Ադրբեջանի ԿԳ նախարարը 2 բուռ հող տարավ Հայաստանից
«Առավոտի» այս տարվա հունվարի 23-ի համարում տպագրված «Մեր Շահենն ու նրանց Շահինը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը Հայաստանի Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում ծնված-մեծացած եւ 1988-ին Հայաստանից հեռացած Շահեն Մուստաֆաեւն է: Ջուջեւանցիները մեզ պատմել էին, որ Շահեն-Շահինի ընտանիքը հայերի հետ լավ հարաբերություններ ուներ եւ հեռանալիս կորուստ չեն ունեցել, ջուջեւանցիների օգնությամբ իրենց հետ տարել են ամեն ինչ՝ անգամ արդեն ճզմած խաղողը, որից պիտի օղի թորեին: Պարզվում է, որ հայկական Տավուշը Ադրբեջանի համար ոչ միայն տնտեսական զարգացման նախարար է ծնել-սնել-մեծացրել, այլ նաեւ՝ կրթության նախարար:
Արդեն 12 տարի Ադրբեջանի կրթության նախարարությունը ղեկավարող Միսիր Մարդանովը Տավուշի մարզի՝ խորհրդային տարիներին՝ Սալահ, այժմ՝ Աղավնավանք կոչվող գյուղից է: Ադրբեջանի կրթության նախարարության www.edu.gov.az պաշտոնական կայքում նախարար Մարդանովի կենսագրության մեջ գրված է, որ ծնվել է 1946 թվականին: Սակայն չի նշվում, թե ո՞րն է նրա ծննդավայրը: Հիշեցնենք, որ Շահին Մուստաֆաեւի կենսագրականում էլ ծննդավայրը նշված չէ: Այս առթիվ «հետաքրքրասեր» ներկայացած մեկը ինտերնետում նախարարին հարց է ուղղել՝ ո՞րն է քո ծննդավայրը, Միսիր Մարդանով: Տավուշի մարզում շատերը գիտեն, որ Միսիր Մարդանովը ծնվել, դպրոցն ավարտել է ադրբեջանաբնակ Սալահ գյուղում, այսօրվա՝ Աղավնավանքում: Գյուղը ժամանակին հայկական է եղել, այստեղ ուրարտական շրջանի դամբարանադաշտ կա, որի վրա հետագայում ադրբեջանցիները գերեզմանոց են հիմնել: «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանը քաջածանոթ է գյուղի պատմությանը եւ վկայում է, որ գյուղի անունը ծագում է հայկական «սալա» բառից, որ կողով է նշանակում: Իսկապես, բնակավայրի դիրքը կողովի է նման, երկու կողմից թեք սարերով պարփակված գետահովիտ է: Հետագայում «Սալա»-ն ադրբեջանցիները փոքր-ինչ ձեւափոխելով՝ Սալահ են դարձրել: Գյուղի հայկական ծագումը վկայում են 9-րդ դարում, Բագրատունիների տիրապետության շրջանում կառուցված միաթռիչք կամուրջն ու ճանապարհի եզրին 12-րդ դարում կառուցված ճգնավորի մենաստանը: Այլ ապացույցներ էլ կան:
Արծրուն Հովսեփյանը լավ է հիշում Միսիր Մարդանովին, նրանց տանը ճաշկերույթի է մասնակցել: Միսիրի հայրը՝ Ջումեյիլ Մարդանովը, եղել է շուրջ 400 բնակիչ ունեցող, հիմնականում անասնապահությամբ զբաղվող Սալահի կոլտնտեսության նախագահը: Արծրուն Հովսեփյանը վկայում է, որ Միսիր Մարդանովը մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատել Սալահի դպրոցում: Մարդանովի կենսագրականում նշված է, որ ավարտել է Կիրովի անվան Ադրբեջանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Կենսագրականում հաջորդ գրառումը վերաբերում է 1979-83 թվականներին: Այդ տարիներին Մարդանովը նույն ֆակուլտետում ավագ դասախոս, ապա ֆակուլտետի դեկանի տեղակալ է աշխատել: Եթե ենթադրենք, որ Միսիրը համալսարանն ավարտել է 22-23 տարեկանում, 10 տարի՝ 1969-79թթ. նա որտե՞ղ է աշխատել: Այդ մասին, ինչպես եւ ծննդավայրի վերաբերյալ նրա կենսագրականում ոչինչ չի ասվում: Աղավնավանքի նախկին գյուղապետ Գրիգոր Խոջայանն էլ ասում է, որ դպրոցը Սալահում ավարտելուց հետո Միսիրը գնացել է Բաքու եւ Սալահում չի աշխատել: Միսիր Մարդանովին ճանաչողներն ասում են, որ նա համեստ մարդ է: Արծրուն Հովսեփյանը նշում է, որ Հայաստանից գնացած ադրբեջանցիներն այնտեղ ջոկատներ էին ստեղծում, կռվում Հայաստանի դեմ: Ջուջեւանցի Շահին Մուստաֆաեւի մասին այսպիսի խոսակցություններ Տավուշ հասել են, սակայն նրա կենսագրականում պատերազմին մասնակցության մասին ոչ մի հիշատակում չկա: Միսիր Մարդանովի՝ պատերազմին մասնակցելու մասին ոչ ոք ոչինչ չի լսել, ու Տավուշում կարծում են, որ նա պատերազմին չի մասնակցել: Աղավնավանքի դպրոցի տնօրեն Սերգեյ Թաիրյանը հիշում է 1997 թվականին Մարդանովի Աղավնավանք այցի մասին: Մարդանովը ինչ-որ գիտաժողովի մասնակցելու համար ժամանել էր Երեւան, ցանկություն է հայտնել տեսնել իր հայրական տունը ու նրան այդ հնարավորությունը տրվել է:
Այդ այցը մանրամասն հիշում է Գրիգոր Խոջայանը, ով 1900-2002թթ. ղեկավարել է Աղավնավանքը: Նա լավ հիշում է, թե ինչպես Մարդանովը Երեւանի եւ Իջեւանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ գյուղ էր եկել: Մարդանովի հետ ռուսերեն խոսող մի լրագրող է եղել, ով նկարահանել է գյուղը, դպրոցը, Մարդանովների տունը: Մարդանովների տանը բնակվում էր Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից բռնագաղթած Գրիգոր Գաբրիելյանի ընտանիքը: Նրանք հյուրերի համար լավ սեղան են բացել: Միսիրը գոհունակություն է հայտնել, որ նման հյուրընկալ, բարի մարդիկ են բնակվում իրենց օջախում: Նա բաժակ է բարձրացրել, նաեւ գյուղապետ Խոջայանին մի խնդրանք է ներկայացրել: «Մոտը մի տոպրակ կար: Հայրը՝ Ջումեյիլ Մարդանովը, որդուն խնդրել էր իրենց այգուց հող բերել: Միսիրը այգուց երկու բուռ հող լցրեց տոպրակն ու արտասվեց»,- վերհիշում է Գրիգոր Խոջայանը: Վերադարձի ճանապարհին Միսիրը մի քիչ կանգնել է դպրոցի մոտ եւ հեռացել: Միսիր Մարդանովը ցանկացել է այցելել գյուղի գերեզմանատուն, սակայն նրան չեն թողել: Աղավնավանքի բնակիչներն ասում են, որ ադրբեջանական գերեզմանատան հին տապանաքարերը լավ պահպանվում են, սակայն նորերից մի քանիսը կոտրված են: Հայտնի է, որ Ադրբեջանում հայկական գերեզմանատները դաժան ճակատագրի են արժանացել: Աղավնավանքի դպրոցի տնօրեն Սերգեյ Թաիրյանը Շամխորի շրջանի հայկական Բարսում գյուղից է: Նա պատմում է, որ Մոսկվայում բնակվող իր համագյուղացիները մի ադրբեջանցու վարձել են եւ տեսախցիկով ուղարկել Բարսում: Ադրբեջանցին տեսագրել է Բարսումի հայկական ավերված սրբավայրը. ադրբեջանցիները բուլդոզերներով ավերել էին ողջ գերեզմանոցը, հարթեցրել տարածքը:
Աղավնավանքում Մարդանովների հայրական տունը հիմա էլ է տարբերվում մյուսներից: Կոլտնտեսության նախագահին հարիր երկհարկանի բավական մեծ տուն է՝ ադրբեջանական կապույտ նախշազարդերով: Առանձնատունն այժմ դատարկ է: Գրիգոր Գաբրիելյանի մահից հետո նրա կինը՝ Ալվինան, տունը 8 հազար դոլարով վաճառել է մի երեւանցու, վերջինս էլ մի քանի տարի առաջ 22 հազար դոլարով վերավաճառել մեկ այլ երեւանցու, ով Մարդանովների տունը որպես ամառանոց է օգտագործում: