Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կուսակցական որոշումների կատարողն եմ»

Փետրվար 19,2010 00:00

\"\"ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը վստահեցնում է, որ ինքը խոսել է արձանագրությունների քննարկման եւ ոչ թե Թուրքիայից առաջ վավերացնելու մասին:

– Օրերս կարծիք էիք հայտնել, թե «Արձանագրությունների վավերացման հարցում նախաձեռնությունը պետք չէ զիջել Թուրքիային: Հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը եղել է Հայաստանը, եւ ճիշտ կլինի այդպես էլ շարունակել: Մի բան է, երբ նստում ես՝ անընդհատ սպասում, թե ինչ պետք է անի Թուրքիան, որ հետո քայլեր անես, ուրիշ բան է, որ անընդհատ դու քայլեր ես կատարում, եւ Թուրքիան հետեւում է դրանց՝ կամ պատասխանում է, կամ սկսում է արդարանալ»։ Ի՞նչ հիմքով եք նման բան ասել:

– Ես ցավում եմ, որ քաղաքական նուրբ հարցերի շուրջ իմ ասածը դուք այդպես եք ընկալել: Իմ ասածը հետեւյալն էր՝ նախաձեռնողական ակտիվ քաղաքականությունը մեր երկիրը պետք է շարունակի, իսկ ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացման գործընթացին, ապա այդ ակտիվությունը պետք է արտահայտվի ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումները սկսելով: Քննարկումը սկսելը տարբեր է, քննարկումը վերջացնելը՝ տարբեր, լիագումար նիստում քննարկում սկսելը տարբեր է, վավերացնելը՝ տարբեր: Դրանք տարբեր գործընթացներ են, որոնք իրենց ե՛ւ կարգավիճակով, ե՛ւ ժամանակի առումով կարող են անհասանելի լինել մեկը մյուսին: Դրա համար շատ-շատերն են ընկալել, որ խոսքը վերաբերում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկումն սկսելուն: Ես չեմ ասում՝ եզրակացությունը տալուն, ասում եմ՝ քննարկումը սկսելուն: Չէ՞ որ Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումը սկսվել էր, մի կարճ հաղորդագրություն իրենք տվեցին, ասացին՝ քանի որ շատ բացասական քննարկում էր տեղի ունենում, դադարեցրել ենք, որպեսզի բացասական եզրակացություն չտանք:

Ես ասել եմ՝ քանի որ այս ամենի նախաձեռնողը մենք ենք, լավ կլինի, որ քննարկումը սկսենք՝ գոնե զուգահեռականությունն ապահովելու իմաստով, եւ մի քանի անգամ կրկնել եմ՝ դա իմ անձնական կարծիքն է: Կուսակցության կարծիքը մի բան է, խմբակցության կարծիքը՝ այլ, եւ այլ է մեկ անձի կարծիքը: Որովհետեւ, եթե որոշում է ընդունվում, ես կարգապահ մարդ եմ ե՛ւ կուսակցական առումով, ե՛ւ խմբակցության առումով, ես այդ որոշումների կատարողն եմ: Ցավում եմ, որ շատերը չըմբռնեցին ասածիս տարբերությունը եւ մտածում են, թե դա կարող է տարբերվել կուսակցական դիրքորոշումից: Կոնկրետ, ՀՀ նախագահը Լոնդոնում ասել էր, որ մենք արձանագրությունները կվավերացնենք այն ժամանակ, երբ Թուրքիան կվավերացնի:

– Հնարավո՞ր է, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ղարաբաղի հարցի լուծման գործընթացն արագացվի եւ առաջ ընկնի հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի տրամաբանական ավարտից:

– Հենց ասում են ղարաբաղյան հարցի լուծում, ես հարցնում եմ՝ ո՞ր լուծումը նկատի ունեք, այն, որ մե՞նք ենք ակնկալում, եթե այո, ապա շատ լավ կլինի, որ հարցը լուծվի: Բայց, տեսնելով եւ գնահատելով իրավիճակը, ես կարծում եմ, որ երբեք չի կարող այդպես լինել: Իսկ ընդհանուր առմամբ, ես չգիտեմ՝ հայ-թուրքական սահմանի երկարությունը ինչքա՞ն է, 500 կիլոմե՞տր է, այդ 500 կիլոմետրը որպես բաց սահման՝ ես երբեք չեմ փոխի Լեռնային Ղարաբաղի 500 միլիմետր զիջման հետ:

– ԲՀԿ-ից կարծիքներ են հնչում, որ իրենք կողմ են արձանագրությունների վավերացմանը, սակայն երբ կտեսնեն, որ որոշակի նախապայմաններ են դրանցում տեղ գտնում, միանշանակ դեմ կքվեարկեն: Սա նշանակո՞ւմ է, որ ձեր կոալիցիոն գործընկերը որոշ կիսաընդդիմադիր պահվածք է դրսեւորում:

– Եկեք լսենք, թե հանրապետության նախագահը ինչ է ասել այդ հարցի կապակցությամբ: Ասել է՝ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: ՍԴ որոշումն ի՞նչ է ներկայացնում իրենից, եւ որի դեմ թուրքական կողմը բողոքներ է ներկայացնում: Հանրապետության նախագահի, իշխանությունների դիրքորոշումը հստակ է՝ առանց նախապայմանների: Իսկ մեր կոալիցիոն գործընկերներն ասում են այն, ինչ ասում է հանրապետության նախագահը, նոր բան չեն ասում, ասվածից տարբերվող բան չեն ասում: Գուցե ականջի համար թվա, որ դա շեշտված ինչ-որ կարծիք է, բայց կարծում եմ՝ այն շատ համահունչ է հանրապետության նախագահի քաղաքական ուղեգծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել