ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի բնակարանի վրա ավազակային հարձակման կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այն կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Ինչպես «Առավոտը» տեղեկացրել է, բանդայի անդամները 10-ն են՝ ԱՄՆ-ի ոսկու տաղավարները թալանած, հետախուզման մեջ գտնված Արա Կարապետյանը, Նոր Նորքի ոստիկանապետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, հայր եւ որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները, որոնք տխրահռչակ ոստիկանապետի տեղակալի սանիկներն էին, Հայկ Մելքոնյանը, Արշակ Գրիգորյանը, Հովհաննես Նազարյանը, Սուրեն Մելքոնյանը, Նիկոլայ Խաչիկյանը եւ Աշոտ Խաչատրյանը: Խմբի 3 անդամները գտնվում են հետախուզման մեջ, նրանց մասով գործի վարույթը կասեցվել է: Տուժողները 12-ն են, վկաները՝ 19-ը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի, քրեական գործի մաս է կազմում 6 դրվագ, որոնցից մեկը ԱՄՆ-ում կատարված, շուրջ 150 հազար դոլար կազմող հափշտակությունների գործն է: Մեկ այլ դրվագ առնչվում է «Գրանի» ՍՊԸ տնօրեն Համլետ Հարությունյանի բնակարանի վրա ավազակային հարձակում կատարելու, «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառից 145 մլն դրամ հափշտակելու հետ: Ի դեպ, ոսկու տոնավաճառում բանդան հայտնվել էր՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ: «Խուզարկությամբ» հավաքել էին զարդերը եւ շուկայի տնօրենին տարել «ԱԱԾ վարչական շենք»՝ Երեւանի Մուշկավան թաղամասի անմարդաբնակ հատվածը, ուր ծեծի էին ենթարկել նրան ու հեռացել: