Երեկ, ժամը 16-ին, ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ-ի) ու «Առավոտ» օրաթերթի հայցի քննությունը: Թերթը դատի էր տվել Շիրակի մարզպետին:
Նախորդ դատական նիստին ԻԱԿ-ի իրավաբան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր, որպեսզի դատարանում որպես վկա հանդես գա մեր գործընկեր, «Առավոտ» օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանը: Վերջինս Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին Շիրակի մարզպետարանի էլ. փոստի հասցեով տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե 2005, 2006, 2007թթ. ՀՀ պետական բյուջեով Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներն ի՞նչ նպատակներով են ծախսվել եւ ինչքա՞ն գումար է ծախսվել: Սակայն հարցումը մնացել էր անպատասխան:
Երեկ, սակայն, դատաքննությունը հետաձգվեց, քանի որ Երեւանից Գյումրի մեկնած մեր գործընկերն ու ԻԱԿ-ի իրավաբանը դատական նիստից ուշացել էին 7 րոպե: