Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՔԵՐ, ՋԱԶՄԵՆ, ԱՆԳԱՄ…ԴԻՐԻԺՈՐ

Փետրվար 18,2010 00:00

Իրանահայ երաժիշտ Գագիկ Խուդավիրդին իրեն «փորձարկում» է բոլոր ժանրերում ու ուղղություններում

\"\"

Մեր հայրենակից, ծնունդով Թեհրանից՝ ջազմեն, ռոքեր Գագիկ Խուդավիրդին 2004թ. եկել է Երեւան, ընդունվել եւ ավարտել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կիթառի դասարանը: Այսօր երաժիշտը դարձյալ հայրենիքում է, իր խոսքերով՝ կատարելագործելու երաժշտական գիտելիքները՝ խորապես ուսումնասիրելով դասական եւ դիրիժորական արվեստները: Դա իրագործելու նպատակով նա ընտրել է դիրիժոր Ռուբեն Ասատրյանին: Գագիկը համամիտ չէ այն տեսակետին, թե կատարելագործվելու համար պարտադիր է Արեւմուտք մեկնելը:
«Առավոտը» երաժշտից նախ հետաքրքրվեց, թե ինչպես Թեհրանում ծնված, ուսում առած երիտասարդը երաժշտական ոճերից ընտրեց հատկապես ռոքը եւ ջազը: Գագիկը պատմեց, որ ծննդավայրում ստացել է մաթեմատիկոսի եւ ֆիզիկոսի մասնագիտություններ, իսկ երաժշտությունն իրեն ուղեկցել է 4-5 տարեկանից. «Ծննդավայրումս հաճախել եմ երաժշտության դասերի, ավելի շատ՝ ինքնուս եմ եղել, քան ունեցել եմ դասատուներ: Դեռ փոքրուց ինձ ձգում էր հատկապես կիթառի երաժշտությունը»: Շարունակելով խոսքը, մեր զրուցակիցը ասաց, որ դեռ Թեհրանում ինքը տարված է եղել Արթո Թունչբոյաջյանի արվեստով. «Երեւանում ուսանելու տարիներին պատահական հանդիպեցի ճանաչված երաժշտին եւ խնդրեցի հենց այդ օրը երեկոյան իր հետ հանդես գալ բեմում: Մի խոսքով, երազանքս կատարվեց, հետագայում «Արմենիան նավի բենդ» խմբի հետ մեկնեցի Թուրքիա՝ համերգների, մասնակցելով ռոք փառատոնի: Այսօր արդեն «Դորիանս» ռոք խմբի հետ էլ եմ համագործակցում եւ այս գարնանը կթողարկվի խմբի առաջին CD-ն»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է հայկական ռոքի ու ջազի մասին: «Իմ կարծիքով, գոյություն չունի զուտ հայկական ջազ կամ հայկական ռոք: Եթե այս երկու ոճերում օգտագործվում են ջազային եւ ռոքային էլեմենտներ, դա դեռ չի նշանակում, որ նման ստեղծագործությունները հայկական են»,- հայտնեց Գագիկը:
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում ավանգարդ- ֆոլկ ոճին: «Դա արդեն ուրիշ է, ինչո՞ւ, որովհետեւ հոգուց բխող երաժշտություն է, որտեղ ստիպողաբար կամ պարտադրաբար օգտագործված չեն այլ ոճերից էլեմենտներ: Ավանգարդ-ֆոլկը բխում է ապրած կյանքից եւ, իհարկե, ժողովրդի պատմությունից»,- կարծում է մեր զրուցակիցը: Նա նաեւ ափսոսաց, որ Թեհրանում քիչ է լսել հայկական երաժշտություն, թեեւ հաճախել է հայկական երգչախմբերի փորձերին. «Ինչպես այն տարիներին, այնպես էլ այսօր գերագույն հաճույք եմ ստանում լսելով մեր հոգեւոր երաժշտությունը»: Տարածված այն արտահայտությունը, թե ռոքը բողոքի արտահայտման ձեւ է, Գագիկը համակարծիք չէ. «Բողոք կարելի է արտահայտել նաեւ դասական երաժշտության միջոցով, ինչպես ժամանակին արել են Բախը, Շոստակովիչը եւ այլ հանճարներ»:
Երաժիշտը չի համակերպվում սփյուռք կամ սփյուռքահայ արտահայտությունների հետ: Նրա հավաստմամբ, դրսում ցանկացած հայ երեխա ի ծնե լսում է մայրենի լեզուն, հնարավորինս շփվում մշակույթի հետ, փորձում է պահպանել հայկական սովորությունները, ձգտում է անպայման տեսնել հայրենիքը, սովորել, կապվել նրա հետ:
«Առավոտի» հարցին՝ եթե ներկայումս նաեւ դիրիժորական արվեստ է ուսումնասիրում, հնարավո՞ր է հետագայում իրեն տեսնել դիրիժորի «կարգավիճակում», Գ. Խուդավիրդին ասաց. «Չի բացառվում, թեեւ գիտակցում եմ, որ դրա համար երկար ճանապարհ պիտի անցնեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել