Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱԹՈՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Փետրվար 18,2010 00:00

\"\"«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ երեկ Նկարիչների միությունում բացվեց գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի (Թաթոսի) աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 եւ Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակներին: «Ահնիձորում», «Լոռվա կիրճում», «Քարինջը Դսեղից», «Լոռվա աշունը», «Ահնիձորի կիրճում» ու այլ բազմաթիվ կտավներ ստեղծվել են նկարչի՝ Լոռվա ձոր այցելությունների ժամանակ:
«Ամեն անգամ, երբ ինձ հաջողվում է որեւէ տաղանդավոր նկարչի հետ առնչվել, ինձ կիսատ մարդ եմ զգում, որովհետեւ ամբողջ կյանքում երազել եմ նկարել ու չեմ կարողացել: Ո՞րն է արվեստի խնդիրը՝ մարդու մեջ սեր, բարի զգացումներ, հայրենասիրություն ներարկելը: Այդքան զուլալ, մաքուր, վեհ, աստվածային ինչ-որ բան է կաթած Հրանտի գործերի վրա, ինչպես Փափազյանն էր ասում՝ երկնքի կապույտն է կաթած»,- նկարչի ու նրա աշխատանքների մասին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
ՀՀ գլխավոր դատախազ, նկարչական ցուցահանդեսներ ունեցած Աղվան Հովսեփյանն էլ ավելացրեց. «Եթե գիտությունը բարելավում է մարդու կյանքը, արվեստը այն գեղեցկացնում է: Թաթոսի ամեն նկարից գեղեցկություն է կաթում»:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը «Առավոտին» հայտնեց, որ 2010 թվականի օգոստոսին նկարիչները դարձյալ կլինեն Լոռիում՝ մաթեւոսյանական տարվա շրջանակում ներկայացնելու մեկ այլ լոռեցու՝ Հրանտ Մաթեւոսյանին: Ս. Երիցյանը Հրանտ Թադեւոսյանին շնորհեց «Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչումը՝ հայրենի եզերքի նկատմամբ ունեցած նվիրումի եւ մատուցած ակնառու ծառայությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել