Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳՉՈՒՀՈՒ ԳՈՐԾԸ՝ ԵԴ-ՈՒՄ

Փետրվար 19,2010 00:00

Օպերային թատրոնի նախկին երգչուհի՝ 89-ամյա Էվելինա Գեւորգյանը արդար դատաքննության խախտման համար դիմել է Եվրոդատարան։ Հաշվի առնելով դիմումատուի տարիքը՝ Եվրոդատարանը 3-4 ամսվա ընթացքում գործն ընդունել է վարույթ։

Ըստ hra.am-ի, Էվելինա Գեւորգյանն ապրում է երգչախմբային ընկերության տնտեսական կարիքների համար նախատեսված 3,5 քմ փոքրիկ սենյակում։

1942թ. մարտի 8-ին Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի վոկալ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհու մեծ բեմ տանող երազելի ճանապարհն ընդհատվեց։ Նրան աքսորեցին Ուրալ։ Ծանր ժամանակներ էին ստալինյան բռնատիրության տակ, չեկիստների կողմից գնդակահարված ժողովրդի թշնամու դուստրը չէր կարող երազանքներ ունենալ: Չորս տարի անց Էվելինան վերադառնում է Հայաստան ու բնակություն հաստատում Դիլիջանում (Երեւանը փակ էր աքսորից վերադարձածների համար):

1957-ին, ի թիվս այլոց, Էվելինա Գեւորգյանն արդարացվում է։ Դիմում է իրավասու մարմիններին՝ ցանկանալով օգտվել բռնադատվածի նկատմամբ պետության ստանձնած պարտավորություններից ու ստանում համապատասխան կարգավիճակ։

Օգտվելով բռնադատվածի իր իրավունքներից՝ 2003-ին գրավոր դիմում է ներկայացնում Երեւանի նախկին քաղաքապետին՝ խնդրելով իրեն հատկացնել 400 քմ հողատարածք եւ երկարաժամկետ վարկ Երեւանի կենտրոն համայնքի տարածքում՝ նկատի ունենալով, որ բռնադատման պահին ապրել է այդ տարածքում: Սակայն այդպես էլ չի ունենում իր սեփական բնակարանը։

1994-ին ընդունված «Բռնադատվածների մասին» օրենքով հանրապետությունից բռնադատվածներին սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափի հողատարածք՝ բնակարանային անհատական շինարարության համար։ Շինարարության համար հատկացվում է նաեւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ։

Ոչ արդարադատության նախարարը, ոչ Մարդու իրավունքների պաշտպանը չեն նպաստել հարցի լուծմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել