Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հակաեվրոպական» վիճակ

Փետրվար 18,2010 00:00

«Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր կազմակերպության անհրաժեշտ է մեկ տնօրեն, մի քանի վարչության ու բաժնի պետեր, 100-ից ավելի որակյալ մասնագետներ: Այսօր Հայաստանն արտադրում է 100 տնօրեն, մի քանի բաժնի պետ ու մեկ-երկու որակյալ մասնագետ»,- երեկ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում գործատուների ներգրավման ուղիները» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի բաժնի ղեկավար, ձեռնարկի հեղինակ Վահագն Հովհաննիսյանը: Ձեռնարկը մշակվել է Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: Տարածաշրջանային այս ծրագիրը նպատակ ունի խթանելու միջին մասնագիտական կրթությունը Հայաստանում եւ Հարավարեւելյան Եվրոպայի 19 երկրներում:
Ըստ Վահագն Հովհաննիսյանի՝ մեր երկրում պահանջված են նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ, մասնավորապես՝ շինարարական ոլորտի մասնագետները: Եվրոպական փորձը ներկայացնելով՝ ձեռնարկի հեղինակ Վահագն Հովհաննիսյանը նշեց, որ, օրինակ, Անգլիայում հիմնականում նախընտրում են նախնական եւ միջին մասնագիտական կրթությունը, իսկ բուհական կրթությամբ մասնագետները կազմում են ընդամենը 7%: Արարատի պետական քոլեջի ներկայացուցիչ Տիգրան Եղիազարյանը գտնում է, որ Հայաստանի ոչ պետական բուհերը արտոնյալ պայմաններ ունեն. «Այդ բուհերը թեկուզ դպրոցների շենքերում ստեղծում են իրենց մասնաճյուղերը եւ 2-3 ուսանողներով կարողանում են պահել ֆակուլտետներ, որոնք արգելակում են մուտքը քոլեջ»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Ռոբերտ Աբրահամյանը համաձայն չէ այս կարծիքին: Նա «Առավոտին» հավաստիացրեց, որ միջին մասնագիտական կրթության ոլորտը 2004 թվականից պատասխանատուների ուշադրության կենտրոնում է. «Կարգավորվել է օրենսդրական դաշտը, մասնագիտական կազմի վերապատրաստման, նաեւ գույքի, շենքային պայմանների հետ կապված խնդիրներն ենք փորձում լուծել»: Արդյո՞ք մեծ թիվ կազմող մասնավոր բուհերը չեն խոչընդոտում քոլեջներին՝ հարցին Ռոբերտ Աբրահամյանը պատասխանեց. «Կարծրատիպ է: Հասարակությունն ավելի շատ ձգտում է դեպի բուհ, որովհետեւ բոլոր ծնողներն իրենց երեխաներին տեսնում են որպես ամենախելացի երեխաներ: Մեր ուսանողության միջին մասնագիտականի եւ բարձրագույնի հարաբերակցությունը 30:70 է, եվրոպականում հակառակն է՝ հօգուտ միջին մասնագիտականի»: Կրթության նախարարի խորհրդականի խոսքով՝ այսօր գործատուների կողմից պահանջված են ոչ միայն տուրիզմի, ինֆորմատիկայի ոլորտի, այլեւ գյուղատնտեսական եւ բանվորական կադրեր պատրաստող մասնագիտությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել