Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ ապրելակերպ՝ մանուկ հասակից

Փետրվար 19,2010 00:00

\"\"Սրտաբանը գտնում է, որ դանակը ոսկորին չի հասնի, եթե բժշկական ապահովագրությունը ներդրվի մեր երկրում:

«Քանի որ հիվանդությունները գնալով շատանում եւ երիտասարդանում են՝ կապված էկոլոգիայի վատացման, սթրեսների, վնասակար սովորությունների եւ այլնի հետ, առողջապահական համակարգը իր գործունեությունը պիտի համապատասխանեցնի ազգաբնակչության խնդիրներին, այդ պատճառով էլ համակարգը բավական նշանակալի նորամուծությունների կարիք ունի: Նախեւառաջ կարեւոր է բնակչության տեղեկացվածությունը տարբեր հիվանդությունների դրսեւորման ու հետեւանքների մասին: Խոսքը գլոբալ պատկերացումների մասին է, ինչը կարելի է կազմակերպել, օրինակ, դպրոցներում առողջապահությանը նվիրված դասընթացներ անցկացնելով: Շատ ավելի հեշտ է այդ տարիքի երեխաների մոտ ստերեոտիպեր ձեւավորել եւ սովորեցնել պահպանել առողջությունը, քան ավելի հասուն երիտասարդին ստիպել կամ համոզել հրաժարվել վատ սովորույթներից»,- «Առավոտի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Անհետաձգելի բուժծառայության» բժիշկ, սրտաբան Տիգրան Պողոսյանը:

Նրա ներկայացմամբ, ոչ վաղ անցյալում շատ մարզերում բացարձակ բացակայում էին ոչ միայն մասնագետներ, այլեւ ամենատարրական սարքավորումներ, իսկ որոշ շրջաններում առհասարակ չկային հիվանդանոցներ եւ տվյալ շրջանում որեւէ խնդիր ունեցող բնակիչները ստիպված էին լինում գանգատների դեպքում հասնել մոտակա քաղաքի հիվանդանոց կամ մայրաքաղաք. «Այսօր արդեն իրականացվում են կադրերի վերապատրաստման ծրագրեր, կառուցվում են կլինիկաներ եւ դրանք հնարավորինս հագեցվում են անհրաժեշտ սարքավորումներով»: Բժշկի հավաստմամբ՝ այս խնդիրը, իհարկե, դեռ վերջնական լուծում չի ստացել, քանի որ նախորդ տարիների անհետեւողականությունը շրջանների կլինիկաները բավական անմխիթար վիճակի է հասցրել, եւ խնդիրը վերջական լուծելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի. «Ազգաբնակչության առողջությանն առնչվող հարցերի շարքում լուրջ խնդիր են ներկայացնում բնակչության անտեղյակությունն ու բժշկական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը: Սրանք ամենատարածված առօրյա խնդիրներն են, որոնք, ցավոք, այդպես էլ լուծում չեն ստանում: Ըստ էության, դրանք չեզոքացնելու համար վերջին տարիներին կազմակերպվեց ծննդօգնության եւ խորհրդատվության, ինչպես նաեւ առողջության պահպանման առաջնային օղակների անվճար սպասարկում, ինչը եւս մեծ փոփոխություն էր, որը որոշակիորեն նպաստեց ՀՀ-ում ծնելիության աճին, պոլիկլինիկաներ՝ բնակչության հոսքի շատացմանը»:

Բժշկի կարծիքով, հասարակության համար առավել լուրջ խնդիր են ներկայացնում սրտանոթային հիվանդություններն ու չարորակ նորագոյացությունները, որոնք մահացության մակարդակով առաջնային դիրքերում են: Սրտաբանի կարծիքով, անհրաժեշտ է ապահովել բժիշկ-հասարակություն, բժիշկ-անհատ շփումը, ինչը, բնականաբար, կլրացնի ե՛ւ անտեղյակության բացը, ե՛ւ կկանխի ինքնաբուժմամբ զբաղվելու սովորույթը. «Շատ ժամանակ հիվանդները, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, զբաղվում են ինքնաբժշկմամբ, բուսաբուժությամբ, ընկնում շառլատանների ձեռքը եւ, ի վերջո, դիմում են բժշկի՝ հիվանդության խորացվածությամբ եւ ծանր վիճակում: Եվրոպական երկրներում եւ Ռուսաստանում արգելվում է դեղատներին դեղորայք վաճառել՝ առանց բժշկի ցուցման թերթիկի, բացի այդ, դեղագործը իրավունք չունի հիվանդ այցելուին խորհուրդ տալ այս կամ այն դեղը եւ բուժում նշանակել: Այս հիմնախնդիրը առավել արդիական է ՀՀ-ում, քանի որ հայերի մենտալիտետը խստորեն տարբերվում է շատ երկրների բնակիչների մենտալիտետից: Օրինակ՝ եվրոպացիները, ռուսները 6 ամիսը մեկ, վատագույն դեպքում տարին մեկ անգամ գնում են պրոֆիլակտիկ ստուգումների, ինչը հնարավորություն է տալիս հիվանդության առկայության դեպքում այն հայտնաբերել վաղ շրջանում եւ կանխարգելել դրա հետագա զարգացումը: Իսկ հայերը բժշկի չեն դիմում՝ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում: Եվրոպական շատ երկրների մահացության ցուցանիշը մեր երկրի ցուցանիշից անհամեմատ ավելի ցածր է»:

Ըստ սրտաբանի՝ «Այս բոլոր բացերը ՀՀ-ում կարելի է լրացնել ապահովագրական համակարգի ձեւավորմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել