Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ԱՏԱՄՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Փետրվար 18,2010 00:00

Արգենտինան հայտարարել է, որ այսուհետեւ ցանկացած նավ, միակայմանավ՝ բոտ, կամ նավակ, որը ցանկություն ունի անցնել երկրի ափամերձ եւ Ֆոլքլենդ կղզիների միջեւ ընկած ջրային տարածքով, պետք է ունենա արգենտինական կառավարության թույլտվությունը: Հայտարարելով այդ մասին, Արգենտինայի կառավարության ղեկավար Հանիբալ Ֆերնանդեսը, BBC-ի մատուցմամբ, նաեւ հավելել է, որ կառավարության այդ որոշումը վերաբերում է նաեւ ծովագնացության այն միջոցներին, որոնք ընդամենն անցնելու են Արգենտինայի տարածքային ջրերով, նաեւ նրանց, որոնք ուղղություն են վերցնում Միացյալ Թագավորության վերահսկողության տակ գտնվող Հարավային Ջեորջիա եւ Հարավային Սանդվիչ կղզիներ:
Պաշտոնական Բուենոս-Այրեսի որոշումն արդեն որակվել է որպես Հարավային Ատլանտիկի այս շրջանում նախապատրաստվող նավթարդյունահանման աշխատանքների նկատմամբ դժգոհության դրսեւորում: Այս կղզիներում նավթահորերի շահագործումը նախատեսվում է սկսել ընթացիկ տարվա առաջին կեսին, իսկ փետրվարի սկզբին Արգենտինան այդ առնչությամբ արդեն իր դժգոհությունն է հայտնել Մեծ Բրիտանիային:
Հիշեցնենք, որ ավելի քան 3 հազար բնակչություն ունեցող Ֆոլքլենդի կղզիները Լոնդոնը համարում է բրիտանական անդրծովյա տարածքներ, իսկ Բուենոս-Այրեսը՝ իր օկուպացված արշիպելագը: Կղզիների պատկանելության շուրջ Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ չհայտարարված, բայց լայնամասշտաբ ռազմական գործողություններ էին տեղի ունեցել դեռ 1982թ.-ին: Պատերազմի՝ հօգուտ Մեծ Բրիտանիայի, ավարտից հետո Միացյալ Թագավորությունը մեծացրել էր իր ռազմական ներկայությունն այդ կղզիներում: Ու թեեւ պատերազմից տասը տարի անց Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են, բայց Ֆոլքլենդի ինքնիշխանության շուրջ բանակցությունները փաստացի ո՛չ ընթանում են եւ ո՛չ էլ ավարտված են համարվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել