Հայոց կաթողիկոսներին Խորենացու խոսքերն է հիշեցնում Դավիթ Հակոբյանը
«Ամեն մի երկիր հեշտ ու շուտ է անառականում, երբ նրան անառակացնողը բռնակալ կառավարությունն է: Ստությունը, կեղծավորությունը, խաբեբայությունը, ղալբությունն են հարաբերություններ որոշողը: Թագավորը երկրի ձայնը չի լսում, այլ երկիրը կողոպտողների, ժողովրդի արյունը ծծողների միջոցով է ուզում հասկացություն կազմել երկրի ներքին դրության մասին: Բարձրագլուխ պաշտվում է շահադիտությունը, շահի համար վաճառվում է խիղճն ու պատիվը, եւ երկրի բարոյական եւ քաղաքական անկումը հասել է այն աստիճան, որ բարոյապես ընկածները հափշտակում էին ուրիշների կալվածքները՝ մատնության ու չարախոսությունների միջոցով». մեջբերումը Ղազար Փարպեցուց է եւ վերաբերում է հինգերորդ դարին, սակայն Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ՝ այդ տողերն այսօր էլ կարող են ճշմարիտ կերպով բնութագրել հայաստանյան ներքին դրությունը եւ քաղաքական դաշտը: «Երկիրը շատ անգամներ է բարոյական եւ քաղաքական անկումների եզրին կանգնել, բայց հոգեւոր դասը՝ հանձինս մեր հոգեւոր դյուցազունների՝ Սահակ Պարթեւ, Հովնան Օձնեցի Ոսկեբերան, բարոյախրատական մեր աստծու՝ Նարեկ, Ներսես Աշտարակեցի, Խրիմյան Հայրիկ կաթողիկոսների, որոնք պատմության ծանր եւ բեկումնային պահերին եղել են ազգի բարոյահոգեբանական վերելքի խթանը, ազգը միաբանել է եւ բարոյահոգեբանական ճգնաժամից դուրս բերել,- ասում է մարքսիստն՝ այդ կերպ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչու համահայկական տիեզերական ժողով հրավիրելու համար ինքը դիմեց հատկապես Արամ Առաջին կաթողիկոսին:- Կղերի ֆունկցիան ոչ միայն կղերական կողոպուտն է իր կրոնական համայնքներից, այլեւ ազգը միաբանելը, բարոյահոգեբանական վերելքների տանելը»: Դիմելով «արեւմտյան հայոց կղերական թեմին»՝ մարքսիստը Էջմիածնին չի ազատում ազգափրկիչ առաքելությունից. «Էջմիածնի թեմին այդպիսով ապտակ հասցրեցի: Մեր երկու թեմերը, որոնք առայսօր բարեհաջող զբաղված են կղերական հարկահանությամբ, ցավոք, այդպես էլ ռուսական եկեղեցուց միավորվելու օրինակ չվերցրեցին: Ես այսօր նրանց դիմում եմ՝ հիշեցնելու իրենց պատմական առաքելության մասին: Ես այստեղ անձնական ոչինչ չունեմ: Իմ քաղաքական գործչի պարտքը կատարեցի ու դիմեցի, որ դարձի գան»:
Հիշեցնենք, որ իր առաջարկով մարքսիստը հորդորում էր նոր տնտեսական քաղաքականության եւ ազգային նոր ճարտարապետության հարցերը քննարկել, որոնց առանցքում պետք է լիներ համահայկական համաշխարհային բանկի ստեղծումը՝ հրեական սցենարով: Նկատեցինք, որ համանման ծրագիր ՀՀ նախագահն արդեն առաջարկել է: Մարքսիստը պարզաբանեց. «Այս հարցը հատկապես Սփյուռքի հետ կապելը մեկ նպատակ ուներ՝ ստեղծվելիք համաշխարհային-համահայկական բանկը պետք է չդառնա ՀՀ պետական բանկի կցորդը՝ ինչպես որ ուզում էր Ազատիչը»: Մեր զրուցակիցը մանրամասնեց, թե հատկապես ինչ նկատի ունի: Բանկը երկու գերխնդիր պետք է լուծի՝ «Նոր տնտեսական քաղաքականության մեջ ազգային արտադրողական ուժերի ուղղակի ներդրումային քաղաքականություն կատարի եւ ազգային գենոֆոնդի ռեպրոդուկցիոն անվտանգության երաշխավոր պետք է լինի»: Մարքսիստը հիշեցնում է, որ Ռուսաստանը ստեղծեց «Մայրական կապիտալը», իսկ մենք կենսաբանական անվտանգության դոկտրինայի հարցը թողեցինք բաց. «Արդյունքում՝ գենոֆոնդն այսօր հալումաշ է լինում՝ եւ ցածր ծնելիության, եւ բարձր էմիգրացիայի պատճառով, որը տգետ եւ հանցագործ տնտեսական քաղաքականության արդյունքն է: Մինչդեռ բանկն իր ֆինանսական միջոցներով առաջիկա հնգամյակում Հայաստանի ազգաբնակչության թիվը հինգ միլիոնի պետք է հասցնի՝ եւ էմիգրացիայի, եւ ծնելիության աճի արդյունքում»: Իր առաջարկի առաջին գերխնդրի մասով պարզաբանում է. «ՀՀ կառավարությունը՝ սկսած Անդրանիկ Մարգարյանից, ինչքան էլ չարչարվեց՝ չկարողացավ սեփականաշնորհել ատոմային էներգետիկան: Հիմա, 2012-ին, իբրեւ թե եվրոպական հորդոր-պարտադրանքների տակ ուզում են փակել պետական ատոմակայանը եւ սկսել մասնավորի շինարարությունը՝ մեկ բլոկով, 500 մեգավատ հզորությամբ՝ բաց բաժնետիրական ընկերության տեսքով: Այսինքն՝ հնարավոր է եւ թուրքական, ռուսական, ամերիկյան եւ այլ կապիտալներ դրվեն: Այն ի սկզբանե ապաազգայնացվում է: Ահա ամբողջ կործանարար արդյունքը»: Այս պարագայում մարքսիստը կարծում է, որ համաշխարհային-համահայկական բանկը մեզ կփրկի, որն ուղղակի ներդրումներով իր ձեռքը կվերցնի ընկերության գլխավոր փաթեթը՝ 51%-ը: Ավելին, առավելագույն հզորությամբ՝ չորս բլոկով, ատոմակայան կառուցելու հնարավորություններ կունենա՝ այդպիսով Հայաստանը դարձնելով տարածաշրջանում էներգիայի մոնոպոլ դոնոր՝ տարեկան $10 միլիարդով համալրելով պետական գանձարանը:
Այն, որ արդեն տեւական ժամանակ է անցել, բայց իր դիմումին Արամ Ա-ն չի պատասխանել՝ մարքսիստին չի հուսահատեցնում. «Ես իմ պատմական առաքելությունը կատարեցի: Կղերին հիշեցրի իրենց պատմական առաքելության մասին: Ինչ մնում է անպատասխան թողնելուն՝ առաջին հերթին իրենք են իրենց անարգում: Դրանով ցույց են տալիս, որ թքած ունեն ազգի ճակատագրի վրա եւ նախընտրում են կղերական կողոպուտը: Ուստի՝ ես չէ, որ պետք է մտահոգ լինեմ, թող իրենք առաջին հերթին ազգապաշտ լինեն, աստվածապաշտ եւ նոր՝ եսապաշտ, ինչպես կասեր Խորենացին»: