Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարձքն» ու հայրենաճանաչությունը

Փետրվար 18,2010 00:00

Կամ հանդես՝ հայկական հուշարձանների մասին

\"\"«Վարձք»՝ այս անունն է կրում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (ՀՃՈՒ) հ/կ-ի նորաստեղծ կիսամյա հանդեսը՝ փոքրածավալ գիտական ուսումնասիրությունները տպագրելու եւ շրջանառության մեջ դնելու համար: «Ամսագրի անունն իր մեջ խորհուրդ պետք է պարունակեր, մեր գործի բուն էությունը արտահայտեր: Իսկ մեր գործը կոչված է նախնիների հիշատակը խամրելուց ու փոշու տակ անցնելուց փրկելուն: «Վարձքը» պարտքի մի ձեւի գիտակցում է, որ փորձում ենք հատուցել մեր նախնիների հիշատակին՝ նրանց թողածը անհետացումից փրկելուն՝ թեկուզ թղթի վրա»,- բացատրում է հանդեսի գլխավոր խմբագիր, ՀՃՈՒ հ/կ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը:
«Վարձքի» առաջին համարը բացառիկ կարգով նվիրված է կազմակերպության հիմնադիր-նախագահ, ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանի հիշատակին (մահացել է 2009թ. փետրվարի 19-ին՝ Գերմանիայի Աախեն քաղաքում):
Հանդեսի էջերում ներկայացված է Արմեն Հախնազարյանի կյանքն ու գործունեությունը: Համառ ջանքերի շնորհիվ նա կարողացել է վերջնական կործանումից փրկել հատկապես Արեւմտյան Հայաստանի մի քանի կառույցներ եւ հուշարձաններ: Նրա գործուն մասնակցությամբ են նորոգվել Իրանում՝ Վանաքի սբ. Սարգիս եւ Թեհրանի սբ. Գեւորգ եկեղեցիները, Դարաշամբի Ստեփանոս Նախավկա եւ Թադեոս Առաքյալի, Ծործորի վանքերը, մի շարք շինություններ՝ Արցախում եւ ՀՀ-ում: Թուրքերի հետ խոչընդոտներից զերծ մնալու համար Հախնազարյանն իր գիտական ուսումնասիրությունները երկար տարիներ չի հրատարակել: Հաճախ նույնիսկ իր կազմակերպած գիտարշավներին՝ դեպի Արեւմտյան Հայաստան, չի մասնակցել. նա թուրքերի համար անցանկալի անձ էր դարձել:
ՀՃՈՒ հ/կ-ն, սկսած 1997-ից, գրքերի շարք է հրատարակում: Սակայն ուսումնասիրած ոչ բոլոր նյութերն են գրքով լույս տեսնելու ենթակա: «Հանդես ունենալու կարիքը մենք վաղուց են զգացել: Դեռ 90-ականների կեսերին պարոն Հախնազարյանի հետ այս մասին խոսել ենք: Ի վերջո՝ գործը գլուխ եկավ: Մեր նյութերն առանց գծագրերի ու լուսանկարների՝ գրեթե չեն լինում: Իսկ դաշտում եղած հայկական համապատասխան պարբերականները անորակ են, իրենք հաճախ հրաժարվում են լուսանկար վերցնել, իսկ տպագրելիս էլ ոչ միայն տեղում չեն դնում, այլ գլխիվայր են տպում»,- ասում է Ս. Կարապետյանը:
«Վարձքի» հաջորդ համարում կտպագրվեն հայկական այս ճյուղի մշակույթին վերաբերող գիտական հոդվածներ՝ հատկապես ՀՀ սահմաններից դուրս: «Նախօրոք չթվարկեմ, բայց դրանք ինչ-որ տեղ հայտնագործություններ են եւ գիտության այս ոլորտին մեծ նպաստ կբերեն»,- նշում է պարոն Կարապետյանը:
Գլխավոր խմբագիրը վստահ է, որ եթե հանդեսը գրախանութ հանձնեն՝ չի վաճառվի. «Սրա համար այսօր շուկա գոյություն չունի, կան միայն անհատ գիտնականներ ու մասնագետներ: Եթե հանդեսը լիներ զգեստի, շրթներկի մասին՝ հաստատ կվաճառվեր: Մենք, սրան զուգահեռ, հայրենաճանաչությունը խթանող ուրիշ աշխատանք ենք տանում, որ կարող է նպաստել հանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծանալուն: Այսինքն, նախ պատվանդան է հարկավոր՝ գիտելիքների պաշար, որից հետո սա լիարժեք հասանելի կլինի մեր հասարակությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել