Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները՝ մեր օրերում
Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների անգործությունից տուժող քաղաքացիների թիվը օրեցօր աճում է: Այսօր մի շարք վարչական շրջաններում գործող խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն իրականում կրում են ձեւական բնույթ եւ չեն կատարում օրենսդրությամբ իրենց վրա դրված պարտականությունների գոնե նվազագույնը:
Խնամակալության մարմինների կողմից իրենց պարտականությունների չկատարման, վեճի առարկա դարձած երեխայի ճակատագրի նկատմամբ անտարբերության արդյունքում առաջնահերթ տուժողները, դժբախտաբար, երեխաներն են, որոնք հաճախ ամուսնալուծված ծնողների համար դառնում են միմյանց նկատմամբ ունեցած թշնամանքը դրսեւորելու միջոց:
6-ամյա Գոռ Մանուկյանի նկատմամբ միայն դատական կարգով հայրությունը ճանաչած Ա. Բաղդասարյանը երեխային խաբեությամբ վերցրել էր մոր խնամքից եւ ապօրինաբար պահել իր աշխատավայրում՝ մորն արգելելով նույնիսկ շփվել երեխայի հետ: Հարցը բազմիցս ներկայացվել է Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին, սակայն վերջինս անտարբեր եւ անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն նախքան գործի դատարանում քննությունը, այլեւ հենց դատաքննության ժամանակ:
Երեխայի խնամակալության վերաբերյալ յուրաքանչյուր գործով խնամակալության եւ հոգաբարձության մարմինը դատարան է ներկայացնում իր եզրակացությունը՝ կապված հարցի լուծման հետ, որը, բնականաբար, կազմվում է ծնողներից երկուսի առողջական, սոցիալական, բարոյական հատկանիշների, ինչպես նաեւ երեխայի եւ նրանցից յուրաքանչյուրի փոխհարաբերությունների մանրամասն ուսումնասիրության արդյունքում:
Գոռ Մանուկյանի խնամակալության հարցը դատարանում լսելիս, Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմինն այդպես էլ չկատարեց եզրակացություն ներկայացնելու իր պարտականությունը, չնայած այդ կապակցությամբ դատական նիստերի պարբերաբար հետաձգմանը: Ավելին, հենց նիստերից մեկի ժամանակ նախագահող դատավորի այն հարցին, թե ինչո՞ւ չի ներկայացվում եզրակացությունը, նրանց ներկայացուցիչը հայտարարեց, որ նշված մարմինը ներկայումս կրում է ձեւական բնույթ: Այդ «ձեւական» մարմինն այդպես էլ տվյալ գործով դատարանին եզրակացություն չներկայացրեց:
Արտաշատի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը եւս աչքի չի ընկնում իր հոգատարությամբ եւ պատասխանատվության զգացումով: Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 4-ամյա Ջուլիետա Հակոբյանի նկատմամբ տեսակցության ժամեր սահմանելիս հանձնաժողովը դատարան էր ներկայացրել իր եզրակացությունը, որով նպատակահարմար էր համարել թույլատրել երեխայի հորը տեսակցել շաբաթական մեկ օր՝ 6 ժամ տեւողությամբ: Եզրակացությունում առհասարակ բացակայում էր հիմնավորումն այն մասին, թե ինչ ուսումնասիրություն է կատարել հանձնաժողովը, ինչ եզրահանգումներ է կատարել եւ ինչպիսի հանգամանքներ են հաշվի առնվել ծնողներից մեկի իրավունքներն այդ կերպ սահմանափակելու համար:
Գործի քննության ընթացքում հանձնաժողովի ներկայացուցչին ուղղված հարցն այն մասին, թե ի՞նչն է հիմք ընդունվել տեսակցության նման կարգ սահմանելու հարցում, վերջինս մի պահ շփոթվեց, ապա պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, քանի որ եզրակացությունը կազմելուն չի մասնակցել եւ, հետեւաբար, նման հարցերին պատասխանել չի կարող: Իսկ մեզ՝ նշված մարմինների «եզրակացություններով» իրավունք հայցող քաղաքացիներիս, մնում է հուսալ, որ խնամակալության եւ հոգաբարձության մարմինները մի օր գուցե կդառնան երեխաների շահերի եռանդուն եւ անաչառ պաշտպանները: