Վստահ է տնտեսագետը՝ մեկնաբանելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարի արած հայտարարությունը:
Օրերս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, անդրադառնալով «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալության փաստին, մտահոգություն էր հայտնել, որ նման երեւույթը «չի բարելավում Հայաստանի բիզնես-հեղինակությունը»:
Հաշվի առնելով, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նման հեղինակավոր կառույցը մեզ պես զարգացող երկրների համար, կարելի է ասել, անգնահատելի նշանակություն ունի, եւ այն այսօր ՀՀ տնտեսության իրական հատվածին ամենառեալ օգնություն ցուցաբերող կառույցն է, մասնավորապես՝ եվրոպական տնտեսության կառավարման լավագույն փորձը մեր երկրում ներդնելու առումով, «Առավոտը» դիմեց բիզնես ոլորտի մի խումբ ներկայացուցիչների, այդ թվում՝ հանրապետությունում գործող մի շարք բանկերի ղեկավարների ու հանրապետության գլխավոր բանկիր Արթուր Ջավադյանին՝ պարզելու, թե զուտ տնտեսական տեսանկյունից ինչպե՞ս են մեկնաբանում ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի հայտարարությունը, եւ արդյոք նրանց չի՞ մտահոգում այն, որ նման մի քանի դեպք գրանցվելուց հետո՝ ՎԶԵԲ-ը գուցեեւ վերանայի մեր երկրի հետ կապված իր ծրագրերը:
Նշենք նաեւ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը բաժնետեր է հանդիսանում ոչ միայն Սուքիասյան ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում», այլեւ հայաստանյան այլ բանկերում:
«Առավոտը» գրավոր հարցեր էր ուղղել Հայաստանում գործող տասնյակ բանկերի ղեկավարներին, սակայն, ամփոփելով նրանց արձագանքները, ակնհայտ է դառնում, որ նրանց մեծ մասը խուսափեց այս թեմայով որեւէ կարծիք հայտնելուց:
Մեզ հետ զրույցում «Պրոկրեդիտբանկից» պատճառաբանեցին, որ իրենք չեն ցանկանում մեկնաբանել այլ բանկերի հետ կապված հարցերը: «Արդշինինվեստբանկից» էլ հայտնեցին, որ որեւէ մեկնաբանություն չունեն:
«Ինեկոբանկի» ղեկավարությունն էլ իրենց մամուլի պատասխանատուի միջոցով մեզ էր փոխանցել հետեւյալը. «Ձեր հարցը ներկայացվել է բանկի ղեկավարությանը: Ի պատասխան ձեր ներկայացրած հարցի, պետք է նշենք՝ քանի որ մենք հարցի մանրամասներին չենք տիրապետում, հետեւաբար դիրքորոշում չունենք»:
«ԲՏԱ» բանկից նույնպես ձեռնպահ մնա ցին որեւէ մեկնաբանություն անել:
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը թերեւս միակ բանկիրն էր, որը չխուսափեց կարծիք հայտնել. «Չեմ կարծում, որ ես պետք է մեկնաբանեմ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» բաժնետերերից մեկի ներկայացուցչի տեսակետները: Ինչ վերաբերում է Հայաստանի բիզնես հեղինակությանը, այո, այն կարեւոր գործոն եմ համարում մեր տնտեսության զարգացման համար, իսկ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ ունեցել եմ եւ ունեմ լավ հարաբերություններ եւ ցավում եմ կատարվածի համար»: Նշենք, որ ՎԶԵԲ-ն այս բանկի 25%+1 բաժնետոմսերի բաժնետեր է:
Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց. «Որքան ինձ հայտնի է,
այդ իրադարձությունները տեղի են ունեցել մի քրեական գործի շրջանակներում, որը որեւէ առնչություն չունի «Հայէկոնոմբանկի» գործունեության հետ: Մնացած հարցերի պատասխանները կտան իրավապահ մարմինները»:
Որոշ տնտեսագետներ, որոնց խնդրում էինք զուտ տնտեսական տեսանկյունից հարցը մեկնաբանել, նույնպես հրաժարվեցին որեւէ կարծիք հայտնել՝ պատճառաբանելով, որ մեր հարցի հիմքում, այնուամենայնիվ, քաղաքական ենթատեքստ կա:
«Առավոտի» հարցերին պատասխանեց տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Նրա խոսքերով. «Ամեն դեպքում ցանկացած ոտնձգություն մասնավոր սեփականության նկատմամբ՝ դրական չէ, եւ բնական է, որ դա կխրտնեցնի ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին ներդրողներին, սա ցույց է տալիս եւս մեկ անգամ, որ Հայաստանում դեռեւս լուծված չէ սեփականության պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմը եւ մասնավորապես՝ Սուքիասյանների ընտանիքի հետ կապված, դեռեւս ընտրությունների ժամանակ արդեն կար քաղաքական ենթատեքստ, դրա ապացույցն էր «Բջնիի» գործը: Ես կարծում եմ, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման վտանգ կա: Այն իշխանությունը, որը չակերտավոր ընտրությունների միջոցով վերցնում է իշխանությունը, հետագայում սկսում է իր դիրքերը ամրապնդել նաեւ սեփականության վերաբաշխում իրականացնելով եւ նախեւառաջ սկսում է իր քաղաքական հակառակորդներից: Սա համակարգային խնդիր է եւ եղել է բոլոր իշխանությունների օրոք. թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Սերժ Սարգսյանի, ուղղակի Սերժ Սարգսյանի մոտ դա ավելի ցայտուն է երեւում, որովհետեւ իրենց մոտ, կարծես թե, պետական քաղաքականության մակարդակի է բարձրացրած ամբողջ տնտեսական համակարգը մեկ կենտրոնում կենտրոնացնելու հարցը: Բնականաբար այդ միջադեպը դրական չի անդրադառնա մեր երկրի վրա, եւ դա նաեւ կարող է բացասական ազդակ հանդիսանալ այլ ներդրողների, այլ ինստիտուցիոնալ բիզնես համակարգ ներկայացնողների համար եւ այստեղ օրիգինալություն պետք չէ, պարզ է, որ դա ձեռնտու չէ Հայաստանին»: