Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան, Ռուսաստանը եւ Թաիլանդը այս տարի գտնվում են հարցված 36 ամենահոռետես երկրների շարքում, որովհետեւ այդ երկրների գործարարները 2010-ին ֆինանսավորման ամենացածր սպասումներն ունեն: Ի տարբերություն նրանց, հայ գործարարները խիստ լավատեսական կանխատեսումներ ունեն: Այս մասին է վկայում երեկ «Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլ» ընկերության հրապարակած «Միջազգային գործարար» զեկույցը:
Ըստ զեկույցի, ընդհանուր առմամբ համաշխարհային ճգնաժամը սկսել է մեղմանալ, եւ ողջ աշխարհի մասնավոր ընկերությունների վստահությունը մեծացել է, որ 2010թ. իրենց ֆինանսավորումը ավելի մեծ է լինելու, քան նախորդ տարի: Չիլիի, Հնդկաստանի եւ Ֆիլիպինների գործարարները գտնում են, որ իրենք վարկատուներից ստանում են միջինից բարձր մակարդակի աջակցություն: Ճապոնիան, Լեհաստանը, Մալայզիան եւ Իսպանիան գտնում են, որ ֆինանսական աջակցություն ստանալու իրենց հնարավորությունները քիչ են՝ չնայած ունեն աջակցող վարկատուներ: Պատահական չէ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած պաշտոնական կանխատեսումների համաձայն, ՀՆԱ-ի աճը այս պետությունների համար համաշխարհային միջին ցուցանիշից՝ 3%-ից ցածր է: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր եւ Թուրքիայի գործարարները համոզմունք են հայտնել, որ չնայած իրենց վարկատուներն աջակցող չեն, բայց 2010-ին ֆինանսական միջոցներն իրենց հասանելի կլինեն: