Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահաբեկիչը կանխագուշակել է աշխարհի վերջը

Փետրվար 18,2010 00:00

Մեհմետ Ալի Ագջան, ով 1981թ. մահափորձ էր կատարել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի դեմ, ազատ է արձակվել: Ահաբեկչի փաստաբանները տարածել են Ագջայի հայտարարությունը, որում նա կանխագուշակել է աշխարհի վերջը եւ իրեն հռչակել Քրիստոս: «Այս հարյուրամյակում աշխարհը կվերանա: Կենդանի ամեն ինչ կմահանա: Իսկ ես ճշմարիտ Քրիստոսն եմ»,- հայտարարել է Ագջան: Նրա խոսքերով՝ գտնվելով բանտում, ինքը շատ է մտորել կրոնական թեմաների շուրջ: Նա հայտարարել է, թե դարձել է կաթոլիկ եւ ցանկանում է ամուսնանալ քրիստոնեուհու հետ: Այժմ Ագջան մտադիր է հուշեր գրել, նաեւ գիրք հրատարակել: Որպես իր գրքի համահեղինակ, նա ընտրել է ամերիկացի գրող Դեն Բրաունին՝ «Դա Վինչիի ծածկագիրը» գրքի հեղինակին: Ագջան մտադիր է նրա հետ համատեղ գրել «Վատիկանի ծածկագիրը» գիրքը, ապա դրա հիման վրա լիամետրաժ ֆիլմ նկարահանել: Ահաբեկչի փաստաբանի խոսքերով՝ Ագջան Հոլիվուդից արդեն ստացել է 8 միլիոնի առաջարկ: Դրանից բացի, Ագջան ցանկանում է հանդիպել ներկայիս հովվապետ Բենեդիկտոս XVI-ի հետ:
Ըստ qahana.am-ի՝ բանտից ազատվելուց հետո Մեհմետ Ալի Ագջան՝ անվտանգության վարչության աշխատակիցների ուղեկցությամբ, գնացել է տեղի զինվորական կոմիսարիատ: Փաստաբանի խոսքերով, Ագջային ուղարկել են բժշկական քննության՝ զինվորական ծառայության համար պիտանիության հարցը պարզելու համար: Ագջայի ազատման նախօրեին պարզվել է, որ զինվորական ծառայության պիտանիության համար նրա առողջական վիճակի հաշվետվությունը, որտեղ նշված է եղել նրա անձի հակասոցիալական բնույթը, չի հաստատվել ազգային պաշտպանության նախարարության կողմից: Այդ կապակցությամբ էլ զինվորական իշխանությունները պնդել են կրկնակի բժշկական քննություն անցկացնել: Սակայն Ագջայի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալն այլեւս երբեք զենք չի վերցնի ձեռքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել