ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայ հասարակական, քաղաքական, ազգային, պետական գործիչների վարքագիծը, խնդիրների արծարծման ձեւն ու բովանդակությունը, հարցերի ձեւակերպման եւ պատասխաններ գտնելու, եզրահանգումներ կատարելու անկարողությունը վկայում են, որ հայկական իրականության մեջ, որպես կանոն, հասարակական-քաղաքական բանավեճ չի կայանում: Թե անցյալում, թե այսօր բանավեճի ժանրը մեզանում լցվում է անձնական վիրավորանքներով, գռեհկաբանություններով, ընդդիմախոսին բարոյապես, անգամ՝ ֆիզիկապես ոչնչացնելու մոլուցքով: Այդ իսկ պատճառով հայկական միջավայրում բազմաբովանդակ եւ բազմակողմ քննարկումների նախաձեռնությունը կամ տապալվում է, կամ նմանվում սիզիֆյան աշխատանքի: Այդ իսկ պատճառով հայ ժողովրդի համար մի քանի խնդիրներ, լուծումներ եւ պատասխաններ չգտնելով, վերածվում են հավերժական հարցերի, քանի որ անհնար է դառնում անգամ դրանց քննարկումը:
Այդ իսկ պատճառով առավելագույնը, որ հայ ժողովուրդը կարողացել է սահմանել իր համար՝ գոյատեւման խնդիրն է եղել, որը դարերի ընթացքում վերածվել է նպատակի, անգամ՝ մտասեւեռման: Հայ ժողովրդի այս հոգեկերտվածքի ձեւավորման եւ արմատավորման մեջ պետք է փնտրել ոչ միայն արտաքին ազդակներ եւ գործոններ, անգութ եւ վայրագ ոսոխներ, այլ դրա պատճառները եւ հետեւանքների առաջ բերած խորշակը պետք է փնտրել ներսում՝ հասարակական, քաղաքական, ազգային, պետական, մտավորական առաջնորդների գործունեության մեջ:
Պետությունների մեծ մասում հասարակությունը, մտավորականությունը, գիտնականները բանավիճում են, առաջարկում իրենց փաստարկներն ու հակափաստարկները, վարկածները եւ դիրքորոշումները երկրի համար առանձնապես կարեւոր խնդիրների շուրջ: Այդ քննարկումներում է գծագրվում երկրի ռազմավարական զարգացման ուղղությունը, ճշգրտվում են պետության եւ հասարակության կարճաժամկետ խնդիրները եւ երկարաժամկետ նպատակները:
Հասարակական-քաղաքական բանավեճի չգոյությունը, տարաբեւեռ, խորքային, անկողմնակալ եւ քաղաքակիրթ քննարկումների բացակայությունը հայ ժողովրդին զրկել է ինքնաճանաչման կարեւոր հատկությունից, առաջնահերթությունները զատորոշելու խելամտությունից եւ պետություն կայացնելու ինքնակազմակերպվածությունից:
Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, եւ բոլոր հիմքերը կան պնդելու, որ այդպես կլինի նաեւ վաղը:
1.
Վերանայել հազարամյա
քաղաքական օրակարգը
Արդեն մի քանի դար է, ինչ հայ ժողովրդի քաղաքական օրակարգը չի փոխվում: 15-րդ դարի պետականազուրկ Հայաստանի եւ 21-րդ դարի Հայաստանի պետության քաղաքական օրակարգում նույն խնդիրներն են, հարցերի նույն ձեւակերպումները, նույն աշխարհընկալումը: Հայ ժողովուրդն անվերջ պտտվում է նույն խնդիրների եւ նպատակների շուրջ այնպես, ինչպես Լուսինն է հարատեւ պտտվում Երկրի շուրջը: Եվ ինչպես Երկրի վրա կատարված փոփոխությունները՝ մեր մոլորակի սառեցումը կամ ջերմացումը, աղետներն ու հեղաբեկումները չեն փոխել Լուսնի պտույտի ուղեծիրը, այնպես էլ հայ ժողովրդի առաջնորդների փոփոխությունները չեն փոխել մեր ուղեգիծը:
Այդ խնդիրների կանոնակարգումը եւ սահմանումները թելադրել են նաեւ համապատասխան գործելակերպ: Ըստ այդ կանոնակարգման՝ հայ ժողովրդի գերակա խնդիրը գոյատեւման, ավելի ճշգրիտ՝ գոյության պահպանման խնդիրն է, որի լուծումը, պատասխանը հանգել է հպատակեցմանը, հնազանդությանը, օտար եւ տեղական կեղեքիչների լծի տակ կքելու վարքագծի որդեգրմանը: Չնայած այդ մերժելի վարքագիծը երբեմն արյունոտ ավարտ է ունեցել հայ ժողովրդի համար, սակայն քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը՝ գոյատեւումը, անփոփոխ է մնացել, քանի որ անփոփոխ է մնացել խնդրի լուծման ուղին, այն է՝ հարմարվել եւ հպատակվել:
Դարերի ընթացքում այս վարքագիծը սովորույթից վերածվել է ազգային բնավորության, բնավորությունից՝ կենսակերպի, կենսակերպից՝ քաղաքական ուղեգծի: Այսօրինակ իրավիճակը ձեւավորել է համապատասխան հասարակական մթնոլորտ՝ արհամարհել, ձաղկել, վտարել չհարմարվողներին, ճնշել, խեղդել ըմբոստության եւ անհնազանդության դրսեւորումները: Այդ իսկ պատճառով հայ ժողովուրդը կեղեքվել է լուռ: Այդ իսկ պատճառով մեր հերոսամարտերը, որոնք ավելի շատ մաքառում են եղել, մղվել են փոքրաթիվ ուժերով, դիմադրության ունակ ուժերը ցաքուցրիվ են եղել, զգաստության եւ ողջամտության կոչողները արհամարհվել են կամ քարկոծվել, ուսյալ, կրթյալ անձինք՝ մերժվել եւ օտարվել: Այն պարզ պատճառով, որ նրանք բոլորը կարող էին վերաձեւակերպել հայ ժողովրդի խնդիրները եւ սահմանել հասարակական-քաղաքական նոր գերակայություններ եւ նպատակներ:
Հայ ժողովրդի քաղաքական օրակարգի մնացյալ հարցերը արտածվել են այդ՝ գոյության պահպանման խնդրից: Ըստ այդմ՝ երկրորդ խնդիրը հանգել է հետեւյալ ձեւակերպմանը՝ «սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի»: Կորցնելով ազգային պետականությունը՝ հայ ժողովուրդն անվերջ սպասել է, թե ինչպես է ամայացած հասարակական-քաղաքական դաշտում պետականություն ստեղծվելու: Պետականության վերականգման, ազգային-ազատագրական պայքարի ծրագրերը մշակում էին օտար ափերում ապաստանած հայ գործիչները, քանի որ հայրենիքում հայ առաջնորդները փնտրում էին դրախտի բանալիները գոյատեւման, հարմարվելու, սպասման ժանգապատ բանալիների տրցակում:
Ժամանակի հետ հայ առաջնորդները թմրեցրին-ցավազրկեցին պետականության կայացման արթուն, կենսունակ նյարդը հայ ժողովրդի մեջ՝ թուլացնելով նրա ինքնակազմակերպվածությունը, նրան աստիճանաբար զրկելով պետություն կայացնելու ներուժից: Եվ ինչպես սահմանվում էր հայ ժողովրդի գոյատեւման խնդիրը որպես գերակա նպատակ, այդպես էլ լուծվում էր պետականության խնդիրը՝ պետություն ստեղծել գոյատեւելու, այլ ոչ թե առաջադիմություն եւ զարգացում ապահովելու համար: Պետությունը ազգի կազմակերպման բարձրագույն ձեւն է, եւ այն ստեղծելու համար հայ ժողովուրդը պետք է իր ողջ ներուժը գերլարեր: Դրա համար պետք էր արմատապես վերանայել քաղաքական հնամաշ օրակարգը: Այդ իսկ պատճառով հայ ժողովուրդը կամ չէր համարձակվում պետություն ստեղծել, կամ ստեղծածը կորցնում էր, կամ վերաստեղծելիս՝ պետության գաղափարի տակ խցկում արատավոր, մերժելի բարքեր, արժեքներ, ուղեգիծ:
Քաղաքական օրակարգի հաջորդ խնդիրը, որը ստացել ենք որպես ծանր ժառանգություն, հանգել է հետեւյալ հարցադրմանը՝ ովքե՞ր են մեր առաջնորդները: Այդ հարցադրման պատասխանը եւ պատասխանատվությունը մենք կրում ենք, ինչպես Քրիստոսն է կրել կախաղանի իր խաչը: Հայ ժողովուրդն անուրանալի ջիղ ունի՝ ասպարեզ բերել, առաջնորդներ կարգել իրեն արհամարհողներին եւ ծաղրողներին, կեղեքողներին եւ նվաստացնողներին, գավառամիտներին եւ հետադիմականներին:
20-րդ դարը աշխարհացունց փոփոխությունների դար էր, որը հայ ժողովրդի առջեւ նոր խնդիրներ դրեց՝ պարտադրելով վերանայել հազարամյա քաղաքական օրակարգը:
2.
Հազարամյա
քաղաքական պատվաստը
Ղարաբաղի ազատագրության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը դարձան 20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի հայ ժողովրդի քաղաքական օրակարգի խնդիրները: Ընդ որում, դրանք ոչ թե պարզապես քաղաքական օրակարգի կարեւոր մասն են կազմում, այլ տեղ են գտել հատուկ թղթապանակում, որը կոչվում է ազգային խնդիրներ: Հայ ժողովրդի հուզական ընկալումներում ազգային խնդիրների վրա չպետք է փոշի նստի, դրանք չպետք է մոռացության մատնել եւ պետք է մաքուր պահել անգամ անմաքուր իրավիճակներում: Քաղաքական ընկալումներում ազգային խնդիրները արդարացիորեն համարվում են երկարաժամկետ ծրագրեր, որոնց իրագործումից է կախված Հայաստանի եւ հայ ժողովրդի առնվազն մի քանի սերնդի ապագան:
Հարափոփոխ ժամանակները, հասարակական-քաղաքական նոր իրողությունները պահանջում էին, որ ազգային խնդիրների քննարկման ընթացքում հայ ժողովուրդը հանդես բերի հին ազգին հատուկ իմաստություն եւ երիտասարդ պետությանը բնորոշ արժեքային, գաղափարական թարմություն: Սակայն հայ ժողովրդի նորօրյա առաջնորդները, իրենց նախորդների պես, արգելակ դարձան հայ ժողովրդի ազգային խնդիրների լուծման ճանապարհին:
Իր պատմական հայրենիքի մի մասը կորցրած հայ ժողովրդի համար Ղարաբաղի ազատագրումը պետք է դառնար վերելքի թռիչքագոտի, սակայն այն աստիճանաբար վերածվեց ազգային բեռի, մանավանդ որ, Ղարաբաղի ազատագրման իրողության եւ գաղափարի տակ հայ առաջնորդները տեղավորեցին իրենց մերժելի մտածելակերպն ու գործելակերպը, որը հանգեցնում էր մի կողմից ազգային եւ պետական խնդիրների հակադրմանը, մյուս կողմից՝ պետականության այլասերմանը: Սրան նպաստում էր Ղարաբաղի առաջնորդների երեւանյան վերաբնակեցումը, որը կասկածների աղետաբեր ամպեր կուտակեց ղարաբաղյան հաղթանակի նպատակահարմարության վրա: Ղարաբաղի ազատագրումը ապահոված Հայաստանի քաղաքական բառապաշարում վերակենդանացան հայ ավանդական սահմանումներն ու հարցադրումները՝ «Ղարաբաղն ազատագրեցին ռուսները» կամ՝ «մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը»: Հայ առաջնորդների հազարամյա քաղաքական պատվաստը արմատակալել էր՝ դարեր շարունակ կենսանյութ հաղորդելով հինգհազարամյա հայկական ծառարմատին՝ վերաձեւելով հայկական գենը:
Մինչդեռ նորօրյա Հայաստանի կայացման, զարգացման եւ հզորացման անհրաժեշտությունը պահանջում էր ազգային խնդիրների՝ Ղարաբաղի ազատագրման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Ջավախքի հայկականության պահպանման խնդիրների լուծումները փնտրել ոչ թե միակարծության պարտադրանքի, ոչ թե երկբեւեռ բախումների, ոչ թե ձանձրալի կրկնաբանությունների մթնոլորտում, այլ սթափ, լրջմիտ, իրատես, փաստարկված, ի սկզբանե չուղղորդված թեժ հասարակական-քաղաքական բանավեճում: Սակայն իրականությունն անողոք էր. հայաստանյան հեռուստաեթերում դեպի բանավեճ տանող դռան վրա յոթ փական էր դրված:
3.
Բանավեճի արտաքսում
Չնայած տեղեկատվական եւ հաղորդակցման բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ընդլայնմանը, չնայած տեղեկացված հասարակության ձեւավորման արեւմտյան փորձի արդյունավետությանը, չնայած բազմակարծության բնականոնությանը՝ հայաստանյան հեռուստաեթերը փակ է ժամանակակից քաղաքակրթության այսօրինակ ձեռքբերումների առջեւ: Հիշյալ երեւույթների անգամ փոքր չափաբաժինների կիրառումը հայ հեռուստաարտադրողներն ընկալում են որպես դատապարտված եւ անիմաստ խիզախություն: Հեռուստաեթերից բանավեճի արտաքսման պատվերը տրված է ի վերուստ՝ քաղաքական ղեկավարության կողմից: Դրա հետ մեկտեղ ուղեղների բթացման, արժեքային համակարգի եւ ճաշակի խեղաթյուրման, մարդկային ցածրակարգ բնազդների եւ բարքերի ցուցադրման ազատությունը լիուլի է, այնքան, որ կբավարարի մի քանի սերունդների կռտմանը: Եվ այսօրինակ իրավիճակում բանավեճի նմանակման փորձերը, տարբեր գործիչների հեռուստատեսային մենախոսությունը նրբաճաշակ փաթեթավորմամբ մատուցվելու դեպքում անգամ չի կարող ընկալվել որպես բանավեճի փորձ: Մինչդեռ, ինչպես յուրաքանչյուր անցումային հասարակություն, հայ հասարակությունը եւս բաղկացած է ոչ միայն քաղաքական իշխանությունից եւ ընդդիմությունից, ոչ միայն կուսակցականներից, այլ նաեւ ազատամիտ, ազատախոհ, կանխակալությունները մերժող մարդկանցից:
Ավտորիտար համակարգերը, սովորաբար, վախենում են ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական ընդդիմությունից, քանի որ, որպես կանոն, նրանք կանխատեսելի են անգամ իրենց վտանգավորության բարձր աստիճանում, այլ ազատ մտածող, գաղափարներ առաջարկող եւ դրանք շրջանառող, քաղաքակիրթ բանավեճի ունակ հանրությունից, որը կարող է դառնալ ավտորիտարիզմի գերեզմափորը: Հայ առաջորդները նրանց ընկալում են ոչ թե միայն համակարգի, այլեւ որպես պետության թշնամիներ:
Բանավեճի ժանրի արտաքսումը, այլակարծության մերժումը, գաղափարների գլխատումը, հասարակական-քաղաքական քննարկումների միագիծ եւ ուղղորդված բնույթը, հայ հանրության առջեւ գոցել է առաջադիմության եւ զարգացման դռները: Հայ ժողովրդի մեջ խեղդելով անհնազանդության ու ըմբոստության ոգին՝ հայ առաջնորդները նրան վերածել են ոչ թե ընդվզող, այլ դժգոհ, ոչ թե ինքնաճանաչման ձգտող, այլ ինքնախարազանվող, ոչ թե արդարություն եւ օրինականություն հաստատող, այլ դրանք մերժող, ոչ թե ճշմարտությունը որոնող, այլ դրանից հեռացող հանրության: Բանավեճերի եւ քննարկումների մերժումն ու հետապնդումը՝ հանրությանը քաղաքացիներից վերածում է հպատակների, որոնց համար օտար կամ սեփական կեղեքիչների լուծը նույն ծանրությունն ունի:
Բնության եւ հասարակության օրենքների համաձայն, այսօրինակ իրավիճակը բնութագրվում է որպես դիմադրության (դիմադրողականության) անկում: