Լրահոս
Օրվա լրահոսը

5 ՏԱՐԻ՝ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ

Փետրվար 19,2010 00:00

Երեկ կառավարության նիստում հստակեցվել են վարորդական վկայական ստանալու ընթացակարգերը: ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի խոսքերով՝ դրա հիմնական նպատակն այն է, որ վարորդական վկայական ստանալու ընթացակարգը համապատասխանեցվի «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասի» ՀՀ օրենսդրությանը: Ըստ կառավարության նոր որոշման, մինչեւ 1992թ. փետրվարի 21-ը ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից ստացված վկայականները հնարավոր կլինի փոխել՝ առանց որակավորման քննություններ հանձնելու:

Արտոնություններ են սահմանվել Հայաստանում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների համար, որոնք ՀՀ քաղաքացներ չեն հանդիսանում: Նրանց վարորդական վկայականները նույնպես կարող են փոխանակվել՝ առանց որակավորման քննություններ հանձնելու: Նոր որոշմամբ հանվում է ավտոմոբիլի վարման քննական թերթիկը եւ փոխարենը գործնական քննության համար սահմանվում են առավել պարզ ու հստակ պահանջներ, ինչպես նաեւ վարորդական վկայական տալու հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանման ավելի երկար ժամկետ՝ 5 տարի: Կառավարությունը նաեւ որոշել է տրանսպորտային միջոցների օտարման գործընթացը ոստիկանության համար վերահսկելի դարձնել եւ դրա համար ստեղծել ոստիկանության համակարգում տրանսպորտային միջոցների կադաստր: Հ. Հունանյանը համոզված է, որ դա հնարավորություն կտա տրանսպորտային միջոցներն ավելի օպերատիվ որոնել, հանցագործությունները ճշտությամբ հայտնաբերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել