Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն մայրենիի անաղարտության

Փետրվար 19,2010 00:00

«Հայաստանցի պաշտոնյաների օգտագործած հայերենը տագնապահարույց է». սա ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեսակետն է, որը նա հնչեցրեց երեկ, մամուլի ասուլիսում: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարեվերջին ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2010 թվականը հայտարարեց մայրենիի տարի: Պատճառները հետեւյալն էին՝ Հայաստանից դուրս բնակվող հայերին հայ է պահում հավատքը, լեզուն եւ հայրենիքը, սփյուռքահայերի շրջանում ուծացումը շատ լայն ծավալներ է ստացել՝ շատացել են խառնամուսնությունները, հայկական դպրոցներում նվազել է աշակերտների թիվը: Հայոց լեզուն Հայաստանում էլ է շատ անհարգալից վերաբերմունքի արժանանում՝ աղճատվում է, խեղաթյուրվում եւ ոչ ճիշտ է մատուցվում հանրությանը: Փետրվարի 21-ին նշվելու է մայրենիի տոնը: Հայաստանում այն պետական տոն է: Սփյուռքի նախարարության այս ձեռնարկին այժմ միացել են Հայաստանի գրողների միությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Ասուլիսին ներկա Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ու քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մանրամասնեցին, որ ակցիայի նպատակն է ոչ միայն մայրենին անաղարտ պահել, այլեւ վեր հանել խնդիրները եւ լուծումներ գտնել, ինչի համար ակնկալվում է հեռուստաընկերությունների, ԶԼՄ-ների՝ նաեւ համացանցային աջակցությունն այս գործում: Մայրենին անաղարտ պահելու տրամաբանության շրջանակներում ՀՀ գրողների միությունը հանրապետության տարբեր քաղաքներում գիրք նվիրելու տոն է հայտարարելու: Գրքեր են նվիրվելու մանկատան սաներին, հանրակրթական դպրոցների աշակերտներին, որպեսզի այդպիսով նաեւ երեխաների մեջ կարդալու նկատմամբ սեր արթնացնեն: Իսկ Սփյուռքի նախարարությունը փորձելու է ստեղծել արեւմտահայերենը դասավանդելու մեկ միասնական դասագիրք: Կձեւավորվի սփյուռքահայ եւ տեղացի մասնագետների խումբ, որը կզբաղվի այդ աշխատանքներով: Դասագիրքը կտպագրվի Հայաստանի Հանրապետության կողմից եւ կբաժանվի Սփյուռքի դպրոցներին: Դեսպանատներին նախարարությունը նաեւ կոչ է անում մայրենիին նվիրված տարատեսակ միջոցառումներ կազմակերպել: Իսկ Հայաստանում, այդ ծրագրի շրջանակներում, կկազմակերպվի ասմունքի փառատոն՝ արեւմտահայերեն: Այսօր արդեն կկայանա արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը՝ փոխարկման ծրագրի շնորհանդեսը: Ծրագրում 50 հազար բառ եւ տերմին է ներառված:

«Զերծ մնանք օտարաբանությունից, ժարգոնից, գռեհկաբանությունից»,- կոչ արեց Սփյուռքի նախարարը, իբրեւ մայրենիի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք՝ առաջարկելով դպրոցներում մայրենիի ուսուցիչների վերապատրաստում եւ դասագրքերի փոփոխություն իրականացնել, մայրենի լեզու դասավանդող ուսուցիչների միջեւ մրցանակաբաշխություններ անցկացնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել