Վանաձորցի 16-ամյա շախմատիստ Դավիթ Շահինյանը Մոսկվայում ընթացող «Aeroflot Open» գերմրցաշարի «C» խմբում 9,0 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, դարձավ միանձնյա հաղթող: Իրենց լավ դրսեւորեցին նաեւ Աշոտ Ավետիսյանը, որը 6,5 միավորով 7-րդն է, եւ 14-րդ տեղն զբաղեցրած Լեւոն Քարամյանը՝ 5,5 միավորով:
Ինչպես երեւում է, Ռուսաստանի մայրաքաղաքը հաջողակ է Դավիթի համար: Ընդամենը մի քանի օր առաջ նա փայլուն հաղթանակ էր տոնել նաեւ Մոսկվայի բաց առաջնության «B» խմբի մրցաշարում, որտեղ ինը տուրերից ութում հաղթել էր մրցակիցներին եւ միայն մեկում բաժանել միավորը:
Ուժեղագույնների «A1» մրցաշարում երեկ կայանալիք եզրափակիչ տուրից առաջ Գաբրիել Սարգսյանը 5,0 միավորով ընթանում էր 9-րդ հորիզոնականում՝ առաջատարներին զիջելով մեկ քայլ: