Նման կարծիքի են ոսկու բիզնեսով զբաղվող առեւտրականները, որոնց գլխին հարկայինը նոր հարկեր է բարդել
Ամանորի նախատոնական օրերին հարկայինի կողմից «Վաղարշյան եւ որդիներ» ոսկու շուկայում իրականացրած «տեռորը» չմարսած՝ ոսկու առեւտրով զբաղվողները նոր գլխացավանքի մեջ են ընկել: Նախօրեին էլ հարկային տեսուչները ներկայացել էին ոսկու շուկա եւ սկսել գույքագրել առեւտրականների ապրանքը: Հարկահավաքներն իրենց գործողությունները պատճառաբանել են կառավարության որոշմամբ:
«Հարկայինի շեֆը գիշերը գնում է կազինո, կրվում, իսկ առավոտյան իր լակոտներին ուղարկում է ոսկու շուկա՝ մեզ թալանելու: Դրանք ինչո՞վ են մտածում, ի՞նչ օրենքներ են գրում: Բան ու գործ չունե՞ն, ամիսը մեկ ժողովրդին թալանելու համար նոր օրենքներ են հնարում»,- երեկ «Առավոտին» նման դժգոհություններ արտահայտեցին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած «Վաղարշյան եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցները: Երեկ նրանք, այսպես ասած, գործադուլ էին հայտարարել եւ միահամուռ պահանջում էին վերջապես հանգիստ թողնել օրվա հաց վաստակող առեւտրականներին: Մինչ երթով կառավարության շենքի մոտ ցույցի գնալը, առեւտրականները նախ բողոքի ակցիա էին կազմակերպել ոսկու շուկայի մոտ: Նրանց վերջնականապես հունից հանել էին հարկայինի վերջին օրերի գործողությունները: Ապրանքները գույքագրելու արդյունքում առեւտրականները ստիպված կլինեն ամեն ամիս շրջանառության 11%-ը հարկ վճարել: Շուկայի բոլոր աշխատակիցները հրաժարվել են ապրանքի գույքագրում կատարել, ինչի արդյունքում՝ հարկայինի աշխատակիցները կապարակնքել են նրանց պահեստը, իսկ մի քանի առեւտրականների էլ 1 միլիոն դրամ տուգանք նշանակել՝ հարկայինի աշխատանքին խոչընդոտելու պատճառաբանությամբ: Առեւտրականների խոսքերով՝ հարկայինը նրանցից պահանջում է հաշիվ-ապրանքագիր կազմել այն ոսկերիչներից, որոնք առեւտրականներին ապրանք են տալիս, բացի այդ, փաստաթուղթ վերցնել նաեւ այն անհատներից, որոնք, ասենք, նեղության մեջ են եւ որոշել են իրենց 4 գրամանոց շղթան կամ մատանին տեղում վաճառել: Ըստ հարկայինի, եթե առեւտրականները նման գործարքի գնան, ապա նրանցից կգանձվի ամսական շրջանառության 2%-ը, իսկ քանի որ անհատներից ոսկին գնում են առանց որեւէ փաստաթղթի, ապա պետք է առեւտրականների ապրանքը գույքագրվի եւ գանձվի ամսական շրջանառության 11%-ը. «Սա աբսուրդ է: Նախ ոչ մի ոսկերիչ հաշիվ-ապրանքագրով չի աշխատի: Հետո էլ ընկնելու են անհատ ոսկերիչների հետեւից, որ նրանց էլ հարկեն: Ընկած՝ հասարակ ժողովրդին են ռեկետ անում, թող մի հատ իրենց գրպանները թափ տան, թող իրենց խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերեն, ոչ թե խեղճ ու կրակ ժողովրդին կողոպտեն»: Առեւտրականների պատմելով՝ իրենք հազիվ են տեղի վարձ, հաստատագրված հարկ ու սոցվճարներ կատարում, հետո էլ հարկայինը ՀԴՄ-ներ տեղադրել պահանջեց, բայց պատահում է, որ 20 օրվա ընթացքում ընդամենը 1 շղթա են վաճառում, էլ ինչպե՞ս հավելյալ հարկեր վճարեն: Առեւտրականներից մեկի պատմելով՝ 1 ամիս առաջ հարկայինի տեսուչը նրան հրավիրել է գրասենյակ եւ ինչ-որ դատարկ փաստաթղթի վրա ստորագրություն դնել պահանջել՝ իբր ՀԴՄ կտրոնը չտալու համար 100 հազար դրամ տուգանք պետք է վճարի: Երբ տիկինը հրաժարվել է ստորագրել, տեսուչը սպառնացել է, որ նրա համար ավելի վատ կլինի. «Որ գամ շուկա՝ 1 միլիոնի տուգանք եմ գրելու»: Տիկինն էլ ստիպված ստորագրել է, որ գոնե 100 հազար դրամով խնդիրը լուծվի:
«15 օրը մեկ գալիս տուգանում են: Եթե բողոքում ենք, ասում են՝ դուրներդ չի գալիս, թողեք գնացեք Հայաստանից: Մեր շուկայում 4000 աշխատող կա, ուրեմն դրդում են 4000 հայի լքել երկիրը: Ուզում են միայն նախարարներով, օլիգարխներով ու հարկայինով ապրեն Հայաստանում: Թող իրենք ռադները քաշեն մեր երկրից, որ մենք էլ կարողանանք նորմալ ապրել»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին առեւտրականները: Նրանց պատմելով՝ շուկայի աշխատակիցների 99%-ը վարկ է վերցրել ու հազիվ յոլա է գնում, իսկ կառավարությունն ամեն կերպ նրանց զրկում է հացի փող աշխատելուց. «Թող գան կողքներս նստեն ու տեսնեն՝ ինչպես ենք աշխատում ու ինչքան գումար ենք վաստակում: Առեւտուր ընդհանրապես չկա: Մենք չենք հրաժարվում հարկ վճարելուց, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Չի կարելի սենց ռեկետ անել ժողովրդին»:
Ցուցարարներից մեկի պատմելով՝ հարկայինը իրենից պահանջել է հարկ վճարել չեղած ապրանքի դիմաց. «Ապրանքս գողացել էին, իսկ հարկայինն ասում էր՝ պետք է դրա 2 %-ը վճարես, բայց եթե բան չունեմ, ի՞նչ վճար կատարեմ: Լավ, ես վճարեցի, դիմեցի ոստիկանություն՝ գողության համար, բայց ապրանքս չվերադարձրին, իսկ մի քանի օր հետո այդ գողը շուկայում ազատ ման էր գալիս: Ուրեմն ոստիկանների հետ պայմանավորվածություն ունեն: Սա է մեր երկիրը, ամեն ինչ անում են, որ հասարակ ժողովուրդը կործանվի: Եթե այսպես շարունակվի, մենք բոլորս կմնանք անգործ»:
Երեկ մոտ 300-400 առեւտրական կառավարության շենքի մոտ «վարչապետ, դուրս արի՛» գոչյուններով պահանջում էր հանդիպում Տիգրան Սարգսյանի հետ: Առեւտրականների հետ հանդիպեց կառավարության աշխատակիցը, որն էլ վստահեցրեց, որ ընդամենը 10 րոպեից Պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նրանց հետ կհանդիպի: Սակայն անգամ 1 ժամ հետո այդպես էլ հարկայինի ոչ մի պաշտոնյա նրանց չընդունեց: Զայրույթով լցված ցուցարարները կառավարության շենքի մոտից վերադարձան ոսկու շուկա: Խոստանալով այսօր եւ հաջորդ օրերին կրկին հավաքվել կառավարության շենքի մոտ՝ ՀԴՄ-սարքավորումներով, մինչ իրենց խնդրին բավարար լուծում չստանան:
Հ. Գ. Ավելի ուշ կառավարությունը տարածեց ՊԵԿ-ի պարզաբանումը, ըստ որի՝ գործող հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում 2010 թ. հունվարի 1-ից առեւտրի իրականացման վայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները հաստատագրված վճարով հարկման կարգից անցել են ընդհանուր հարկման կարգի: Իրական իրացման շրջանառությունները եւ վճարվող հարկերը ճշտելու նպատակով հարկայինի կողմից առեւտրի իրականացման վայրերում պարբերաբար իրականացվում են հսկողական աշխատանքներ: