Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավազով ջուր՝ վանաձորցիներին

Փետրվար 18,2010 00:00

\"\"Փետրվարի 9-ին՝ «Խնդիրը լուծում ստացավ», իսկ 11-ին՝ «Կրիշեն պայթել է» հրապարակումներով անդրադարձել ենք Լոռու մարզկենտրոն Վանաձորում խմելու ջրի մատակարարման համակարգի անմխիթար վիճակին:

Հատկապես վերջին տարիներին Վանաձորում ջրամատակարարման հետ կապված բազում խնդիրներ կան: Ներքին ցանցի մաշվածության պատճառով ամեն օր 10-ից ավելի վթարներ են գրանցվում, ջրային կորուստները չափից շատ են, քաղաքի մի շարք թաղամասեր խմելու ջուր չի հասնում: Փոխարենը՝ բնակիչների բողոքներն են շատանում ու բազմանում, բայց ամեն անգամ նույն պատասխանն են ստանում՝ ջուր չկա կամ քիչ է: Վանաձորի բնակիչների մի ստվար մասի համար ջուր կրելը օրվա հիմնական ժամանակն է խլում:
Վանաձորի ջրային ցանցի եւ ջրամբարների մաշված ու կիսավեր վիճակի պատճառով մի շարք թաղամասերում ձյան եւ անձրեւի պատճառով ջուրը պղտորված ու, շատ դեպքերում, նստվածքով է հասնում բնակչին: Վերջերս վիճակն էլ ավելի է վատթարացել: Խողովակի անսարքության պատճառով Զորյան 79 շենքում ջրի հետ ոչ թե նստվածք, այլ հենց ավազ է հոսում, ինչը հետագայում մնում է տարաների տակ: Խնդիրը պարբերաբար կրկնվել է, անցած տարի օգոստոսին խողովակները փոխվել են, բնակիչները կարծել են, թե հարցը լուծվեց, բայց ավազի հոսքը վարարել է: «Այդպես էլ պիտի լիներ, նոր խողովակ դնելու փոխարեն կտրել են այժմ չաշխատող Վանաձորի ՋԷԿ-ի տաք ջրի խողովակները եւ իբր փոխել, հազար տարվա չաշխատած խողովակի մեջ ինչ ասես կարող է լինել»,- իրար հերթ չտալով պատմում են բնակիչները: Նրանց բարկությանը չափ ու սահման չկա. «Եթե ջուրը կարելի է եռացնել՝ նոր խմել, ապա ինչպես լվանանք ամանեղենն ու շորերը, մաքրվելու փոխարեն ավելի շատ կեղտոտվում է»:
Ավազը ոչ միայն ջուրն է խմելու եւ լվացքի համար անպիտան դարձնում, այլեւ սարքեր է խափանում: Ավազի խցանումներից փչացել են ջեռուցման կաթսաներ, լվացքի մեքենաներ, ծորակներ, նաեւ ջրաչափեր: Բնակիչները կարծում են, որ այս ամենը պատասխանատուների անտարբերության արդյունքն է եւ պահանջում են, որ մեղավորները պատժվեն, իսկ իրենց վնասները՝ փոխհատուցվեն:
Բողոքներին արձագանքել է «Լոռու-ջրմուղկոյուղի» ընկերությունը եւ ջրի նմուշ վերցրել՝ հետազոտության համար: Ջրմուղի ղեկավարությունն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից. «Միայն լաբորատոր ստուգումներից հետո պարզ կդառնան իրական պատճառները եւ հետագայում հնարավոր կլինի վերահսկել իրավիճակը»,-բացատրում է «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Արիստակես Ղուկասյանը:
Սակայն բնակիչների համբերության բաժակն արդեն լցվել է: Նրանք խնդրի շուտափույթ լուծում են պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել