Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՆԳԱՄ ՆՈՏԱՐԻ ԿՆԻՔՆ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

Փետրվար 19,2010 00:00

Ասում է ՀՀ Երեւանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար, նոտարական պալատի նախագահ, 32 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Ալվարդ Մելքոնյանը:

«Առավոտի» հարցին, թե ո՞րն է թիվ մեկ խնդիրը, որը դժվարացնում է նոտարի աշխատանքը, Ա. Մելքոնյանը պատասխանեց այսպես.

– Ամեն օր շփվում եմ բազմաթիվ մարդկանց հետ: Նոտարի աշխատանքն ամենադժվարն է հենց այն իմաստով, որ մենք հիմնականում շփվում ենք իրավագիտակցության ցածր մակարդակ կամ դա ընդհանրապես չունեցող անձանց հետ: Մեր աշխատանքն այժմ է՛լ ավելի է դժվարացել, քանի որ քաղաքացիական շրջանառության մեջ հայտնվել են շատ կեղծ փաստաթղթեր՝ սկսած սովորական տեղեկանքից, վերջացրած սեփականության իրավունքի վկայականներով: Այս իրավիճակը բավական լարված է պահում նոտարին, քանի որ քաղաքացիների մեծամասնությունը չի հասկանում, որ կեղծ փաստաթուղթը ներկայացնելով նոտարին, նա վտանգի տակ է դնում ոչ միայն նոտարին, գործարքի կողմին, այլեւ իրեն, քանի որ ներկայացված փաստաթղթի կեղծությունն ապացուցվելու դեպքում ինքը քրեական պատասխանատվություն է կրելու:

Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ կեղծ լիազորագրի հիման վրա ցանկացել են վաճառել ուրիշին պատկանող անշարժ գույքը: Սա ՀՀ քրեական օրենսգրքով որակվում է որպես խարդախություն եւ պատժվում է Քրեական օրենսգրքի հոդվածներով:

Նոտարական պրակտիկայում տարիներ առաջ եղել են դեպքեր, երբ փորձել են կեղծ փաստաթղթով (հիմնականում՝ լիազորագրով) գործարքներ անել, քանի որ լիազորագրերի կեղծ լինելը սովորական աչքով տեսանելի կամ հասկանալի չի եղել: Սակայն նոտարների աչալրջության պատճառով այդպիսի դեպքերը կանխվել են: Դա պատճառ է դարձել, որպեսզի այժմ նոտարները ստուգեն բոլոր լիազորագրերը, որոնք ուղարկված են ԱՊՀ երկրներից: Ստուգման արդյունքում դրանց շուրջ 15%-ը կեղծ են դուրս գալիս: Կեղծում են նույնիսկ Երեւան քաղաքի նոտարների կնիքն ու ստորագրությունը: Գործարք վավերացնող նոտարները ստիպված են ստուգել նաեւ ՀՀ-ում գործող իրենց գործընկերների՝ նոտարների կողմից տրված լիազորագրերը, համաձայնությունները:

Քաղաքացիների հիմնական մասը շատ լավ են հասկանում, թե նոտարը իրենց ինչ ծանր վիճակից է հանում, անշարժ գույքի դիմաց վճարվելիք գումարի անդառնալի կորստից է փրկում, շնորհակալ են լինում նրան, նույնիսկ այդ մասին գրավոր շնորհակալություն են ուղարկում ՀՀ արդարադատության նախարարություն:

Ես, որպես երկարատեւ աշխատանքային փորձ ունեցող նոտար, ցանկանում եմ քաղաքացիներին զգուշացնել, որ ավելի զգոն լինեն իրենց ցանկացած գույքը վաճառելիս, օգնեն նոտարին՝ նրա հարցերին ճիշտ պատասխաններ տալով, ներկայացնեն նոտարի պահանջած բոլոր փաստաթղթերը: Նոտարը համարվում է երկու կողմերի իրավունքների պաշտպանը, նա պարտավոր է գործարքը վավերացնել գործող օրենսդրության պահանջներին համապատասխան: Մեր պրակտիկայում հաճախակի են դեպքերը, երբ քաղաքացիները կարող են տասնյակ միլիոնների հասնող գույքը վաճառելիս այնպես շտապել, կարծես եկել են նոտարի մոտ ոչ թե նման կարեւոր գործով, այլ եկել են շուկա՝ արագ գնումներ կատարելու: Մինչդեռ, իրենք պետք է շահագրգռված լինեն, որ նոտարն աշխատի առանց շտապելու, որպեսզի կարողանա բացատրել կողմերին իրենց իրավունքներն ու պարտականությունները, որպեսզի իրենց սպասարկի այնպես, ինչպես հարկն է, ինչպես ընդունված է եվրոպական շատ երկրներում, որտեղ մարդիկ մեկ առանձին ազատ օր են հատկացնում նոտարի մոտ թանկարժեք գույքի վաճառքի համար կամ ընդհանրապես նոտարի մոտ գնալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել