Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐ ԱՀՆԻՁՈՐԸ ՇԵՆԱՆԱ

Փետրվար 18,2010 00:00

Գյուղից հեռացածները որոշել են փրկել իրենց ծննդավայրը, ուր այսօր հազիվ 40 ընտանիք է ապրում

\"\"Հրանտ Մաթեւոսյանի բնօրրանը՝ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղը շրջապատված է ահով լի ձորերով, իր անունն էլ ստացել է հենց այդտեղից: Անտառի փեշին ծվարած գյուղում այժմ 40 ընտանիք է ապրում: Գյուղի բնակչությունը ծերանում է, քանզի երիտասարդները չեն դիմանում գյուղական ծանր կյանքին ու դաժան կենցաղին: Դժվար է ոչ միայն ձորից դույլերով ու տարբեր տարաներով ջուր բերելը, այլեւ ժայռապատ ճանապարհները հաղթահարելը: Բնակավայրում օրերով հոսանք չի լինում, ինչը Մոտկորի տարածաշրջանի էներգետիկ համակարգի մաշվածության արդյունքն է: Գյուղացիներն ստիպված իրենց կենցաղը \"\"կազմակերպում են լամպի լույսի տակ: Գյուղի մշակույթի տունն էլ է անմխիթար վիճակում, արդեն վերանորոգման կարիք ունի միակ սրբատեղին՝ Սուրբ Զորավոր մատուռը: Գյուղացիները մինչեւ հիմա ամենաուրախ ու տխուր օրերը անցկացնելու վայր չունեն: Ահնիձորցու այս ոչ ուրախ առօրյային քաջատեղյակ են ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլ նաեւ՝ հանրապետական գործադիր եւ օրենսդիր մարմինները:
Հաշվի առնելով, որ քաղաքաբնակ ահնիձորցիները գոնե տարին մեկ անգամ գյուղ են գնում, Վարդավառին՝ պարտադիր, գյուղից դուրս եկած մտավորականությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, կազմավորել «Ահնիձոր» միությունը, ստեղծել հիմնադրամ եւ իրենց գլխավոր խնդիրները մասնակիորեն լուծել: «Ահնիձոր անունը աշխարհում մնալու է, մեր հավաքական գենը Հրանտ Մաթեւոսյանն է տվել, սակայն լավ կլինի, որ բնակատեղին էլ միշտ կանգուն մնա»,- մտածում են կազմակերպիչները:
Առաջին կարեւոր գործը նախկին դպրոցի շենքը վերանորոգելն ու հանդիսությունների սրահ ունենալն է, որ հարսանիքները գոմում չկազմակերպեն, իսկ մահվան արարողությունները՝ ցեխի մեջ խրված վրանում: Առաջին հանգանակությունն արդեն կատարվել է, որոշակի գումար՝ հավաքվել: Ժամանակին նույն ձեւով՝ հանգանակությամբ, կառուցվել է գյուղի Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակի հուշարձանը: Ինչպես նշեցին կազմակերպիչները. «Դժվարին այս օրերում պարտադիր չէ, որ գյուղացուց իր հացի կոպեկը վերցնես, նման մարդիկ կօգնեն իրենց աշխատանքով, խելքով, մարդ կլինի, որ շինանյութ կունենա, յուրաքանչյուր ահնիձորցի կներդնի այնքան, ինչքան կարող է ու ինչ կարող է»:
Տարեցտարի վատթարացող պայմաններն առիթ են, որ գյուղի երիտասարդությունը ուսանողական տարիներին քաղաքի աշխույժ կյանքին վարժվելով՝ գյուղ չվերադառնա: Ավելին՝ քաղաքում մնացած ահնիձորցին ծնողներին էլ է քաղաք տանում: Վերջին երկու տարվա ընթացքում գյուղից 60 ընտանիք է հեռացել. գյուղը դատարկվում է նաեւ արտագնա աշխատանքի մեկնողների հաշվին: Գյուղի ութամյա դպրոցն ընդամենը 30 աշակերտ ունի: «Գյուղում ապրողներն ամենավերջին կետին են հասել, նրանց հոգեբանությունը փոխել է պետք, կարելի է օգնել խորհրդով, մենք քաղաքում ավելի շուտ ենք իմանում կատարվող փոփոխությունները»,- օրինակ բերելով վերջին շրջանում մսի եւ ոչխարի թանկացումը, ասում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ Սամսոն Քառյանը: Նրա խոսքերով, գյուղացիներն անտեղյակության արդյունքում շատ էժան գնով վաճառում են իրենց քրտինքով ստեղծածը, դրա համար էլ արդյունք չեն տեսնում:
Հայաստանաբնակ ու արտասահմանում ապրող ահնիձորցիներին մեկտեղ հավաքելու համար կարեւոր է «Ահնիձորի օր» ունենալը, որ երիտասարդ սերունդը կապվի գյուղի հետ եւ ձգտի ամեն տարի իր պապերի բնօրրանը գնալ: «Մենք՝ միջին տարիքի մարդիկ, գնում ենք արյան կանչով, թանկ հիշողություններ ունենք, յուրաքանչյուր քար ու ծերպում մեր մանկությունն է, ընկերներ ունենք, բարեկամներ, բայց մի օր այդ կապը կավարտվի, եթե այս պահը չօգտագործենք, մեր երեխաներին գյուղը էլ չի հետաքրքրի, մեզ պետք է, որ վաղվա սերունդն էլ կապ պահպանի գյուղի հետ»,- նկատում են «Ահնիձոր» միության նախաձեռնողները:
Գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը ծնունդով ահնիձորցի չէ, սակայն այնտեղ տուն է կառուցել, մինչեւ կյանքի վերջին օրերը ստեղծագործել ու կապված է եղել գյուղի հետ, եւ, ինչպես Մաթեւոսյանն է նկարագրել բնությունն ու մարդկանց, այնպես էլ գեղանկարչի կտավներն են պատմել գյուղի կյանքի ու բարքերի մասին: Միության անդամները հույս հայտնեցին, որ հետագայում ոչ միայն Մաթեւոսյանի, այլեւ Ղարաբեկյանի տան հիման վրա կարելի կլինի թանգարան ստեղծել եւ խթանել զբոսաշրջությունը, ինչը շատ հարցերի լուծմանը կնպաստի:
Ահնիձորցիների հիմնական նպատակն այս պահին երկրի տարբեր տեղերում բնակվող համագյուղացիներին հավաքելն ու ահնիձորցիների խնդիրները ահնիձորցիներով լուծելն է: Նրանք համոզված են, որ համագյուղացիներն իմանալով նախաձեռնության մասին՝ անպայման կարձագանքեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել