Լրահոս
Օրվա լրահոսը

Օրե՞նքն է թերանում, թե՞ ծնողը

Փետրվար 18,2010 00:00

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածը սահմանում է երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարման կարգն ու պայմանները:

Օրենսգիրքը սահմանում է, որ ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին, եւ երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն: Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)՝ Օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան: Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով: Այսինքն, երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջեւ համաձայնության բացակայության դեպքում՝ ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով: Անդրադառնալով 69-րդ հոդվածին, նշենք, որ օրենքը սահմանում է ամենամսյա վճարում կատարելու չափն ու պայմանները: Մասնավորապես, մեկ երեխայի համար ծնողների վաստակի եւ (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար՝ մեկ երրորդը, երեք եւ ավելի երեխաների համար՝ կեսը: Հոդվածի այս մասով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս՝ գործազրկության նպաստի 20 տոկոսից (նշենք, որ այս դեպքում նվազագույն աշխատավարձը օրենքով սահմանված է 1000 ՀՀ դրամ):
«Կանանց իրավունքների կենտրոն» հ/կ-ի կողմից ուշադրության արժանացած կանանց մեծ մասի մոտ խնդիրներ են առաջացել ալիմենտի չափի սահմանման եւ վճարման հարցում: Այսինքն, ամուսնալուծությունից հետո երեխաները մեծ մասամբ մնում են մայր ծնողի մոտ եւ կինը, անկախ այն բանից, աշխատում է, թե ոչ, կամ գործունակ է, թե ոչ, պետք է հոգա մեկ եւ ավելի երեխաների կարիքները: Իսկ ամուսնուց պահանջվում է ընդամենը երեխաների համար ապրուստի միջոց վճարել, որից էլ նա խուսափում կամ ամեն կերպ միջոցներ է ձեռնարկում իր եկամուտը թաքցնելու համար: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես երեխաների լույս աշխարհ գալը միայն մոր գործն է եւ տղամարդը դրանում ոչ մի առնչություն չունի:
Անդրադառնալով հոդվածին՝ նշենք, որ օրենսդիրը մեկ երեխայի համար սահմանելով ալիմենտի չափը ծնողների վաստակի եւ (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, չի նախատեսել այն հանգամանքը, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ ծնողը ոչ միայն խուսափում է ալիմենտի վճարումից, այլեւ դիտավորյալ աշխատունակության փաստաթուղթ է ներկայացնում դատարանին, որտեղ աշխատավարձի չափը ծիծաղելի գումար է ներկայացվում: Ստացվում է, եթե ծնողի ամսական աշխատավարձի չափը, օրինակ, 40 հազար դրամ է, ապա երեխան ստիպված է ամսական 10 հազար դրամով գոյատեւել եւ բավարարվել: Ավելի ծանր է այն ծնողի համար, որը ունենալով 3 եւ ավելի անչափահաս երեխաներ, ստիպված է բավարարվել ընդամենը 20 հազար դրամով: Իսկ կինն այս դեպքում անզոր է ինչ-որ բան փոխելու եւ ապացուցելու ամուսնու ոչ միայն կայուն աշխատավարձի առկայությունը, այլեւ այլ եկամուտը (բիզնես եւ այլն): Բոլորս էլ պետք է գիտակցենք, որ այս խնդիրը բոլորինս է եւ անհրաժեշտ է ոչ միայն դատարանի միջամտություն, այլ նաեւ հասարակության ուշադրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել