Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 18,2010 00:00

Ոչ ավանդական բժշկությունը խանգարում է բեղմնավորմանը

\"\"Դանիացի գիտնականները հայտնաբերել են, որ այլընտրանքային բժշկության օգտագործումը էապես նվազեցնում է արհեստական բեղմնավորման հաջողության հավանականությունը:
Սակայն այդ փոխկապակցվածության մեխանիզմը դեռեւս անհայտ է: «Faculty of 1000 Medicine»-ից Ալեքս Պոլյակովը եւ Բեվերլի Վոլենհովենը հետազոտել են 700 զույգի տվյալները, որոնք 12 ամիսների ընթացքում դիմել են արհեստական բեղմնավորման: Հայտնաբերվել է, որ այն կանանց մոտ, ովքեր դիմել են այլընտրանքային բժշկության մեթոդներին, արհեստական բեղմնավորման հաջողության հավանականությունը նվազում է 30%-ով, ի տարբերություն այն կանանց, ովքեր նման բուժման չեն դիմել: Այդպիսի փոխկապակցվածության բնույթը դեռեւս հայտնի չէ: Հնարավոր է՝ այն կապված է այլընտրանքային թերապիայի անմիջական ազդեցության հետ: Սակայն չի բացառվում, որ ոչ ավանդական բժշկությանը ավելի հակված են այն կանայք, ում մոտ ծնելիության ֆունկցիան լուրջ խախտումներ ունի, եւ որոնց մոտ արհեստական բեղմնավորման հաջող արդյունքի հավանականությունը ի սկզբանե ցածր է եղել: Քանի դեռ չեն հայտնաբերվել ոչ ավանդական բժշկության ազդեցության մեխանիզմները արհեստական բեղմնավորման վրա, հետազոտողները բժիշկներին խորհուրդ են տալիս արհեստական բեղմնավորման դիմող զույգերին բացատրել, որ նրանք զերծ մնան նման թերապեւտիկ մեթոդներից:

Վիրաբույժները 18 սմ-անոց աքցանը մոռացել են մարմնի մեջ

Բրիտանացի բուժքույրը դատի է տվել վիրաբույժներին, որոնք վիրահատությունից հետո իր որովայնի խոռոչում 18սմ-անոց աքցան են թողել: 2009թ. սկզբին վիրաբուժական միջամտությամբ հեռացրին Վուստերշիրյան հիվանդանոցի 39-ամյա բուժքույր Դոննա Բաուեթի լեղապարկը՝ բորբոքումների պատճառով: Վիրահատությունից հետո նա սկսել է պարբերական ցավեր ունենալ փորի շրջանում: Բաուեթի խոսքերով, բժիշկները կասկածել են հետվիրահատական վարակ կամ վիրահատության ընթացքում չհեռացված քարի առկայություն:
Որպեսզի հայտնաբերվի ցավի աղբյուրը, որոշվեց համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ ստուգումներ կատարել: Սակայն տոմոգրաֆիան միացնելուց հետո՝ ուժեղ մագնիսական դաշտը պատճառ հանդիսացավ աքցանի շարժման համար: Բաուեթի խոսքերով, այդ ընթացքում ցավն անտանելի էր:
Վերջիվերջո, բրիտանացի բուժքույրը ռենտգենյան ճառագայթման է ենթարկվում իր աշխատավայրում, որտեղ էլ հայտնաբերվում է աքցանի առկայությունը: Մոռացված գործիքը հեռացնում են, սակայն բուժքույրը դեռեւս իրեն ամբողջապես առողջացած չի զգում: Վիրաբույժների դեմ նա դատական գործ է հարուցել, որի լսումները ներկայումս ընթացքի մեջ են: Տեղական առողջապահության բաժանմունքի գործադիր տնօրեն Ջոն Ռոսթիլը Բաուեթից ներողություն է խնդրել եւ նշել է, որ «քայլեր են ձեռնարկվում անվտանգության մակարդակի հետագա բարձրացման ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել