Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն ՔՐԳՈՐԾԵՐԸ ԿԱՐՃԵՑ

Փետրվար 19,2010 00:00

Բա հո դրանք դատարան չէ՞ր մտցնելու

Ընդամենը օրերս՝ փետրվարի 17-ին, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հաղորդագրություն կար, թե՝ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ժամանակ թիվ 10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) նախագահին՝ Գ. Գալոյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 150-րդ հոդվածով՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Քրեական գործի նախաքննությունը ՀՔԾ-ում ավարտվել է եւ ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում այս տեղամասում տեղի ունեցածի վերաբերյալ քրգործը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել էր եւ Գալոյանին էլ մեղադրանք էր առաջադրվել «Ա1+»-ի կայքում հրապարակված տեղեկատվությունը ստուգելու արդյունքում: Բայց բանն այն է, որ դեռ հունվարի 21-ին, Գլխավոր դատախազության կայքում եղած հաղորդագրության համաձայն, «Ա1+»-ում այդ տեղամասի վերաբերյալ տեղեկատվությունը միանգամայն այլ փաստեր էր պարունակել. մասնավորապես՝ «10/12 ընտրական տեղամասում ՏԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սահակյանը կատարել է կեղծիքներ եւ լցոնումներ: Միաժամանակ, ըստ Ն. Փաշինյանի նախընտրական շտաբի, նա հրահրել է ծեծկռտուք եւ բռնություն կիրառել Ն. Փաշինյանի վստահված անձի եւ տեղամասում գտնվող դիտորդների նկատմամբ: Բացի այդ, նույն ընտրական տեղամասում իրավիճակը վերահսկող Երեւանի ավագանի Արմեն Սահակյանը, վիճաբանության մեջ մտնելով բոլոր դիտորդների, վստահված անձանց եւ լրագրողների հետ, սրել է իրավիճակը»: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր նախապատրաստելու ընթացքում բացատրություններ էին վերցվել հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Սահակյանից եւ հանձնաժողովի մյուս անդամներից: Բայց ինչպես պարզվում է, թիվ 10/12-ի մասով հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոչ թե Սահակյաններին, այլ ՏԸՀ նախագահ Գալոյանին եւ այն էլ այն պատճառով, որ, ՀՔԾ-ի վարկածով, Գալոյանը կեղծիքներ կատարել է հօգուտ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի: Ի տարբերություն դատարան ուղարկված այս մի քրգործի, ՀՔԾ-ի վարույթում հարուցված երկու այլ քրգործերը, որոնք վերաբերում են թիվ 10/15 եւ թիվ 10/19 ընտրատեղամասերում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերին, որոնց արդյունքում, ի դեպ, այստեղ կայացած ընտրությունները անվավեր էին ճանաչվել, դատարան չեն մտնի: Երեկ պարզվել է, որ այդ երկու քրգործերը, որոնք հարուցվել էին, կարճվել են՝ ՀՀ ՔՕ 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, երբ այդ արարքները կատարվել են մի խումբ անձանց կողմից): Կարճվել են՝ որոշ դրվագներով հանցակազմի բացակայության, մյուսներով՝ ապացույցների անբավարարության հիմքերով։

Հակիրճ հիշեցնենք, որ թիվ 10/19 ընտրատեղամասում կատարված օրինախախտումների վերաբերյալ ե՛ւ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ե՛ւ Գլխավոր դատախազությունը բողոքներ եւ հաղորդումներ էր ստացել ինչպես Փաշինյանի վստահված անձանցից, այնպես էլ դիտորդներից, այդ թվում նաեւ՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ-ի նախագահ Արթուր Սաքունցից: Իսկ օրինախախտման դեպքեր ու միջադեպեր այս տեղամասում եղել էին մի քանի անգամ: Այստեղ խախտվել էր քաղաքացիների ընտրական իրավունքը, երբ ավելի քան մեկ ժամ քվեարկությունը դադարեցվել էր, ու փակվել էին տեղամասի դռները, ընտրողների հիմնական ցուցակը գողացվել էր, արհեստականորեն ստորագրություններ էին լրացվել ընտրողների գրանցամատյանում, մի խումբ անձանց կողմից, այդ թվում՝ ՏԸՀ նախագահ Գագիկ Բաղդասարյանի, թեկնածու Արա Սիմոնյանի կողմնակիցներ Արմեն Սահակյանի եւ Վահան Նադարյանի, ոմն Հովսեփի եւ Սիմոնյանի վստահված անձ Համազասպի կողմից խոչընդոտվել էր քվեարկության բնականոն ընթացքը, բռնություններ էին գործադրվել Փաշինյանի վստահված անձանց, դիտորդների ու լրագրողների նկատմամբ: Օրինախախտումներն այստեղ այնքան ակնհայտ էին եղել, որ նույնիսկ թիվ 10 ԸԸՀ-ն էր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ուղարկել եւ ընտրություններն էլ անվավեր էր ճանաչել, իսկ ահա ՀՔԾ-ի համար, պարզվում է՝ ապացույցներն են անբավարար եղել, հիմքեր չեն եղել…

Թիվ 10/19 տեղամասում տեղի ունեցած միջադեպի ականատեսներից եւ Գլխավոր դատախազությանը հաղորդում տված քաղաքացիներից մեկն էլ Փաշինյանի վստահված անձ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էր եղել: Այդ տեղամասում հանձնաժողովի նախագահը նաեւ նրան էր ապօրինաբար դուրս բերել տեղամասից: Կարապետյանն այս գործով հարցաքննվել էր ՀՔԾ-ում, մասնակցել էր քննչական գործողությունների: Վլ. Կարապետյանն «այդ տեղամասում տեղի ունեցած այդքան ապօրինություններից հետո, բավականին տեւական ժամանակ՝ ավելի քան մեկ ամիս, նախաքննություն իրականացնելուց հետո գործը կարճելը» որակեց որպես ՀՔԾ-ի կողմից կոնկրետ անուններով հայտնի հանցագործներին աջակցելու եւ հանցագործությունը պարտակելու դրսեւորում: Նա նաեւ ընդգծեց, որ այդ քրգործով երբեւէ չեն հարցաքննվել միջադեպին ականատես մի քանի վկաներ, այդ թվում՝ Փաշինյանի երկրորդ վստահված անձը, Պատվական Հովակիմյանը, Արթուր Սաքունցը եւ էլի առնվազն երկու դիտորդներ, ինչից ակնհայտ է դառնում, որ ՀՔԾ-ում չեն էլ փորձել համակողմանի, լրիվ ու նաեւ օբյեկտիվ քննություն կատարել: Նրանք որոշակի գործողություններ արել են պարզապես «գալոչկայի» համար: «Քննիչ Գ. Գեւորգյանն ինձ խոստացավ, որ պարտադիր կերպով բացվելու է ընտրությունների քվեարկության պարկը, որը գտնվում էր ՀՔԾ-ում, եւ որտեղ կային այն ցուցակները, որոնք լրացվել էին ավելի քան 200 կեղծված՝ իրար նման ստորագրություններով: Կարծում եմ, այդ քրգործը հապճեպ կարճվել է նաեւ այն բանի համար, որպեսզի այդ պարկը չբացվի, եւ մենք չկարողանանք քննիչին, հետո դատարանին ու հանրությանը ներկայացնել կեղծիքի փաստերը: Մենք բողոքարկելու ենք ՀՔԾ-ի որոշումը վերադաս ատյաններում: Սա եւս մեկ փաստ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի կեղծարարները չպատժվեն եւ հանցագործությունը հերթական անգամ պարտակվի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է թիվ 10/15 ընտրատեղամասի վերաբերյալ հարուցված ու արդեն կարճված քրգործին, ապա նաեւ այս տեղամասում տեղի ունեցած կեղծիքներին եւ այլ օրինախախտումներին ականատես էր եղել նաեւ նույն Պատվական Հովակիմյանը: Բայց նա այս գործով էլ երբեւէ ՀՔԾ չէր կանչվել: Իսկ քրգործերի կարճման փաստը Հովակիմյանին այնքան էլ չզարմացրեց. «Զարմանալի բան չկա, դա սպասելի էր: Բա հո իշխանության կողմից կեղծիքներ անողներին չէի՞ն դատելու: Իսկ եթե չէին դատելու, ուրեմն՝ ստիպված էին լինելու հանցագործությունը պարտակել, մանավանդ, որ առջեւում ՍԴ-ն է, որտեղ քննվելու է մեր հայցը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: ՀՔԾ-ի այդ որոշումները մենք կբողոքարկենք Գլխավոր դատախազությունում: Այդ տեղամասերում կատարված հանցագործությունների փաստերն ակնհայտ եւ անհերքելի են եղել: ՀՔԾ-ն ուղղակի որոշեց շառուփորձանքից հեռու մնալ, բայց փորձեց քրեական գործեր հարուցելով դիվիդենդներ շահել միջազգային հանրության առաջ՝ ցույց տալու, թե բողոքներին հետամուտ է լինում, գործ է հարուցել, քննում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել