հսկայական պոտենցիալը: Սարի թաղի բնակիչների ճնշող մեծամասնությունը գործազուրկ է եւ մի կերպ է կարողանում հայթայթել իր ապրուստը:
Արդեն չեմ շտապում հեռանալ Սարի թաղից: Զգում եմ, որ իրավունք չունեմ կիսատ թողնել ու հեռանալ, առանց պատմելու հայ ժողովրդի մի կարեւոր հատվածի՝ հայ- բոշաների մասին, մանավանդ որ, այսօրվա միջավայրը ճիշտ չի կարողանում գնահատել ու հարգել մեր ժողովրդի տարբեր հատվածների ծագումը, սովորությունները, ավանդույթները, կենցաղը, ծեսերը, ազգագրությունը, որը հայության ու նաեւ քաղաքակրթության ընդհանուր սեփականությունն է, կերպարը, հարստությունը: Գիտեմ, որ Սարի թաղի 23-րդ փողոցում նման մի փոքրիկ համայնք է բնակվում, սակայն չէի շտապում հանդիպել նրանց: Հասարակությունն այնքան է նսեմացրել նրանց իրենց գնչուական ծագման համար, որ նրանց այսօրվա սերունդը ձգտում է մոռացության մատնել իր էթնիկ ծագումը, որպեսզի ոչնչով չտարբերվի հայկական միջավայրից: Սակայն հայությունը գոյացել է տարբեր ցեղախմբերի, ազգությունների, տոհմախմբերի, անհետացած հին ժողովուրդների հատվածներից, որոնց խոսվածքի, բարբառների, կենցաղի, սովորությունների, ծեսերի մեջ պահպանվել են իրենց տոհմային, ցեղային հիշողությունները, այդ ամենը դարձրել հայության ու համայն քաղաքակրթության հարստությունը: Այս առումով կցանկանայի, որ լիարժեքորեն ուսումնասիրվեն հայ- բոշաների ընտանիքներում փրկված էթնիկ մշակույթի բեկորները: Ու ցանկալի է, որ հայ- բոշաները հպարտանան իրենց էթնիկ ծագման համար ու տեր կանգնեն դարերի խորքից եկող հիշողությանը:
Հայ- բոշաները Հնդկաստանի հյուսիս- արեւմուտքից IX դարում Պարսկաստանով Հայաստան գաղթած գնչուների մի հատվածի մասն է, որը հայկական միջավայրում, հակառակ իրենց ցեղակիցների, կիսանստակյաց, ապա եւ նստակյաց է դարձել: Աբրահամ Երեւանցին «Պատմություն պատերազմացն 1724- 1736 թթ.» եւ Լեոն «Հայոց պատմություն» գրքերում նկարագրում են 1724 թվականին օսմանյան թուրքերի հարձակումից Երեւանի պաշտպանության կազմակերպման մանրամասները: Աբրահամը գրում է, որ Կոնդ թաղում հարյուր տուն բոշաներ կային, «Մէկի անունը Բաբուռ օղլի Ղազար էր եւ մյուսները իրենց զորքով եկան Ձորագեղ 234 հոգով»: «Բօշեքն պատվական կռիվ կանեն,- գրում է Աբրահամը,- քառասուն հոգի պատեցին ջաղացի ճանապարհը: Էդ կռվի ժամանակ 400 հայք եւ 40 բoշեք վիրավորվեցին: Բօշաները՝ 100 տուն մեծատունք եւ քաջասիրտք, վարժ զինու պատերազմի, առաջինն էր Ղազար Բաբուրեան, երկրորդն էր Կլդուզն, երրորդն էր Դավիթը»:
Հայ-բոշաների մասին առաջին լուրջ ուսումնասիրությունը իրականացրել է ազգագրագետ Երվանդ Լալայանը: Նա սկսում է գնչուների մասին նկարագրություններից. «Ահա տեսնում եք ճանապարհի վրայ, փոշու մեջ, իրենց ձիերի վրայ նստոտած կամ ոտքով, կիսամերկ, բոկոտն, ունեցած չունեցածը կամ շալակած, կամ սայլերի վրայ բարձած, մանր ու մեծ մանուկներ, կանայք. անցնում են սառոցների միջով, միջօրեականի այրող կլիմայի տակ եւ ուր յոգնեցին, նստում են, իսկոյն առ ձեռն վրան կազմում, ապրում որքան կամենան, ապա, մի ժամվա ընթացքում ժողովում անհետանում են երկրից»: Գնչուները, ի զարմանս բնիկ ժողովուրդների, հրաշալի են կողմնորոշվում ցանկացած տեղանքում, լինի դա ջունգլի, մութ անտառ թե անապատ: Նրանք, անցնելով ցանկացած տեղանքով, իրենց ետեւից եկողների համար թողնում են ծառերի բներին, քարերին ու պատերին գաղտնանշաններ, որոնցով էլ ղեկավարվում են մյուս խմբերը: Ամենաշատը հանդիպում է եռաժանին, որի երկար գիծը ցույց է տալիս բաց ճանապարհը: Բուդդայական սվաստիկայի նշանը փակ ճանապարհներ է նշանակում: Խաչի երկար գիծը եւս բաց ճանապարհի նշանն է, իսկ հոծ գծի վրա թեք գծերը ցույց են տալիս, որ տվյալ ուղղությամբ հետագա ճանապարհը վտանգավոր է եւ մահաբեր: Ուսումնասիրողները նշում են, որ նման նշաններ ավելի հաճախ են հանդիպում Թուրքիայում, որտեղ իրոք սպանում էին գնչուներին: Գնչուները պաշտում են օջախը, որն իրենց լեզվով «սանթո» է կոչվում: Նրանք օջախը իրենց հետ տանում են ամենուր: Այդ կրակի միջոցով կռում են մետաղը, պայտեր պատրաստում, զբաղվում կլայեկագործությամբ: Նրանք նաեւ լավ երաժիշտներ են: Նրանց մեղմօրոր ու նաեւ կրակոտ մեղեդիները հայտնի են քաղաքակիրթ աշխարհին:
Ահա այս ժողովրդի մի ստվար ճյուղն էլ շուրջ հազար տարի առաջ եկավ Հայաստան, ընդունվելով տեղի բնակչության կողմից, սկզբում կիսանստակյաց դարձան, ապա եւ սկսեցին նստակյաց կյանք վարել, իհարկե, աստիճանաբար կորցնելով գնչուական սովորությունները: Հայ- բոշաներին ուսումնասիրողները նրանց բաժանում են երկու խմբի: Մեկին բնորոշ է մենէթնիկ ինքնագիտակցությունը եւ մշակութային հատկանիշներով մոտ է հայերին, մյուսը երկէթնիկ՝ բոշայական ու հայկական ծագում է ընդունում: Բայց եւ կա մի այլ խումբ, որը սերնդեսերունդ աղոտ կերպով հիշում է իրեն բոշայական վաղնջական ծագման մասին, սակայն նրանք իրենց էթնիկապես հայեր են համարում, հայերենը ընդունում որպես մայրենի լեզու, Հայաստանը՝ որպես հայրենիք, հայ լուսավորչականությունը՝ որպես իրենց հարազատ կրոն: Այս խմբերը գտնվում են ՀՀ ԳԱ Ազգագրության եւ հնագիտության արշավախմբերի ուշադրության կենտրոնում: Նրանց մեջ դեռեւս պահպանվել են մերձավորների հետ հաղորդակցական գաղտնալեզվի վերապրուկներ: XIX դարի կեսին Հայաստանում ապրել է շուրջ 300 հազար բոշա, որի զգալի մասը՝ Արեւմտյան Հայաստանում: Հյուսիս- արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո բոշաները եւս գաղթեցին եւ վերաբնակվեցին Շիրակում, Կոտայքում, Արարատյան հովտում, ինչպես եւ Ջավախքում: Երեւանում բոշայական խմբերը բնակություն են հաստատել Կոնդում, Քանաքեռում եւ Սարի թաղում: Նրանց մեջ դեռեւս պահպանվել է գնչուական մի կարեւոր հատկանիշ. մի բնակարանում իրար հետ միասին ու համերաշխ ապրում են երեք կամ չորս սերունդներով՝ բազմանդամ ընտանիքով, որը անհնար է «քաղաքակիրթ» ընտանիքներում: Նրանց մեծ մասն այսօր ձգտում է հայկական միջավայրում չտարբերվել հայերից: Հենց դա էլ նպաստում է, որ նրանք աստիճանաբար ձուլվեն հայերի մեջ ու լիովին կորցնեն իրենց էթնոմշակութային դեմքը:
Բոշաները հիմնականում զբաղվել են Հնդկաստանից իրենց հետ բերած արհեստներով՝ մաղագործությամբ եւ զամբյուղագործությամբ: Հիշում եմ, 1940- 50- ական թվականներին Վարդենիսի կամ Մարտունու շրջաններում մաղ ու խախալները շալակած Լեռնային Ղարաբաղում էին հայտնվում բոշաները, որոնց պարսիկների նման մենք «ղըրըչի» էինք անվանում, տարբեր չափսի մաղերն ու խախալները փոխանակում էին ցորենի կամ հացի հետ, գուշակություններ կատարում: Մի անգամ, երեւի 1945 թվականն էր, մայրս ցույց տվեց հորս զինվորական լուսանկարը, գուշակը երկար զննեց այն, ապա ասաց, որ աշնանը անպայման կգա: Մայրս հաջորդ օրը մեծ ձմերուկ բերեց, ցանցի մեջ դնելով կախեց առաստաղից: Այն դարձել էր պատերազմից հորս վերադարձի խորհրդանիշը: Ձմեռնամուտին ես հիվանդացա, ու նկատեցի, որ օրեցօր մեծանում է ձմերուկի վրա սեւացող սպին: Մայրս իջեցրեց այն, արտասվեց ու կտրեց սեւ- սեւ կորիզներով կարմիր ձմերուկը: Հետո էլի բոշաներ էին թակում մեր դուռը, բայց մայրս այլեւս չէր հավատում նրանց գուշակությանը:
1960- 70- ականներին, ալրաղացային արդյունաբերության զարգացմանը զուգահեռ, մաղագործությունը կորցրել է իր նշանակությունը: Բոշաները, ինչպես եւ հանրապետության բնակչության մի ստվար մասը, ընտանիքները թողնելով իրենց տեղում, արտագնա աշխատանքի էին մեկնում ԽՍՀՄ այլ հանրապետություններ: Նրանք ձմռանը վերադառնում էին, վաստակած գումարներով նոր տներ կառուցում, որն էլ փոփոխում էր նրանց կենցաղը, մոռացության մատնելով հնուց պահպանված սովորությունները: Սակայն շուկայական հարաբերությունների մուտքը հայ- բոշաների ընտանիքներում հիշեցրեց ու վերակենդանացրեց հին արհեստները՝ մաղագործությունն ու զամբյուղագործությունը, որն էլ դառնում է ապրուստի, տնտեսության կարգավորման միջոց: Հայ- բոշաների խմբերում դեռեւս գոյատեւում են վաղեմի ավանդույթներով համատեղ հավաքվող ազգակից բազմասերունդ ընտանիքներից կազմված նորաստեղծ թաղերի ստեղծման սովորությունները: Դա, հավանաբար, ցեղի պահպանման ենթագիտակցական ձգտումն է: 1950-ականներից բոշաների տարբեր ընտանիքներ, վերաբնակվելով Քանաքեռի Ժամի թաղի տարածքում, կազմեցին նոր թաղամաս, որը քանաքեռցիները կոչում են Բոշի թաղ: Այժմ կարեւոր է, որ Կոնդի, Սարի թաղի, Քանաքեռի հայ- բոշաները կարողանան վերականգնել ցեղային հիշողությունը, պահպանեն հին գնչուական մշակույթի մնացորդները, ազգային յուրահատկությունները: Իհարկե, անհնար է նստակյացության փոխարեն վերականգնել թափառաշրջիկությունը, ու չկա էլ դրա անհրաժեշտությունը: Սակայն գիտենք, որ հայկական մշակույթը հարուստ է իր բարբառներով, յուրահատուկ ազգագրական ծեսերով, որոնց մեծ մասը ժառանգություն է մնացել հեթանոսական շրջանից: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի կամ Կումայրի-Գյումրիի հայությունը ոչինչ չի կորցնում, եթե նրանց բնակավայրերի անվան մեջ հայտնաբերում ենք երեք հազար տարի առաջ կիմերներից ժառանգություն մնացած «կյում» արմատը: Ու եթե հայ էթնիկ հանրության կազմում ձեւավորված լինի յուրօրինակ նոր ազգագրական խումբ, ապա դրանից երկիրը մշակութային առումով կհարստանա ու կշահի: Ու չպետք է թույլ տալ, որ մեռնի բոշաների հիշողությունը, ընդհակառակը, այն պետք է վերակենդանացվի, այնպես, որ Հնդկաստանից գան, ուսումնասիրեն իրենց ժողովրդի մի հատվածի մշակույթը, ինչպես դա անում են իրանցի գիտնականները, որոնք հայ բազմադարյա գրականության մեջ պարսկական մշակույթի տարրեր են փնտրում ու գտնում:
Հետաքրքիր է, Արարատից իջած մարդկությունը նունպես վերհիշեր սկիզբը՝ Հայաստանը…
Շնորհակալ եմ նկարչի (կոլեգա) այս հոդվածների համար,կուզեյի ծանոթանալ,
Գրիգոր (093)68-35-79