Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղի երեխան ու անգրագիտությունը

Փետրվար 18,2010 00:00

Գյուղական գրադարանները կամ փակվում են, կամ անմխիթար պայմաններում են

Այս տարի մարզային եւ գյուղական գրադարաններ այցելությունները՝ Հայաստանի ազգային գրադարանն (ՀԱԳ) սկսեց փետրվարին: ՀԱԳ մի քանի աշխատակիցներ՝ տնօրեն Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, Շրջիկ գրադարանով օրերս գտնվում էին Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան եւ Տաշիր քաղաքներում: Նպատակը քաղաքային եւ գյուղական գրադարանները նոր գրականությամբ համալրելն էր, մարզի գրադարանների վիճակին ծանոթանալը:
Այցի ընթացքում Ազգային գրադարանի կողմից Լոռու մի շարք գրադարաններ նվեր ստացան 1150 միավոր գեղարվեստական, մասնագիտական գրականություն՝ հայերեն եւ օտար լեզուներով, ինչպես նաեւ թերթեր ու հանդեսներ: Գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը մասնագիտական խորհուրդներ տվեց գրադարանավարներին, խոսեց գրադարանային գործառույթների մասին: Շրջիկ գրադարանն առաջինը կանգ առավ Սպիտակի քաղաքային գրադարանում: Այստեղ, ինչպես մարզերի գրեթե բոլոր գրադարաններում, առկա էր նոր գրականությամբ համալրվելու խնդիրը: Գրադարանի շենքային վիճակը, ըստ տնօրեն Քնարիկ Գրիգորյանի, բավարար է: ՀԱԳ-ը Սպիտակի քաղաքային գրադարանին նվիրեց մոտ 140 միավոր գրականություն:
Ստեփանավանի կենտրոնական գրադարանը, որը 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով քանդվել էր, այժմ գտնվում է քաղաքի թիվ 3 դպրոցի նախկին շենքում: Տնօրեն Էմիլյա Քեղինյանը չի դժգոհում ընթերցողների թվից, սակայն այստեղ եւս գոյություն ունի համալրման խնդիր: Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակից Էլյա Սիմոնյանը նշում է, որ սուղ միջոցների պատճառով գրականության գնման համար գրադարանին հատկացված գումարը քիչ է, իսկ կոնկրետ գումարի չափը նա չցանկացավ նշել: Ազգային գրադարանը Ստեփանավանի կենտրոնական եւ քաղաքային գրադարաններին նվիրեց 235 միավոր գրականություն:
Ազգային գրադարանը շուրջ 700 միավոր գրականություն էր նախատեսել նաեւ Տաշիրի ու հարակից գյուղերի գրադարանների համար: Պարզվեց, որ տեղի գյուղական գրադարանները գյուղապետերի նախաձեռնությամբ փակվել են կամ միացել դպրոցական գրադարաններին: Տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը հանձնվելուց հետո, գյուղական գրադարանները մղվել են հետին պլան եւ այսօր գյուղապետերին ոչ ոք չի կարողանում ստիպել՝ գրադարանները պատշաճ վիճակում պահել: ՏԻՄ մասին օրենքում նշված է, որ գյուղապետերը պարտավոր են պահպանել եւ զարգացնել գրադարանները, իսկ նրանք էլ այդ կետը մեկնաբանում են յուրովի՝ նպատակահարմար գտնելով փակել գրադարանները:
«Գյուղի երեխան դատապարտված է անգրագիտության՝ գյուղապետերի անգիտության պատճառով: Գրադարանի համար ոչինչ չեն անում եւ պատճառաբանում են, թե գիրք կարդացող չկա: Իսկ գրքերն այսօր մեր հասարակությանը պետք են թթվածնի նման: Այսօր կառավարությունը գյուղի զարգացման ծրագիր է իրականացնում, բայց գրադարանների զարգացումը հատկապես գյուղական վայրերում՝ պակաս կարեւոր չէ, քան գազիֆիկացումը: Գյուղից է գալիս մեր մտավոր ներուժը, այնտեղ է մեր հեքիաթը, ծեսը, տարազը, իսկ գրադարանը փակելով՝ ոչնչացնում ենք այս ամենը»,- համոզված է ՀԱԳ տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել