Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տավուշում հանցագործություններն աճել են

Փետրվար 18,2010 00:00

Փետրվարի 15-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը հանրությանը ներկայացրեց ոստիկանության մարզային վարչության 2009 թվականի հաշվետվությունը: 2008թ. համեմատությամբ, 2009-ին մարզում արձանագրվել է հանցագործությունների թվի կրկնակի աճ՝ 497, նախանցյալ տարվա 249-ի փոխարեն: Իսկ հանցագործությունների բացահայտման տոկոսը աճել է 5,7-ով՝ 2008-ի 79,7%-ի փոխարեն, 2009-ին՝ 84,5%: Սա 2,5%-ով բարձր է միջին հանրապետականից:
Անտառաշատ Տավուշում բնության դեմ ոտնձգության 130 դեպք է արձանագրվել, պատճառված վնասը՝ 32 միլիոն դրամ, որից միայն 3 միլիոնն է վերականգնվել: Անցած տարի երեք քաղաքացի անհետ կորել է: Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը սունկ հավաքելու համար մեկնել է Ադրբեջանի հետ սահմանակից «Յայլի գոմեր» հանդամաս եւ կորել: Դիլիջանի Գետափնյա փողոցի բնակիչ՝ 51-ամյա Ոստանիկ Ստեփանյանը աշխատանքի գնալու համար տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Արփիկ Ուզունյանը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Տվյալներ կան, որ անհայտ կորածներից մեկը Ադրբեջանում է:
Տավուշի սահմանամերձ գյուղերից անասնագողությունների վերաբերյալ «Առավոտում» անցած ողջ տարում բազմաթիվ հրապարակումներ են եղել: Ըստ Տավուշի ոստիկանապետ Խաչիկ Ասատրյանի, 2009-ին մարզում տեղի ունեցած 40 անասնագողությունից 15-ը բացահայտվել է: Ընդհանուր առմամբ՝ գողացել են 191 գլուխ խոշոր եւ մանր եղջերավոր անասուն, 3 ձի, 25 թռչուն: Այս անասնագլխաքանակից սահմանամերձ տարածքում հայտնաբերվել եւ բնակչությանն է վերադարձվել 17 խոշոր եղջերավոր եւ 4 մանր եղջերավոր անասուն, 4 ձի: Չբացահայտված 25 անասնագողություններից 18-ի դեպքում հետքերը տանում են դեպի Ադրբեջանի հետ սահման, մնացած 7-ի դեպքում եղանակային եւ այլ պատճառներով հնարավոր չի եղել պարզել հետքերի ուղղությունը: Անասնագողության դեմ պայքարի նպատակով ոստիկանները սահմանամերձ տարածքներում ծառայություն են իրականացնում եւ համագործակցում զինված ուժերի ստորաբաժանումների հետ: Գնդապետ Ասատրյանը լրագրողներին հորդորեց համբերությամբ լցվել, ասելով, որ առաջիկայում կուրախանանք անասնագողության դեպքերի բացահայտման առիթով: Իսկ բնակիչներին կոչ արեց աչալուրջ լինել եւ համագործակցել ոստիկանության հետ:
Ոստիկանապետի խոսքերով՝ անցյալ տարի կաշառակերության 6 դեպք է բացահայտվել: Բացահայտվել է նաեւ Իջեւանում տարադրամի փոխանակությամբ զբաղվող երիտասարդի սպանությունը: «Առավոտը» գրել էր, որ Իջեւանում, Երեւան տանող մայրուղու եզրին արծաթափայլ եղեւնի է հատվել: Ոստիկանները բացահայտել են, որ ծառը Ամանորի նախաշեմին մի անչափահաս է հատել, գործով նյութեր են նախապատրաստվում:
Հանդիպման ավարտին մարզի գլխավոր ոստիկանը խոստացավ, որ լրագրողների հետ հանդիպումները պարբերական են լինելու՝ յուրաքանչյուր եռամսյակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել