Փորձագետը գտնում է, որ նախեւառաջ պետական ծառայողները պետք է օրինապահ լինեն
«Կաշառակերության դեմ պայքարը Հայաստանում ունի մի մեծ խոչընդոտ. կաշառակերությունն այս կամ այն իրավիճակում ձեռնտու է բոլորին էլ: Օրինակ, վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնը, սակայն երբ ոստիկանը կանգնեցնում է, նա գերադասում է այդ պահին տալ կաշառք ու ազատվել ավելորդ գլխացավանքից: Հայաստանում ինչքան էլ անթերի լինեն օրենքները, կանոնները, արդյունքի հասնելու համար պետք է փոխվի հայ մարդու մենտալիտետը, մտածելակերպը, պետք է տեղի ունենա հանրային մոբիլիզացիա, որպեսզի կաշառակերության դեմ պայքարը լինի արդյունավետ»,- երեկ նման կարծիք հայտնեց իրավաբան-փորձագետ Հայկ Հարությունյանը, որը «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում կազմակերպած «կլոր սեղանի» հյուրն էր:
Փորձագետի համոզմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լրագրողների դերը մեծ է, հատկապես, երբ նրանք հետամուտ են լինում երեւույթների պատճառներին. «Շատ են դեպքերը, երբ մենք թեեւ չունենք կոնկրետ ապացույցներ, բայց ունենք հիմնավոր կասկածներ, որ թերեւս առանց կաշառակերության այստեղ գործը չի ընթացել: Մենք դրան կարող ենք հակադրել միայն մեկ բան՝ մեր պրոֆեսիոնալ աշխատանքը: Հետեւողականության շնորհիվ կարելի է դիմակայել կոռուպցիոն ռիսկերին»: Հ. Հարությունյանի խոսքերով, կաշառակերությունը առկա է նաեւ ՀՀ դատական համակարգում:
Պարոն Հարությունյանի մեկնաբանմամբ. «Կոռուպցիան պաշտոնեական դիրքի օգտագործումն է՝ մասնավոր շահից ելնելով: Եթե պետությունն իրոք գիտակցում է, որ պետք է պայքարի կաշառակերության դեմ, որը դարձել է բացասական տարածված երեւույթ, եւ խանգարում է իր պետության առաջընթացին, պետությունը պետք է սկսի նրանից, որ պետական պաշտոնյաները հետեւեն ու կատարեն անհրաժեշտ կանոնները»: Այնուհետեւ բերելով ճանապարհային երթեւեկության օրինակը, որին, ըստ պարոն Հարությունյանի, մարդն առնչվում է ծնված օրվանից եւ իր կյանքի ողջ ընթացքում, ասաց. «Նախ եւ առաջ հենց ճանապարհային երթեւեկությանը դա պետք է վերաբերի: Որեւէ ճանապարհային ոստիկան չի ամրացնում ամրագոտին, անցնում է կարմիր լույսի տակով ու անթույլատրելի տեղերով»:
Այդուհանդերձ, Հ. Հարությունյանը համոզված է, որ կաշառակերության դեմ պայքարը հնարավոր է. «Արդյունավետ պայքարի ամենակարեւոր գործոններից մեկը հավատն է, որ կաշառակերությունն անհաղթահարելի չէ»:
Փորձագետը գտնում է, թե կոռուպցիայի գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ չգիտեն իրենց իրավունքները, հետեւաբար չեն կարողանում պայքարել դրանց համար ու գերադասում են կաշառք տալով հարցերը լուծել:
Նշենք, որ «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրն իրականացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ: