Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՔՈՒ ՄԵԿՆԵԼԸ ԽՆԴԻՐ ՉԷ, ԵԹԵ…

Փետրվար 18,2010 00:00

Մրցաշրջան 2010-ը Հայաստանի ըմբիշների համար հաջող սկսվեց: Մեր հունահռոմեականները աշխարհի գավաթի խաղարկությունում կրկնեցին անցած տարվա Ֆրանսիայի ձեռքբերումը՝ հողագնդի ութ ուժեղագույն երկրների մեջ ճանաչվելով երրորդը:

\"\"

Սակայն տարվա ընթացքում նոր փորձություններ էլ են սպասվում, որոնցից գլխավորը, թերեւս, ապրիլին Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է:
Հանրապետությունում մարզաձեւի ներկա վիճակի եւ ապագայի մասին երեկ «Առավոտը» զրուցեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ:
– Պարոն Սոֆոյան, աշխարհի գավաթի խաղարկության ընթացքից գո՞հ եք:
– Կազմակերպական առումով՝ անչափ: ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետին էլ հատուկ նշում էր, որ աշխարհի ուրիշ ոչ մի երկրում նման բան չի տեսել: Նույնն էին ասում նաեւ հյուրերը:
– Ինչպե՞ս դա ձեզ հաջողվեց անել:
– Նախապատրաստության ընթացքում կազմկոմիտեն նկատի էր առել հնարավոր ամեն մի մանրամասն, կազմել անելիքների հստակ ծրագիր: Այդ ամենը, հասկանալի է, հնարավոր էր համապատասխան ծախսեր ապահովելով:
– Ի՞նչ գումարների մասին է խոսքը:
– Նախնական հաշվարկներով, բոլոր հարցերը պահանջվող մակարդակով լուծելու համար, անհրաժեշտ էր լինելու մոտավորապես 600 հազար դոլար, ինչը սեփական միջոցներից տրամադրեց մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը: Սակայն վերջին պահին առաջացան նոր խնդիրներ, որոնք նույնպես պարոն Կարապետյանը ժամանակին լուծեց: Մրցաշարի հաջող անցկացմանը մեծապես աջակցեց նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
– Իսկ մեր հավաքականի մարզական արդյունքների մասին ի՞նչ կասեք:
– Երկու տարի անընդմեջ աշխարհում ըմբշամարտի երրորդ երկիրը լինելը վատ չէ: Բայց, անկեղծ ասեմ, մերոնք ավելիի էին արժանի: Հատկապես Իրանի հետ մրցապայքարում, իմ կարծիքով, 3:4 հաշվով զիջելու մեջ մեղքի իրենց չափաբաժինն ունեցան նաեւ մրցավարները: Մանրամասների մեջ չխորանանք: Բայց պատկերացրեք. մենք Կուբային հաղթում ենք 7:0 հաշվով, Իրանը՝ 4:3: Ինչպե՞ս եղավ, որ ուժերի այդպիսի հարաբերակցության պայմաններում մենք 3:4 հաշվով զիջեցինք հարեւան երկրին:
– Այսինքն՝ տան պատերը չօգնեցի՞ն:
– Այդ արտահայտությունը ենթադրում է, թե մրցավարությունը, որպես կանոն, չի «նեղացնում» կազմակերպիչ երկրին: Մենք նման բան չենք էլ մտածել: Ցանկացել ենք, որպեսզի ամեն ինչ ընթանա մարզական ազնիվ պայքարում:
– Առջեւում Բաքվում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունն է: Մենք, ի վերջո, մեկնելո՞ւ ենք Ադրբեջան:
– Ֆեդերացիայի եւ օլիմպիական կոմիտեի նախագահները, հունահռոմեական եւ ազատ ոճերի հավաքականների գլխավոր մարզիչները բազմիցս հայտարարել են, որ ոչ միայն ցանկանում են անպայման մասնակցել, այլեւ՝ մեդալներ նվաճել: Մենք ամենայն լրջությամբ նախապատրաստվելու ենք ու Բաքու մեկնելու հարցում խնդիր չունենք: Մնացածը կախված է Ադրբեջանից եւ այդ ժամանակաընթացքում քաղաքական իրավիճակից: Նրանք, ինչպես նախորդ անգամ աշխարհի առաջնությունում, պիտի մեր պատվիրակության, հատկապես՝ մարզիկների անվտանգության լիարժեք երաշխիքներ տան, ապահովեն բնակության, մարզումային, հոգեբանական, սննդի կատարյալ պայմաններ: Այս ամենի համար դեռ բավականին մեծ աշխատանք ունենք կատարելու առաջին հերթին ՖԻԼԱ-ի եւ հարեւան երկրի համապատասխան կառույցների հետ:
– Իսկ եթե Բաքու մեկնել հնարավոր չլինի, աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից չե՞նք զրկվի:
– Ոչ: 2008 թվականի օլիմպիական խաղերից առաջ նման օրենք կար: Եթե որեւէ քաշային կարգում մայրցամաքի առաջնությանը չէիր մասնակցում, զրկվում էիր այդ քաշում աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ ունենալուց: Հիմա այլ է: Եթե տվյալ ազգային ֆեդերացիան այս կամ այն քաշային կարգում չմասնակցի մայրցամաքի առաջնությանը, աշխարհի առաջնության ժամանակ յուրաքանչյուր քաշային կարգի համար տուգանք է վճարում եւ մասնակցելու իրավունք ստանում:
– Իսկ եթե չմասնակցելը տվյալ ֆեդերացիայի մեղքով չէ՞:
– Այդ դեպքում խանգարող ոչ մի հանգամանք չկա:
– Վերադառնանք աշխարհի գավաթի խաղարկությանը: Ռաֆայել Մարտինետին Սամվել Կարապետյանին, ձեզ, ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանին եւ գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանին ՖԻԼԱ-ի պարգեւներ շնորհեց: Ի՞նչ պարգեւներ էին եւ ինչի՞ համար:
-Առիթը Երեւանում աշխարհի գավաթի խաղարկությունը բարձր մակարդակով կազմակերպելն էր: Պարոն Կարապետյանին հանձնվեց ՖԻԼԱ-ի բարձրագույն պարգեւը՝ ոսկե երիզով արծաթե պլակետ, ինձ՝ որպես նաեւ կազմկոմիտեի նախագահի, եւ Հրանտ Ենոքյանին՝ արծաթե շքանշան, Բազմասեր Առաքելյանին՝ բրոնզե շքանշան:
– Ասուլիսներից մեկում ֆեդերացիայի աշխատակիցները հայտարարեցին, թե ֆեդերացիայի նախագահը 2009 թվականին Հայաստանում ըմբշամարտի զարգացման համար ծախսել է մոտ 1 մլն դոլար:
– Ավելի ճշգրիտ թիվ ասեմ՝ 1 մլն 240 հազար դոլար: Դրա մեջ մտնում է նաեւ մոտ 200 մարզիկների եւ մարզիչների՝ ամսական մինչեւ 700 հազար դրամ ամենամսյա թոշակը: Ներդրումների եւ աշխատանքները ճիշտ կազմակերպելու արդյունքն է, որ մեր մարզաձեւում նվաճումները տարեցտարի ավելանում են:
– Այս տարի ներդրումների այդ չափը կպահպանվի՞:
– Կտրուկ կավելանա: Տարին դեռ նոր է սկսվել, բայց արդեն աշխարհի գավաթի խաղարկության համար ծախսվել է մոտ 700 հազար դոլար: Սա ֆեդերացիայի տարեկան ծախսերի հետ կապ չունի: Անցած տարվա գումարը հաստատ կպահպանվի: Բայց եթե հավաքականների մարզիչները հիմնավորված նոր առաջարկներ ներկայացնեն, դրանք էլ կֆինանսավորվեն:

Հ. Գ.  Հարցազրույցի ավարտին ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Բազմասեր Առաքելյանը խնդրեց փոխանցել հետեւյալը. «ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հրապարակվել, իբրեւ թե ես ասել եմ, որ Ադրբեջանը ՖԻԼԱ-ին տարեկան փոխանցում է 5 մլն դոլար: Ադրբեջանը, իրոք, ՖԻԼԱ-ին հովանավորում է: Բայց թե որքան, ես չգիտեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել